Մոսկւան ողջունում է տարածաշրջանային համագործակցութեան շրջանակի ձեւաւորումը եւ Թեհրանի հետ համակարգման շարունակականութիւնը

«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ նոյեմբերի 17-ին, հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հետ՝ քննարկելով երկկողմ յարաբերութիւնների վերջին զարգացումները, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերը։
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ զրոյցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանային գործընկերների հետ իրականացւող նախաձեռնութիւններին ու դիւանագիտական խորհրդակցութիւններին, շեշտել է երկրների միջեւ համատեղ ձեւաչափում երկխօսութեան եւ համագործակցութեան շարունակման ու արագացման անհրաժեշտութիւնը։
Նա նաեւ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակում է իր համագործակցութիւնը Միջազգային ատոմային էներգիայի գործակալութեան հետ՝ մերժելով որոշ արեւմտեան երկրների առաջ մղած Snapback մեխանիզմի կիրառումը։ Արաղչին ընդգծել է, որ Գործակալութիւնը պէտք է պահպանի իր անաչառութիւնը եւ խուսափի այն քայլերից, որոնք կարող են յանգեցնել լարւածութեան մեծացման։
Ի պատասխան՝ Լաւրովը ողջունել է տարածաշրջանային խորհրդակցական եւ համագործակցային ձեւաչափի ձեւաւորումը եւ հաստատել Մոսկւայի պատրաստակամութիւնը՝ շարունակելու սերտ համակարգումը Թեհրանի հետ։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ջանքերը՝ վերահաստատելով պաղեստինեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ մերժելով որեւէ քայլ, որը կարող է անտեսել պաղեստինցիների հիմնարար իրաւունքները։
Զրուցակիցները, անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկայ նիստին, վերահաստատել են, որ Իրանի միջուկային ծրագիրը ունի բացառապէս խաղաղ բնոյթ, եւ պայմանաւորւել են շարունակել դիրքորոշումների համադրման եւ համատեղ համագործակցութեան քաղաքականութիւնը։
Հեռախօսազրոյցի վերջում նախարարները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցութեան ընթացիկ հարցերն ու հիւպատոսական խնդիրները։



