Թրամփի երթուղու երկարաժամկէտ վարձակալութիւն՝ ՆԱՏՕ-ի թուրանական կորիդորով Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինեանի միասնական քայլը

Դոկտ. Ահմադ Քազեմի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, աննախադէպ յայտարարութիւններում, նոր մանրամասներ է ներկայացրել «Զանգեզուրի կեղծ միջանցքի» իրագործման շուրջ: Այն 2025 թ. օգոստոսի 8-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Սպիտակ Տանը վերանւանւել է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղութեան եւ բարեկեցութեան համար» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP)։
Փաշինեանի խօսքով՝ այժմ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ճանապարհը» 49 կամ 99 տարով վարձակալելու վերաբերեալ երկու սցենարներ են քննարկւում ։ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ շուտով կը հրապարակւեն նաեւ նախագծի մասնակիցների անունները, իսկ ստեղծւելիք կոնսորցիումի կառավարիչների կազմում ներկայութիւն կունենան երկու պետութիւնները՝ ներդրւելիք կապիտալի յարաբերակցութեամբ։
Հայաստանի վարչապետն ընդգծելով, որ «Թրամփի ճանապարհ» նախագիծը նախատեսում է մի քանի փուլ, յիշեցրել է, որ Կոպենհագենում Ալիեւի հետ հասել է փոխըմբռնման՝ էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման շուրջ։ Փաշինեանի գնահատմամբ՝ «Թրամփի ճանապարհը» ամենաարագ ուղին է նման ենթակառուցւածքների իրականացման համար, եւ սահմանազատման առաջնահերթ տարածքները կը լինեն այնտեղ, որտեղով պէտք է անցնեն նախագծի ենթակառուցւածքները։
Վարչապետ Փաշինեանի յայտարարութիւնները կարելի է մեկնաբանել հետեւեալ վեց կէտերով.
Առաջին- Փաշինեանի յատարարութիւնը հաստատում է այն ենթադրութիւննրը, որոնք դեռ այս գարնանն էին շրջանառւում՝ Երեւանի, Բաքւի եւ Անկարայի միջեւ դռնփակ պայմանաւորւածութիւնների առկայութեան մասին՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի նախագծի շրջանակում։ Այդ վարկածների համաձայն՝ Ալիեւը, Էրդողանը եւ Փաշինեանը, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ անվտանգութեան ռազմավարական կենտրոնների ներգործութեամբ, ձեւաւորել են ոչ հրապարակային ձեւաչափ՝ միտւած Ռուսաստանին Կովկասում չէզոքացնելու կամ դուրս մղելու նպատակով։
Նոյն աղբիւրների գնահատմամբ՝ երեք կողմերին յանձնարարւած է եղել՝ առժամանակ խուսափել «միջանցք» եզրից եւ նախագծի համար կիրառել նոր անւանում։ Նպատակը՝ Իրանի զգայունութիւնը մեղմելն է սահմանային ու աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հանդէպ, իսկ Բաքու–Անկարա լոբբիստական ցանցերի միջոցով՝ Հայաստանի եւ Իրանի հանրային ընկալումներում սպառնալիքի իրական չափերը նւազեցելն էր։
Ըստ այդ մեկնաբանութիւնների՝ այս գործընթացի վերջնական նպատակը՝ 12-օրեայ պատերազմի յաջորդ փուլում Դոնալդ Թրամփի ուղղակի ներգրաւմամբ Թեհրանի դիմադրութիւնը ճեղքելն էր, առաջ մղելու համար նշւած աշխարհաքաղաքական ծրագիրը։
Երկրորդ- Հայաստանում Սահմանադրութեան փոփոխութիւններ իրականացնելը, Արցախի հայերի պատմական եւ իրաւական վերադարձի իրաւունքից հրաժարումը, աւելի քան երեք հարիւր հազար հայերի՝ Բաքու եւ Ադրբեջանի Հ. այլ քաղաքներ վերադառնալու իրաւունքի անտեսումը, Արցախի բանտարկւած առաջնորդների ճակատագրով չզբաղւելը, պետական խորհրդանշանների վիճայարոյց փոփոխումը, Հայաստանի որոշ ազգային կուսակցութիւնների լուծարումը եւ նրանց նկատմամբ դատական հետապնդումները, բանակի նոսրացումը եւ նրա ազգային մօտեցումներով ղեկավարներից մաքրազտումը, միասնական Հայաստանի պաշտպան համարւող եկեղեցու խաթարումը, Մինսկի խմբի առարկայազրկումը, էթնիկ զտումների եւ ռազմական յանցագործութիւնների վերաբերեալ իրաւական հայցերի հետ կանչումը, ինչպէս նաեւ Ռուսաստանի ամբողջական դուրս մղումը Կովկասից՝ ներառեալ Հայաստանում գտնւող երկու ռուսական ռազմաբազաների փակումը, եւ վերջապէս՝ «Աբրահամի նախաձեռնութեանը» միանալու միտումը, ներկայացւում են որպէս այն օրակարգի բաղադրիչներ, որոնք Ալիեւն ու Փաշինեանը՝ անգլօսաքսոնական կարգի իրականացնողներ համարւելով, ԱՄՆ-ի միջնորդութեամբ եւ Մեծ Բրիտանիայի համակարգմամբ վերջին երկու տարիներին քննարկել եւ համաձայնեցրել են։
Տւեալ օրակարգի մի մասն արդէն իրականացւել է, իսկ մնացածի իրականացումը՝ մի շարք ակնյայտ նկատառումներով, տեղափոխւել է Հայաստանի վճռորոշ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ՝ սպասւող շրջափուլ։ Խօսակցոթիւններ կան առ այն, որ անգլօսաքսոնական առանցքն, ըստ աղբիւրների, երաշխաւորել է Ալիեւի եւ Փաշինեանի ընտանիքների իշխանութեան շարունակականութիւնը մօտակայ երկու տասնամեակների համար։
Երրորդ- Փաշինեանը՝ հաստատելով «Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով վարձակալելու վերաբերեալ շրջանառւող գնահատականները եւ ներկայացնելով այս նախագծով նախատեսւած էլեկտրահաղորդման, գազամատակարարման, նաւթամուղների, օպտիկաթելային կապի, ինչպէս նաեւ երկաթուղային ու աւտոմոբիլային հաղորդուղիների ներուժը ցոյց տւեց, որ երկարաժամկէտ ծրագիր է մշակւել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների ներկայութիւնն ապահովելու համար Հարաւային Կովկասում՝ Բաքու, Երեւան եւ Անկարա եռակողմ համաձայնեցմամբ։
Այն հանգամանքը, ինչին Հայաստանի վարչապետն առայժմ չի անդրադարձել, այսպէս կոչւած ուղու իսկական լայնքն է։ Նրա հրապարակումը կարող է վերջակէտ դնել այն շահարկումներին, որոնց հեղինակները պնդում են, թէ այս տարածաշրջանում «կորիդորի» վտանգն այլեւս վերացել է։
Յատկապէս պէտք է ընդգծել, որ 2025 թ. օգոստոսին Սպիտակ տանը հրապարակւած եռակողմ յայտարարութեան 3-րդ կէտում շեշտադրւել է «անխոչընդոտ կապը» ձեւակերպումը: Իրաւաքաղաքական ընկալման տեսանկիւնից այս ձեւակերպումը Բաքւին տալիս է լայն հնարաւորութիւն՝ առարկել ցանկացած անվտանգային վերահսկողութեան կամ մաքսային վերահսկման նկատմամբ։ Այդպիսով այն իրականում ենթադրում է կորիդորային մոդելի ընկալում այս ուղու համար։
Չորրորդ- Երբ խօսքը վերաբերում է վարձակալութեանը ներպետական իրաւունքում, դա նշանակում է վարձակալի կողմից որոշակի սեփականութեան իրաւունքից օգտւելու հնարաւորութիւն որոշակի ժամանակահատւածում՝ համաձայն վարձակալութեան պայմանագրով պահանջւողի: Սա նշանակում է ,որ վարձակալութեան պայմանագիրը ժամանակաւոր սեփականութեան պայմանագիր է: Ի տարբերութիւն ներպետական իրաւունքի, որտեղ վարձակալութեան պայմանագրում որոշակի ժամանակահատւածով «սեփականութեան օգտագործումը» ակնառու է, եւ, համապատասխանաբար, վարձակալութիւնը կոչւում է սեփականութեան պայմանագիր. սակայն միջազգային իրաւունքում, երբ խօսքը վերաբերում է «միջազգային վարձակալութեանը», «ինքնիշխանութեան իրականացման» տարրը իրականում ակնառու է: Նման դէպքերում ինքնիշխանութիւնը փոխանցւում է միջազգային ընկերութեանը կամ վարձակալող կառավարութեանը վարձակալութեան ժամկէտով:
Ըստ Հայաստանի վարչապետի՝ Թրամփի երթուղու վարձակալութիւնը կը տրւի հայ-ամերիկեան համատեղ կոնսորցիումին՝ ներդրումների չափին համամասնօրէն. ակնյայտ է, որ Միացեալ Նահանգները կունենայ առաւելութիւն այս նախագծում ներդրումների չափի հարցում, եւ, որպէս արդիւնք, այս երթուղու նկատմամբ ինքնիշխանութեան եւ կամքի իրականացումը կը իրականացւի Միացեալ Նահանգների կողմից:
Երեւանի պնդումը, որ համաձայնագիրը շեշտում է Հայաստանի տարածքային իրաւասութիւնը, ինքնիշխանութիւնը եւ անկախութիւնը, գործնականում ոչ մի ազդեցութիւն չի ունենայ:
Սա հասկանալու համար բաւական է նշել, որ ԱՄՆ ծախսատար ներկայութիւնը Կուբայի Գուանտանամօ ծոցում (1903 թւականից՝ 1999 թւականը), Ատլանտեան եւ Խաղաղ օվկիանոսների միջեւ գտնւող Պանամայի ջրանցքում, եւ շատ երկրներում ռազմական բազաների ստեղծումը, նոյն այս վարձակալութեան եւ ներդրումային համաձայնագրերի արդիւնքն էր։
Հինգերորդ- «Թրամփի երթուղու» 49 կամ 99 տարով վարձակալութեան դէպքում Իրանը կը դառնայ ԱՄՆ-ի անմիջական հարեւանը, ինչն իր եւ Հայաստանի սահմանին նոր լուրջ անվտանգային ու աշխարհաքաղաքական մարտահրաւէրներ կը ստեղծի։ Այս իրավիճակում «կորիդորային» մօտեցումը անխուսափելիօրէն կը փոխի տարածաշրջանի կառուցւածքը, եւ հէնց դրա համար էլ Ալիեւը եւ իր քարոզչամեքենան շարունակում են կիրառել «Զանգեզուրի միջանցք» կեղծ տերմինը՝ զուգահեռաբար խաթարելով Սիւնիքի ժողովրդագրական ու քաղաքական դիմագիծը։ Փաշինեանի կառավարութիւնը նոյնիսկ չի շեշտում Ադրբեջանի Հանրապետութիւնից տեղահանւած 300 հազար հայերի վերադարձի հարցը։ Փաշինեանը նաեւ չի բացայայտել, որ նախագծի հիմնական ներդրողը հէնց Բաքուն է՝ 2025 թ. Սպիտակ Տան էներգետիկ համաձայնագրի հիման վրայ, որում երրորդ կողմի ներգրաւումը ենթադրելի տարբերակ է։
Վեցերորդ- Միջազգային անկայունութեան պայմաններում, Բաքուն, Երեւանը եւ Անկարան քայլ առ քայլ առաջ են տանում ՆԱՏՕ-ի թուրանական կորիդորի անգլօսաքսոնական նախագիծը՝ թիրախաւորելով Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի էներգետիկ, տրանզիտային ու ռազմաքաղաքական դիրքը։ Նախագիծը նաեւ միտւած է ուժեղացնելու Իսրայէլի ներկայութիւնը տարածաշրջանում՝ «Դաւիթի» եւ «Զանգեզուրի» նկատմամբ։ Սակայն անտեսւած է այն հանգամանքը, որ Մոսկւայի, Թեհրանի, Պեկինի, Դեհլիի եւ այլ երկրների շահերն են վնասւում եւ կարող են անկանխատեսելի հակազդեցութիւն ցոյց տալ։ Իրանի կարմիր գծերը Կովկասում չեն փոխւել, եւ այսօր աւելի լայն համընկնում ունեն այլ դերակատարների հետ։



