Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աբրահամ Գասպարեան. ««Արաբական գարնան» սցենարները գրւել են Հայաստանում, անգամ գիտեմ՝ Ծաղկաձորի որ հիւրանոցում»

«ԱԼԻՔ» 168TV «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնհիմնադրամի տնօրէն, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Սրանց ցայտնոտը ճնշման արդիւնք է, ինչը կարող է լինել ե՛ւ ներսից, ե՛ւ ռեգիոնից, ե՛ւ գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոններից։

– Ուկրաինա, Հարաւային Կովկաս, Միջին Ասիա. սրանք այն երեք կէտերն են, որոնցով Արեւմուտքը նպատակադրւած է թուլացնել Ռուսաստանին։ Այս ծրագրի մաս է TRIPP նախագիծը, որից ուզում են Ռուսաստանին դուրս թողնել։

– Ադրբեջանը գնում է դէպի Միջին Ասիա, Թուրքիան գնում է հակառակ ուղղութեամբ, իսկ մենք մնում ենք ձեռնունայն։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նշանակում է, որ այստեղ ընթանում է պրոցեսի արագացում։

Յիշեցնենք. աւելի վաղ ադրբեջանական լրատւամիջոցները հաղորդել էին, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած Կենտրոնական Ասիայի պետութիւնների ղեկավարների 7-րդ խորհրդատւական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ստացել է Կենտրոնական Ասիայի խորհրդատւական հանդիպումների լիիրաւ անդամի կարգավիճակ։ Իսկ նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրում՝ Սպիտակ տանը, «C5+1» ձեւաչափով տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ կենտրոնասիական պետութիւնների՝ Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Դոնալդ Թրամփն «ամերիկեան այլընտրանք» է առաջարկել աւանդաբար դէպի Ռուսաստան, իսկ վերջին տասնամեակներին՝ նաեւ դէպի Չինաստան կողմնորոշւող կենտրոնասիական երկրների ղեկավարներին՝ հազւագիւտ մետաղների եւ հանքանիւթերի հանքավայրերի շահագործման մասին խոշոր գործարքների եւ առեւտրային համաձայնագրերի տեսքով։

– TRIPP նախագիծը լայն հասկացութիւն է․ այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ն ընդամէնը դրա՝ Հայաստանով անցնող հատւածն է։ Նիկոլ Փաշինեանը յստակ ճնշումների տակ է, եւ դա է պատճառը, որ նա չի կարողանում ոչ մի շօշափելի արդիւնք ձեռք բերել։

– Ես շատ լաւ յիշում եմ այն ձայնագրութիւնը, որ Սերժ Սարգսեանի կողմից հրապարակւեց 2021 թ. արտահերթ ընտրութիւններից առաջ, եւ մեր փորձագէտները խնդիր ունէին ցոյց տալ, թէ ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը, որ իրեն դրսում չպէտք է գժի տեղ դնի, բայց իր քարոզիչները դա փաթեթաւորեցին այնպէս, թէ՝ տեսէ՛ք, ինչ խոհեմ ղեկավար է։ Խոհեմութիւնը, փաստօրէն, Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն օգոստոսի 8-ով փոխարինելն էր։

– Վաղարշապատի ընտրութիւնները ցոյց տւեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը վերագրւող ձայներն անձնական, անձի ազգանւանը վերագրւող ձայներ են, իսկ իրականում մի փոքր լաւ աշխատանքի դէպքում հնարաւոր էր յաղթել նրան։ Ընդդիմութեան թեկնածուն ընդամէնը 700 ձայնով էր զիջում:

Եւրոպան տնտեսական խորը ճգնաժամի մէջ է։ Գերմանական ընկերութիւնների փախուստը, գերմանական ընկերութիւնների մասնաբաժինը ՀՆԱ-ում, Ֆրանսիայում ուկրաինական ծախսերի բեռը, նոյնը՝ Գերմանիայում, դրա վառ ապացոյցն են։ Այս բեռը թօթափելու, վերականգնւելու համար Եւրոպային առնւազն 7-10 տարի ժամանակ է պէտք։ Յիշենք նաեւ, որ Ռուսաստանի ջանքերով Աֆրիկայից դուրս մղւեց ֆրանսիական տնտեսական ներուժը։ Եւրոպան միլիտարիզացնում է իր տնտեսութիւնը եւ մեզ տանում 70-80 տարի յետ։ Սա ասում եմ, որպէսզի հասկանալի դառնայ՝ Եւրոպան որեւէ հետաքրքրութիւն չունի ընդլայնւելու համար, որ Հայաստանին տանի, ու աւելացնեն իրենց բեռը։ ԵՄ անդամութեան թեման խայծ է՝ ժողովրդին թմրեցնելու եւ Ռուսաստանից Հայաստանը հեռացնելու համար։ Եւրոպան խորը արհամարհում է ԵՄ ընդլայնման ցանկացած հնարաւորութիւն։

– Այսպէս կոչւած՝ «Արաբական գարնան» սցենարները գրւել են Հայաստանում, անգամ գիտեմ՝ Ծաղկաձորի որ հիւրանոցում։ 190-220 տեխնոլոգիաների մասին է խօսքը, որոնցից 30-40-ը 2018 թւականի յեղափոխութեան օրերին կիրառւեցին Հայաստանում։

– Ինքը դեռեւս երկարաձգում է իր իշխանութիւնը, պասիւացնում է մարդկանց, որ հակագործողութիւններ չանեն։ Ամենավերջում կրկին կը գործադրի «նախկին-ներկայ» սցենարը։

– Մարդիկ չգիտեն՝ ինչ բան է Եւրոպան։ Մարդկանց մեծ մասը Եւրոպա ասելիս՝ սեռաշեղւած պատկերացումներ ունի։

– Փաշինեանը քարտ-բլանշ ունի՝ ռեպրեսիաներ անելու։ Առաւելագոյն խիստ գնահատականը դրսից կը լինի դատապարտումը կամ կոչ անելը, բայցեւ կասեն սրան՝ կիրականացնես այն, ինչ քեզ ասում են։

– Նիկոլն ընդամէնը դերակատար է, մենք իրեն ենք տեսնում, բայց մեր վզին համակարգ է փաթաթւած, մենք դրանից պէտք է ազատւենք։

– Միացեալ Նահանգները ցանկացած ժամանակ կը կարողանայ բացել եւ փակել ցանկացած սահման։ Հայաստանը չունի որեւէ դիմադրողականութիւն։ Մենք ունենք կամազուրկ իշխանութիւն. դրա համար Հայաստանն իր անվտանգութիւնն արտապատւիրակել է ԱՄՆ-ին, որը ցանկացած ժամանակ կարող է ճնշել Թուրքիային՝ բացել կամ փակել հայ-թուրքական սահմանը։

– Հայ-թուրքական սահմանը կարող էին բացել դեռեւս 15 տարի առաջ. Թուրքիան է փակել, ինքն էլ թող բացի:

– Պետութեան ղեկավարը չպէտք է ստախօս լինի։ Մենք գործ ունենք դասական ստախօսի, ոչ ադեկւատ ղեկավարի, քաղաքական փահլեւանի հետ։ Մենք 15 տարուց աւելի գիտենք, որ նա ստախօս է, բայց հիմա պետութիւն է ղեկավարում, եւ դրսում մեզ են դատելու, պատիժը մերն է լինելու։

– 2020 թ. 44-օրեայ պատերազմի ժամանակ ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպման ժամանակ մասնակիցներից մէկը կոնկրետ հարց է տւել՝ այս պատերազմն ինչի՞ մասին է՝ յաղթանակի՞, թէ՞ պարտութեան։ Որովհետեւ նրա բոլոր քայլերը ցոյց էին տալիս, որ տանում է պարտութեան: Նիկոլն այս հարցից ընկել է հիստերիայի մէջ։ Ես իմ աչքով եմ տեսել, թէ ինչպէս ամէն ինչ արւեց, որ մենք գնանք պարտւելու։

Յիշեցնենք, օրեր առաջ Փաշինեանը խորհրդարանական ընդդիմութեանն անւանեց ազդեցութեան գործակալներ, նշեց, որ նրանք չպէտք է լինեն յաջորդ խորհրդարանում։ Ասաց, որ 2018-ի դրութեամբ Հայաստանը գտնւում էր այդ նոյն պետութեան գրպանում, որի ազդեցութեան գործակալներն են իր թւարկած անձինք, բայց անւանական չնշեց, թէ որ երկիրը նկատի ունի։

– Ինքը թիրախում պահել է 2 գլխաւոր կառոյց՝ Եկեղեցի եւ ազգային ուժեր։ Հիմա ալեգորիկ է խօսում, չի կարող ուղիղ ասել՝ Ռուսաստանի գործակալներ են։ Երբ պլանն ամբողջացւի, ու ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերելու հարցը որոշւի, իրեն էլ անձնական անվտանգութեան երաշխիքներ տան, կասեն՝ հիմա այ սա՛ պէտք է ասես, ու կասի։ Օրը կը գայ, ինքն այդ բառը կարտաբերի։ Ինքը եկեղեցուն հէնց այնպէս չի խփում, ուզում է հիմքերը տանել դէպի ԽՍՀՄ, Ռուսաստան ու վարկաբեկել։

– Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրութեան առաջ է կանգնած. եթէ Փաշինեանն ընտրի ռուսական ուղին, բնականաբար, իրեն իշխանութեան բերողները վերացնելու են հետքերը։ Բայց սա ընդգծւած արեւմտեան դիրքորոշում որդեգրեց, եւ – Ռուսաստանը սա անհետեւանք չի թողնելու։ Սա ընդունակ է անգամ TRIPP ծրագիրն արտապատւիրակել Ռուսաստանին, միայն թէ մնայ իշխանութեան։

– Թուրքիան հէնց այնպէս ոչինչ չի ասում. նա Ադրբեջանին հասկացրեց՝ թանկ եմ ծախում Ղարաբաղում իմ աջակցութիւնը։ Թուրք գործարարների շրջանում լուրջ դժգոհութիւն կայ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական էլիտաներից։

– Թուրքերի հետ լեզու գտնել՝ չի նշանակում թուրքերի տակ պառկել ու կատարել այն ամէնը, ինչ որոշում են Անկարայում։ Միւս կողմից՝ պէտք է գտնել հակազդեցութեան մեխանիզմներ, որովհետեւ Թուրքիան էլ լաւ վիճակում չի գտնւում։ Տնտեսական վիճակը վատ է, կայ քրդական հարց, Սիրիա, Մերձաւոր Արեւելքի նոր քարտեզագրման օրակարգ։ Եթէ դու այս ամէնը հաշւի չես առնում, նշանակում է՝ դու սնանկ պետութիւն ես։ Եթէ դու սա հաշւի չես առնում, ակամայ դառնում ես պանթուրանական ազդեցութեան գործակալ։

– Այն քաղաքականութիւնը, որն Էրդողանն ընդդիմութեան հանդէպ վարում է Թուրքիայի ներսում, նոյնութեամբ կրկնում է Նիկոլ Փաշինեանը։ Մի միլիմետր շեղում չկայ։

– Սրա ձեռքը ով մի անգամ սեղմել է, կապ չունի՝ մարզի՞կ է, թէ՞ կլասիկ քաղաքական գործիչ, վե՛րջ, կործանւել է։

– Սրանց հետ երկու բանի չի կարելի գնալ՝ ընտրութիւն եւ պատերազմ, որովհետեւ երկու դէպքում էլ պարտւելու ենք։ Միւս կողմից՝ ընտրութեան չես գնում, բա ի՞նչ ես անում։ Սրանք պէտք է իշխանազրկւեն, եւ եթէ պէտք է, նաեւ փողոցային պայքարով։ Սա ամէն ինչ անելու է, ռեպրեսիաների մեծ ալիք է լինելու, բոլորին բռնելու է, վարչական լծակներն իր ձեռքում են, ընտրութիւններում մեծ թիւ է նկարելու, եւ ընդդիմութիւնը լեգիտիմացնելու է իր մասնակցութեամբ։ Եթէ սա վերընտրւեց 2026 թ.-ին, Հայաստան պետութիւն չի լինելու, եւ նւազագոյնը 300-400000 մարդ արտագաղթելու է։

– ՀԷՑ-ը ազգայնացրեցիր, ի՞նչ ես անելու։ Կառավարել չես կարող, էդքան հմտութիւն չունես։ Թուրքերին ինքը չի տալու, էդքան միամիտ չէ, կը վախենայ հակազդեցութիւնից։ Կը գտնի երրորդ երկրի կազմակերպութիւն։ Սրանց համար փողը դարձել է կեանքի նպատակ։

– Թուրքական կապիտալը մուտք է գործել նաեւ Հայաստանի կառուցապատումների մէջ: Ես երկու արաբական կազմակերպութիւն գիտեմ այստեղ աշխատող, որոնց փայատէրերը Թուրքիայից են՝ Անկարայից ու Դիարբեքիրից։ Հիմա ես ի՞նչ մտածեմ։

Related Articles

Back to top button