Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Ազատութի՛ւն բոլոր քաղբանտարկեալներին». ակցիա Գլխաւոր դատախազութեան առջեւ

Նոյեմբերի 20-ին, Գլխաւոր դատախազութեան առջեւ տեղի ունեցաւ բողոքի ակցիա՝ ի պաշտպանութիւն բոլոր քաղբանտարկեալների:

Ակցիան ընթանում էր՝ «Ազատութիւն քաղբանտարկեալներին», «Դէմ ենք բռնապետութեանը», «ՀՀ իշխանութիւնը ժողովրդավարութեանն ու ազատ խօսքի թշնամիներն» պաստառներով եւ կարգախօսներով:

Բողոքի ակցիային ընդառաջ մեծ թւով ոստիկաններ էին բերւել դատախազութեան մօտ:

«Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին յանձնած դատախազների, քննիչների, դտաւորների վրայ յոյս չենք դնում, որովհետեւ իրենք ապացուցել են, որ դատաիրաւական համակարգը Նիկոլ Փաշինեանի ձեռքում դարձել է բութ գործիք՝ երկրում մէկ անձի իշխանութիւն հաստատելու, երկրում բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար». ակցիայից առաջ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Իշխան Սաղաթէլեանի խօսքով՝ իրենք այն կարծիքին են, որ եթէ Նիկոլ Փաշինեանը կարողանայ ամէն անգամ մարսել հերթական ձերբակալութիւնը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու եւ շարունակելու է. «Հետեւաբար, այս իշխանութիւնների բռնութիւններին պէտք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան 5 տասնեակից աւելի քաղբանտարկեալներ, ովքեր այսօր գտնւում են անազատութեան մէջ բացառապէս նրա համար, որ ունեն սեփական տեսակէտ, պայքարում են հայկական ինքնութեան համար եւ հաշտ չեն այսօրւայ իշխանութեան վարած այս հակահայ քաղաքականութեան հետ»։

Ըստ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանի՝ «Իրաւական ամբողջ համակարգը ուշադրութեան տակ է, եւ շատ քիչ դատաւորներ կան, որոնք պատրաստ են անկախ որոշումներ կայացնել: Դա չի նշանակում, որ չպէտք է պայքարենք եւ այս ակցիան էլ դրա առյաւատչեան է, որ մեր հասարակութեան տարբեր շերտերից պէտք է միաւորւեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում «ծառերի յետեւից» խօսում էին անարդարութեան մասին։ Սա լաւագոյն շանսն է։ Պէտք է ժողովրդական ճնշում լինի, եւ այս իշխանութիւնը հասկանայ, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան»:

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանն իր ելոյթում ասաց` դատախազութեան դիմաց ենք, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրէնքը՝ Սահմանադրութիւնը։

«ՀՀ Սահմանադրութեամբ գլխաւոր դատախազութիւնն այն միակ ու բարձրագոյն մարմինն է, որը պետութեան անունից քրէական հետապնդման բացառիկ լիազօրութեամբ է օժտւած, որը պարտաւոր է հետեւել իրականացւող պատժի եւ հարկադրանքի միջոցների օրինականութեանը»,- ասաց նա։

Դիմելով դատախազներին` Արծւիկ Մինասեանը յորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականութիւնը եւ ՀՀ Սահմանադրութիւնն անշեղօրէն կատարելու երդումը։

Նա տեղակացրեց, որ շրջանառութեան մէջ են դրել «ՀՀ-ում քաղբանտարկեալների եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան մասին» ԱԺ յայտարարութեան նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26-ին լինելու են լսումներ։ Լսումներին հրաւիրել են նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների, որպէսզի նրանց տեղեկացնեն, թէ ինչ է կատարւում ՀՀ-ում։ Նամակ-հրաւէրը փոխանցւեց նաեւ գլխաւոր դատախազութիւն։

Բողոքի ակցիայից յետոյ երթը շարժւեց դէպի Շէնգաւիթի ընդհանուր իրաւասութեան դատարան, որտեղ տեղի էր ունենում Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների դատավարութիւնը։

Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում էին՝ ազատութիւն քաղբանտարկեալներին:

Ընդհանուր իրաւասութեան դատարանի առջեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը յայտարարեց. «Այս տարիների պայքարում մեր քաղաքական բանտարկեալները եկան ողջ աշխարհին ցոյց տալու, որ հայ հասարակութիւնը չի համակերպւել ուրացման, զիջման, դաւաճանութեան, պարտութեան, այն քաղաքականութեան հետ, որ վարում է այս իշխանութիւնը։ Նրանք եկան, որպէսզի մեր բոլորի՝ մեր ժողովրդի, այս սերնդի ճակատից փորձեն մաքրել այն խարանը, որ տարիներ յետոյ դնելու էին ապագայ սերունդները, թէ մենք համակերպւեցինք այս ամէնին»:

«Թէեւ ակցիայի մասնակիցները կրկնում են «Ազատութիւն քաղբանտարկեալներին», բայց դա չի նշանակում լոկ բանտից դուրս գալու ազատութիւն, այլ արդարութիւն, իրաւունքների վերականգնում, քաղաքական հետապնդումերի վերացում»,- ասաց նա։

«Մեր հայրենակիցները եկել են այստեղ, որ այս իրաւապահների դէմքով բոլոր իրաւապահներին, դատախազներին, ԱԱԾ քննչական մարմինների ներկայացուցիչներին զգուշացնեն եւս մէկ անգամ, որ այն անօրինականութիւնները որ կատարւել են այսօր, երէկ, չի ներւելու ոչ մէկին։ Դիմում գրելով, ծառայութիւնից դուրս գալով, յաջորդ օրը չքմեղանալով, որեւէ մէկը չի արդարացւելու։ Դրա համար պահանջը մէկն է՝ դադարեցնել անօրինականութիւնների կատարումը»,- ասաց Գեղամ Մանուկեանը։

Ընդհանուր իրաւասութեան դատարանի առջեւ ելոյթ ունեցան նաեւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, «Մեր ձեւով» շարժման անդամ Արթուր Միքայէլեանը, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:

Arfd.am

Related Articles

Back to top button