
Իրանի անվտանգութեան նախարար Սեյէդ Էսմայիլ Խաթիբը, Քոհգիլոյէ եւ Բոյէր-Ահմադ նահանգ կատարած այցի ընթացքում ընդգծել է, որ 12-օրեայ պատերազմը միջազգային հարթակի վրայ նորից ի ցոյց դրեց Իրանի հզօրութիւնը, միասնութիւնը եւ պաշտպանւածութիւնը: Նախարարի խօսքով՝ Թեհրանի հակազդեցութեան հետեւանքով Իսրայէլը ծանր հարւածներ կրեց, որոնք աւելի խորացրեցին ռեժիմի միջազգային վարկի անկումը։
Խաթիբ նշել է նաեւ, որ հակառակ բազմատեսակ ճնշումների, երկիրն այսօր անվտանգ է՝ շնորհիւ ժողովրդի աջակցութեան եւ անվտանգային մարմինների հսկողութեան։ Նա նշել է նաեւ, որ թշնամին փորձում է հիբրիդային պատերազմի եւ պատժամիջոցների բոլոր միջոցների միջոցով հասարակութեան մէջ անվստահութիւն եւ բաժանում ստեղծել, սակայն ժողովրդի միասնական կեցւածքը թոյլ չտւեց նման դաւադրութիւն իրականացնել։
Նախարարը շեշտել է, որ 12-օրեայ պատերազմի ընթացքին կիբերյաձակումների եւ ահաբեկչական խմբաւորումների ներթափանցման փորձ տեղի ունեցաւ, որոնք բոլորն էլ ձախողւեցին՝ Իրանի պաշտպանական եւ անվտանգային կառոյցների հաշւարկւած գործողութիւնների արդիւնքում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Խաթիբը նշել է, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Մերձաւոր Արեւելքից զօրքերը դուրս բերելու մասին յայտարարութիւններին հակառակ՝ այժմ տարածաշրջանում ունեցած բարձր ռազմական ներկայութեամբ փորձում են երկրների դէմ կիրառել ճնշման ռազմավարութիւն:
Նա գնահատել է նաեւ ժողովրդի միասնական կեցւածքը որպէս 12-օրեայ պատերազմին հայրենասիրական ու համազգային դրսեւորում, ընդգծելով, որ պետութեան առաջին պարտականութիւնը այս պայմաններում միասնականութեան պահպանումն է եւ ներքին պառակտման դէմ գործունեայ նախաձեռնողականութիւնը:
Խաթիբը եզրափակելով խօսքն ընդգծել է, որ Իրանի առաջնորդող քաղաքականութիւնը կը մնայ «Դիմադրութեան առանցքը», եւ որ Իրանի ազգային շահերին անհրաժեշտ այս ուղղութեանն ուղղւած որեւէ յարձակում, գիտակցօրէն կամ անգիտակցօրէն, ծառայութիւն մատուցած կը լինի Իրանի արտաքին թշնամիներին:



