Գերմանիան Թուրքիային Եւրամիութեանը միանալու նոր հնարաւորութիւն է խոստացել

«ԱԼԻՔ» – Գերմանիայի արտգործնախարար Եօհան Վադեֆուլը Թուրքիային Եւրամիութեանը միանալու նոր հնարաւորութիւն է առաջարկել: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Handelsblatt-ը:
«Եկել է նոր գլուխ բացելու ժամանակը»,- Բեռլինում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում յայտարարել է Վադեֆուլը։
Ըստ Վադեֆուլի՝ Թուրքիան «առանցքային գործընկեր» է դարձել բազմաթիւ ոլորտներում։ Նա յիշեցրել է նաեւ Թուրքիայի դերը Ուկրաինայի եւ Գազայի հատւածի հակամարտութիւններում։
Ֆիդանը, իր հերթին, մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Եւրամիութիւնը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը, եւ «Անկարան կը ձգտի կատարել բոլոր անհրաժեշտ պահանջները»։
Նա յաւելել է, որ անդամ պետութիւններին ընդունելու ԵՄ չափանիշները խնդիր չեն։
«Խաղի կանոնները անհրաժեշտ է յարգել»,- յայտարարել է Ֆիդանը։
Միաժամանակ նա նշել է, որ բանակցութիւնները ներկայում փակուղու մէջ են, եւ անհրաժեշտ է կրկին քննարկել այդ հարցերը, ինչպէս նաեւ կարգաւորել Եւրամիութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները։



