Քաղաքական

Դոկտ. Քազեմի. «Միջազգային իրաւունքի հզօրացումը կը նպաստի ազգային ատելութեան եւ փոքրամասնութիւնների գործիքային օգտագործման դէմ պայքարին»

Ժնեւում գումարւած ՄԱԿ-ի Փոքրամասնութիւնների հարցերով 18-րդ նստաշրջանի շրջանակներում, Իրանի «Փոքրամասնութիւնների իրաւունքի հետազօտական կենտրոն»-ի նախագահ դոկտ. Ահմադ Քազեմին իր զրոյցի ընթացքին Մարդու Իրաւունքների Խորհրդի զեկուցող Նիկոլաս Լուռայի հետ ընդգծեց, որ խաղաղ համակեցութիւնը հնարաւոր է միայն յարգանքի, հաւասարութեան եւ գործուն մասնակցութեան հիման վրայ՝ ինչպէս դա արտացոլւած է ՄԱԿ-ի 1992 թւականի յայտարարութեան մէջ։

Նա նշել է, որ այսօր աշխարհը բազմազանութեան իրականութեամբ է ապրում, եւ այն երկրները, որոնք ձգտում են արհեստական համերաշխութիւն պարտադրել, պատմութեան մէջ յանգեցրել են ողբերգութիւնների՝ ներառեալ մշակութային եւ ֆիզիկական բնաջնջումների փաստը։ Դոկտ. Քազեմին ընդգծել է, որ Իրանը հազարամեակներով օրինակ է հանդիսացել խաղաղ գոյակցութեան, բայց ներկայումս որոշ երկրների եւ խմբաւորումների համակարգւած գործողութիւնները ուղղւած են այդ պատմական համերաշխութիւնը քանդելուն։

Դոկտ. Քազեմին յաւելել է. «Հակաիրանական խմբերն իրենց գործունէութիւնը կառուցում են ազգային եւ կրօնական ատելութեան վրայ՝ գործելով տասնեակ բաժանողական ցանցերի միջոցով Եւրոպայում, Ամերիկայում եւ այլ երկրներում։ «Նրանք անգամ ֆուտբոլն ու տեղական-գաւառական լեզուներն են դարձնում ազգայնական բախումներ հրահրելու գործիք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ միջազգային իրաւունքի հզօրացումը անհրաժեշտ է ատելութեան տարածումը կանխելու եւ այս խմբերի իրաւական միջոցների չարաշահումը արգելելու համար։

Նիստին իր ելոյթում դոկտ. Քազեմին շեշտել է նաեւ, որ Իրանի Սահմանադրութեան 13-րդ եւ 64-րդ յօդւածները «դրական խտրականութեան» սկզբունքով ճանաչում եւ պաշտպանում են կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները։ Նա նշել է, որ Թեհրանում շուտով կը բացւի (զեկոյցը ներկայացւել է նախքան մետրոկայանի բացումը-ԽՄԲ.) «Սուրբ Մարիամ» անւամբ մետրօ կայարանը՝ ինչն արտացոլում է բազմամշակութային ներկայութիւնը հանրային տարածքներում։

Քազեմին յիշեցրել է, որ Իրանի բազմադարեան պետական եւ մշակութային ձեւաւորումը նպաստել է, որ նոյնիսկ կրօնական փոքրամասնութիւններն իրենց չհամարեն «փոքրամասնութիւն», այլ նոյնացնել արդի «ոչ մահմեդական իրանցու» ինքնութեամբ։ Նա յաւելել է, որ այսօր Իրանի մէջ փոքրամասնութիւնների ամենամեծ խնդիրը, ինչպէս եւ ամբողջ հասարակութեան, Իրանի ժողովրդի դէմ կիրառւող անարդար միջազգային պատժամիջոցներն են։

Ամփոփելով՝ դոկտ. Քազեմին նշել է, որ միջազգային փաստաթղթերը գերադասում են այն փոքրամասնութիւններին, որոնք նւիրւած են ազգային հանրութեանը։ «Խմբերը, որոնք խախտում են այս սկզբունքը, միջազգային իրաւունքի պաշտպանութեան յատակագծից դուրս են մնում»,- ասել նա՝ մատնանշելով նաեւ Սիրիայի հակամարտութեան ժամանակ օտարերկրեայ զինեալների ներգրաւումը՝ այդ թւում ոյղուրների, թուրքմէնների եւ չեչենների։

Եզրափակելով՝ նա տեղեկացրել է, որ Իրանում գործող «Փոքրմասնութիւնների Իրաւունքների Ուսումնասիրման Կենտրոնը»՝ որպէս ոչ-կառավարական եւ Բուհական հաստատութիւն, շարունակում է իր գործունէութիւնը՝ միջազգային եւ ներազգային մակարդակներում ուսումնասիրելով փոքրամասնութիւնների խնդիրները՝ համագործակցելով համապատասխան կազմակերպութիւնների հետ։ «Միջազգային իրաւունքի փաստաթղթերը յստակ նշում են, որ փոքրամասնութեան խմբի ամենակարեւոր յատկանիշներից մէկը նւիրւածութիւնն է ազգային հանրութեանը։ Խմբերը, որոնք վնասում են այս սկզբունքին, այլեւս չեն կարող օգտւել փոքրամասնութիւնների միջազգային իրաւական պաշտպանութիւնից»։

ՄԱԿ-ի Փոքրամասնութիւնների հարցերով 18-րդ նստաշրջանը կայացել է նոյեմբերի 27-ին եւ 28-ին՝ Ժնեւում՝ տասնեակ երկրներից ժամանած հարիւրաւոր հասարակական կազմակերպութիւնների մասնակցութեամբ։

Related Articles

Back to top button