Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Հայաստանը այսօր գտնւում է Ադրբեջանի ազդեցութեան գօտում»

«ԱԼԻՔ» – «Դուք կարծում էք, որ Հայաստանը ներքին գործեր ունի եւ Ադրբեջանը նոր որոշել է, որ միջամտում է ՀՀ ներքին գործերի՞ն։ Սա գալիս է նրանից, որ ընդհանրապէս մեր հասարակութիւնում կայ սխալ պատկերացում Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների մասին»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրէին Ադրբեջանի ԱԳՆ–ն հանդէս է եկել յայտարարութեամբ, դժգոհութիւն յայտնելով Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրումից։

«Հայաստանը շատ սահմանափակ սուվերենութեամբ երկիր է եւ կատարում է Ադրբեջանի պահանջները որպէս պարտւած, կապիտուլացւած երկիր։ Ադրբեջանն է որոշում Հայաստանի ներքին ինֆորմացիոն քաղաքականութիւնը։ Վերջին ամենավառ օրինակներից մէկը, որ մի լրատւամիջոց մի հաղորդման ժամանակ օգտագործել է Արցախ բառը, եւ նա փակւեց Հայաստանում։ Երբ որ Ադրբեջանը որոշում է, թէ Հայաստանը ինչ ներքին ու արտաքին քաղաքականութիւն պէտք է վարի, դասագրքերում ինչ պէտք է գրւի, հերոսների նկարները դպրոցներում լինեն, թէ չլինեն, մենք ինչ ռազմական տեխնիկա պէտք է գնենք, ինչ չպիտի գնենք, որը ունենք, պէտք է ոչնչացնենք, մեր սահմանադրութիւնը ինչպիսին պէտք է լինի, մեր ազգային խորհրդանիշները ինչպիսին պէտք է լինեն, Հայաստան-Ադրբեջան սահմանում երրորդ երկրի ինչ ներկայացուցիչներ պէտք է լինեն, թէ պէտք է չլինեն, բայց Հայաստանը չի ասում, որ Հայաստան-Ադրբեջանական սահմանագծին, ասենք, թուրքական-իսրայէլական կողմերը պէտք է ներկայ չլինեն։

Այսինքն Հայաստանը այսօր գտնւում է Ադրբեջանի ազդեցութեան գօտում։ Նոյն Թուրքիան ասում է՝ ես Հայաստանի հետ այն քաղաքականութիւնը կը վարեմ, որը կորոշի Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանը գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ: Ես նոյնիսկ չգիտեմ, Ադրբեջանի յատուկ ծառայութիւնները Հայաստանում ներկայ են, թէ չէ, Հայաստանի իշխանութեան գիտութեամբ: Սա է իրականութիւնը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ պայմանագրին, Ստեփան Դանիէլեանը նշեց, որ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի դժգոհութեան պատճառ դարձած ձեւակերպումները այդ փաստաթղթում տեղ են գտել ԵՄ-ի նախաձեռնութեամբ. «ԵՄ–ն ուզում է լծակներ ունենալ նաեւ Ադրբեջանի հանդէպ, որպէսզի ճնշի փախստականների հարցով, Արցախի հարցով։ Գուցէ Հայաստանի իշխանութիւններին պարտադրել են, որ այդ կէտերը մտնեն փաստաթուղթ։

Ադրբեջանը, իհարկէ, նեղսրտում է, ասում է՝ դու իմ վերահսկողութեան տակ գտնւող երկիր ես, յանկարծ պարզւում է, ինչ-որ ուրիշ երկրի հետ էլ ես փորձում խորացւած յարաբերութիւններ կառուցել։ Իսկ ԵՄ-ն, քանի որ ուզում է ներկայ լինել Հարաւային Կովկասում, պէտք է ազդեցութեան լծակներ ունենայ նաեւ Ադրբեջանի վրայ եւ դրա համար գուցէ այդ կէտերը մտցրել են։

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, որ դու որպէս վասալ լաւ չես պահել եւ չես դիմադրել Եւրամիութեանը՝ թոյլ տալով, որ նման կէտեր լինեն»,- ընդգծեց քաղաքագէտը։

Related Articles

Back to top button