Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այսօր Մայր Աթոռում տեղի է ունենալու հաւաք՝ ի աջակցութիւն Վեհափառ Հայրապետին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

«ԱԼԻՔ» – Երէկ՝ դեկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինեանի կամակատար տիրադաւ «հոգեւորականները» հանդէս եկան յայտարարութեամբ՝ նշելով, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին նախատեսում են հաւաք անց կացնել Մայր Աթոռում: Նրանք բոլոր «հաւատացեալներին» կոչ էին արել հաւաքւել Էջմիածնում ու հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Վեհարան գրոհելու Նիկոլ Փաշինեանի եւ հոգեւորականի սքեմ կրող նրա կամակատարների մտադրութիւնը վրդովմունքի եւ ցասումի մեծ ալիք է ստեղծել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակների մօտ, որոնք արդէն յայտարարել են, որ պատրաստւում են պաշտպանել Մայր Աթոռը եւ Վեհափառ Հայրապետին՝ տիրադաւ սրբապիղծների գրոհից:

Այս առիթով Արագածի թեմը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է. «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բիւրականի Սուրբ Յովհաննէս եկեղեցում նախատեսւած միասնական ժամերգութիւնը կը տեղափոխւի եւ տեղի կունենայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

Հայցում ենք ամենքիդ աղօթական ներկայութիւնը միասնական ժամերգութեանը:

Միասին աղօթենք անազատութեան մէջ գտնւող մեր հոգեւոր հայրերի, ազատազրկւած ու գերեվարւած զաւակների եւ մեր Սուրբ Եկեղեցու անսասանութեան համար»:

Քաղաքական ուժերը եւս յայտարարել են, որ այսօր հաւաքւելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աջակցութիւն յայտնելու  Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Այս առիթով ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը հանդէս է եկել ֆէյսբուքեան կոչով, որում նշել է. «Վաղը՝ ժամը 15։30-ից սկսած, լինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցութիւնը յայտնելով Ամենայն Հայոց Վեհափառին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Մեր ժողովրդի ինքնութեան հենասիւնը հայ մարդու պաշտպանութեան եւ աջակցութեան կարիքն ունի ։ Վաղը ես եւ իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցութիւնը յայտնելով Ամենայն Հայոց Վեհափառին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում եւ խնդրում եմ ձեզ վաղն այցելել Էջմիածին, մասնակցել ժամերգութեանը եւ ձեր ներկայութեամբ զօրակցութիւնն ու աջակցութիւնը յայտնէք»:

«Մայր Հայաստան» դաշինքն էլ յայտարարել է, որ մասնակցելու է Մայր Աթոռում տեղի ունենալիք միասնական ժամերգութեանը. «Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ներկայ գտնւել հոգեւոր եւ արժէքային խորհուրդ պարունակող այդ միջոցառմանը։

Միասնաբար պաշտպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներքին ու արտաքին թշնամիներից»:

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը եւս յայտարարել է. «Լինելու ենք այնտեղ, հաւատաւոր ժողովրդի հետ եւ փորձելու ենք ամէն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամօթի օր, դառնայ համերաշխութեան տօն»։

Ոչ պակաս ուշագրաւ են նաեւ այս առիթով տարբեր քաղաքագէտների եւ վերլուծաբանների գրառումները:

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով տիրադաւների յայտարարութեանը գրել է. «Իսկ միգուցէ «տասնեակը» վաղը Էջմիածնի փոխարէն, դիցուք, Գանձասար գնա՞յ, քանզի հայկական սրբութիւնների իրական պղծումն այժմ բռնազաւթւած Արցախում է տեղի ունենում բարբարոսական տարերքի կողմից։

Արցախում Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի եւ մեր հարիւրաւոր այլ սրբատեղիների կորստեան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու»։ Խօսքեր չկան, ուղղակի պատմութեան ծաղրն է մեր հանդէպ»:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն էլ հակաեկեղեցական արշաւում Նիկոլ Փաշինեանին միացած բարձրաստիճան հոգեւորականներից մէկին է անդրադարձել՝ յայտնելով՝ «առանցքային տիրադաւներից մէկին Ռուբէն Վարդանեանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցութիւն»։ Նա մի դրւագ է պատմել ոչ վաղ անցեալից, որը բնորոշում է Փաշինեանին միացած եկեղեցականների որակները. «Արցախի շրջափակման վերջին փուլն էր։ Ռուբէնը շրջափակման մէջ էր։ Նրա խնդրանքով, իր գրասենեակներից մէկում հաւաքւել էինք մեծ թւով հանրային գործիչներ, երեւի մի 50 հոգի կը լինէինք։ Հեռակապով մեզ միացաւ Ռուբէնը, Արցախի՝ արդէն սիմւոլիկ դարձած թթի ծառի տակից։

Քննարկման արդիւնքում Ռուբէնը խնդրեց յայտարարութեան մի տեքստ կազմել՝ ուղղւած աշխարհին։ Որպէսզի դա արագ արւի, ստեղծւեց փոքր աշխատանքային խումբ, որի մէջ էր նաեւ ապագայ տիրադաւը, որի որակների մասին որեւէ պատկերացում չունէի։ Գիտէի միայն, որ ոտից գլուխ Ռուբէնին պարտական է։

Մարդկայնօրէն անտանելի էր տեսնել, թէ բարձրաստիճան հոգեւորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ յանկարծ իշխանութիւնները չբարկանան։ Ի՞նչ Արցախ, ի՞նչ Ռուբէն, դրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միայն՝ իշխանութեան բարեհաճութիւնը։ Իհարկէ, նրան բանի տեղ դնող չեղաւ, բայց տեսարանը անտանելի էր։

Ու այս մարդը հիմա գնում է Մայր Աթոռ, Վեհափառին «բան ասելու»։ Հետն էլ քարշ տւած՝ տանում է Արցախի թեմի առաջնորդին, որին իր իսկ համայնքը մերժել է»:

Իսկ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազրաեանն էլ գրել է. «Վաղը ժամը 15:00-ին ես կը լինեմ Մայր Աթոռում: Ուղիղ ասեմ՝ վստահ եմ, որ տիրադաւերը կը ձախողեն Նիկոլի յանձնարարականը: Բայց նրանցից շատերին լաւ եմ ճանաչում, որոշների հետ էլ անգամ մտերմութիւն եմ ունեցել: Ուզում եմ վաղը նրանց աչքերին նայեմ: Ուզում եմ վաղը յստակ ասել, թէ ով էին եւ ով դարձան:

Մտածում եմ՝ դա նւազագոյնն է, ինչ մենք՝ Եկեղեցու զաւակները պարտադիր պէտք է անենք: Ուստի յուսով եմ վաղը Մայր Աթոռում տեսնել նաեւ ձեզ, սիրելի ընկերներ, բարեպաշտ ժողովուրդ:

Նիկոլն ու նրա կամակատար տիրադաւերը պէտք է շատ յստակ իմանան, որ անյոյս գործ են բռնել: Ու, որ մեր սրբութեան սրբոցն անարատ է մնալու:

Աստծով»:

Related Articles

Back to top button