Արտատարածաշրջանային ուժերին տեղ չկայ Կովկասում
Իրանն ու Ռուսաստանը՝ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի եւ ապօրինի պատժամիջոցների դէմ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման նպատակով Մոսկւա կատարած այցի շրջանակում, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ։
Արաղչին ընդգծել է, որ վերջին մէկ տարւայ ընթացքում Իրանի եւ Ռուսաստանի նախագահները հինգ անգամ հանդիպել են, ինչը, նրա խօսքով, վկայում է երկու երկրների ղեկավարների լուրջ կամքի մասին՝ զարգացնելու յարաբերութիւնները Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերութեան շրջանակում։ Նա նշել է, որ հանդիպումը կարեւոր հնարաւորութիւն է նախագահների ձեռք բերած պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքը հետեւելու եւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների համակարգումն աւելի խորացնելու համար։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպման աւարտին ստորագրւել է ՌԴ եւ ԻԻՀ արտգործնախարարութիւնների միջեւ 2026-2028 թւականների խորհրդակցութիւնների ծրագիրը։
Հանդիպումից անմիջապէս յետոյ, Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները մամուլի ասուլիսի ժամանակ կտրուկ դատապարտել են Արեւմուտքի միակողմանի քաղաքականութիւնը, ապօրինի պատժամիջոցներն ու միջազգային իրաւունքի շարունակական խախտումները՝ վերահաստատելով երկկողմ յարաբերութիւնների ռազմավարական բնոյթը։
Պատժամիջոցները խաթարում են միջազգային համակարգը
Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ Արեւմուտքի ապօրինի եւ միակողմանի պատժամիջոցները ոչ միայն թիրախաւորում են առանձին երկրներ, այլեւ քանդում՝ միջազգային յարաբերութիւնների ամբողջ համակարգը։ Նա ընդգծել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի գործադրումը նոր թափ է հաղորդել համատեղ դիմակայութեանը։
Ռուսաստանը բացայայտօրէն աջակցում է Իրանի միջուկային իրաւունքներին
ՌԴ արտգործնախարարը յայտարարել է, որ Մոսկւան պատրաստ է աջակցել Իրանի միջուկային խնդրի ընդունելի լուծմանը՝ նշելով, որ Արեւմուտքն է ստեղծել ճգնաժամը եւ այժմ փորձում է պատասխանատւութիւնը բարդել Թեհրանի վրայ։
Իրան–Ռուսաստան յարաբերութիւնները ռազմավարական են եւ անդառնալի
Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի գործադրումը յարաբերութիւնները հասցրել է որակապէս նոր մակարդակի։ Նրա խօսքով՝ վերջին մէկուկէս տարում երկու երկրների նախագահների հինգ հանդիպումները վկայում են, որ այդ ուղին անդառնալի է։
Իրանն իրաւունքներից չի նահանջում
Արաղչին ընդգծւած յայտարարել է, որ Թեհրանը, որպէս NPT-ի պարտաճանաչ անդամ, չի հրաժարւի խաղաղ միջուկային էներգիայի իրաւունքից, այդ թւում՝ ուրանի հարստացումից, եւ որ ռազմական ճնշմամբ կամ յարձակումներով այդ իրաւունքը վերացնելու փորձերը դատապարտւած են ձախողման։
Արտատարածաշրջանային ուժերին տեղ չկայ Կովկասում
Արաղչին շեշտել է, որ Իրանը վճռականապէս դէմ է Կովկասի տարածաշրջանում որեւէ արտատարածաշրջանային ուժի ներկայութեանը եւ այդ դիրքորոշումը համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ։
Եւրոպական տրոյկան սպառել է իր դերակատարութիւնը
ԱԳ նախարար Արաղչին յայտարարել է, որ Եւրոպական երեք երկրները, ապօրինի կերպով փորձում են գործարկել ճնշման մեխանիզմներ, եւ փաստացի կորցրել են բանակցային որեւէ կարողութիւն, եւ Իրանը նրանց հետ երկխօսութեան հիմք չի տեսնում։
Արեւմուտքը խափանել է դիւանագիտութիւնը
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները յարձակումներ իրականացնելով բանակցային գործընթացի ընթացքում, բացայայտօրէն խափանել են դիւանագիտութիւնը եւ կրում են դրա բոլոր հետեւանքների պատասխանատւութիւնը։



