Ռուբիօ. «Բանակցային կարգաւորումը պահանջում է, որ երկու կողմերն ինչ-որ բան շահեն, եւ երկու կողմերն ինչ-որ բան զիջեն»

«ԱԼԻՔ» – «Ուկրաինայում կարգաւորման ուղղութեամբ առաջընթաց է գրանցւել, սակայն դեռ մեծ աշխատանք կայ»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն։
Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտութեան դադարեցման բանակցութիւնները չեն ենթադրում որեւէ համաձայնագրի պարտադրում։
«Ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Ուկրաինայից չի սպասւում մօտ ապագայում կապիտուլիացիա, ուստի բանակցային կարգաւորումը միակ տարբերակն է։
Պատերազմները սովորաբար աւարտւում են երկու եղանակով՝ կամ մի կողմի կապիտուլիացիայով, կամ բանակցային կարգաւորմամբ։ Մենք չենք տեսնում, որ որեւէ կողմը կապիտուլիացիա անի մօտ ապագայում, ուստի միայն բանակցային կարգաւորումն է մեզ հնարաւորութիւն տալիս աւարտել այս պատերազմը։
Բանակցային կարգաւորումը պահանջում է երկու բան՝ երկու կողմերն էլ ինչ-որ բան շահեն, եւ երկու կողմերն էլ ինչ-որ բան զիջեն։ Մենք փորձում ենք հասկանալ, թէ ինչ կարող է տալ Ռուսաստանը եւ ինչ է ակնկալում ստանալ, ինչ կարող է տալ Ուկրաինան եւ ինչ է ակնկալում ստանալ։ Վերջնական արդիւնքում լուծումը կախւած կը լինի Ուկրաինայից եւ Ռուսաստանից, այլ ոչ թէ Միացեալ Նահանգներից։ Սա այն դերն է, որը մենք փորձում ենք խաղալ այս գործընթացում, եւ այդ պատճառով էլ դուք տեսնում էք այդքան շատ հանդիպումներ, որոնք տեղի են ունենում հէնց հիմա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։



