Թուրքիայի ջրային քաղաքականութեան աշխարհաքաղաքական ազդեցութիւնները եւ «ջրային ահաբեկչութեան» դինամիկան Իրանի համար

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ
Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս
Վերջին երկու տասնամեակների ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման հարցը Հիւսիսային Իրանի, Հարաւային Կովկասի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում վերածւել է ոչ միայն բնապահպանական խնդրի, այլեւ ռազմավարական բնոյթի։ Ջրի նկատմամբ վերահսկողութեան հնարաւորութիւնը, յատկապէս տրանսսահմանային գետային համակարգերում, դարձել է ազդեցութեան նոր գործօն, ինչի հետեւանքով գիտական տերմինում աւելի յաճախ կիրառւում է «ջրային ահաբեկչութիւն» հասկացութիւնը։ Այս հասկացութիւնն առանձնակի կիրառելի է Թուրքիայի վարած ջրային քաղաքականութեան վերաբերեալ, որն իր լեռնային բարձրավանդակներում իրականացւող լայնածաւալ ջրաշինական գործողութիւնների միջոցով ըստ էութեան ձեւափոխում է ջրային հոսքերի տարածքային բաշխումը։
Թուրքիայի իրականացրած ծրագրերը, մասնաւորապէս Արաքսի աւազանի վերին հատւածներում կառուցւած ու կառուցւող ջրամբարները, ակնյայտօրէն աւելացնում են գետի հոսքի նկատմամբ միակողմանի վերահսկողութիւնը։ Այս մեխանիզմը ոչ միայն հնարաւորութիւն է տալիս Անկարային կարգաւորել հոսքային ռեժիմները, այլեւ ստեղծում է կախւածութեան իրավիճակ ներքեւում գտնւող երկրների համար՝ այդ թւում Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի։ Գիտական ուսումնասիրութիւններում նշւում է, որ նման գործընթացները կարող են դիտւել որպէս «հիդրոյեղափոխական քաղաքականութիւն»՝ այն իմաստով, որ դրանք փոխում են տարածաշրջանային իշխանութեան բաշխումը՝ առանց ուղղակի ռազմական ներգործութեան։
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից Թուրքիայի մօտեցումը մտահոգութիւններ է առաջացնում, քանի որ այն հակասում է միջազգային ջրային իրաւունքի կարեւոր սկզբունքներին՝ «արդար եւ ողջամիտ օգտագործում», «զգալի վնաս չպատճառելու պարտաւորութիւն» եւ «միջպետական համագործակցութեան պարտադիր բնոյթ»։ Վերին հոսքի վերակառուցման նման ծրագրերը, առանց փաստացի տւեալների հրապարակման ու հոսքի կուտակային ազդեցութեան գնահատման, կարող են դիտւել որպէս իրաւական պարտաւորութիւնների շրջանցում, որն ի վերջոյ խաթարում է ներքեւի հոսքի երկրների անվտանգային միջավայրը։
Վերլուծաբանների կարծիքով Թուրքիայի գործողութիւնները միայն ճարտարապետական կամ տեխնիկական բնոյթ չեն կրում։ Դրանք որոշ դէպքերում ձեռք են բերում նաեւ ռազմա-քաղաքական ենթատեքստ՝ մի շարք օրինակներով, երբ ջրային ենթակառուցւածքները հարեւան երկրներում դարձել են ռազմական թիրախ։ Այս երեւոյթը մտահոգիչ է յատկապէս այն առումով, որ այն ընդլայնում է ջրի «զինւածացում» հասկացութեան շրջանակը եւ ջրային ռեսուրսները վերածում է քաղաքական ճնշման գործիքի։
Բնապահպանական ու կլիմայական փոփոխութիւնների խորացումը լրացուցիչ բարդացնում է իրավիճակը։ Տարածաշրջանում դիտւող երաշտային փուլերի յաճախականութեան աճը, ձնաշերտի նւազումը եւ գոլորշիացման բարձրացումը յանգեցնում են նրան, որ նոյնիսկ հոսքային փոքր վերախմբաւորումները կարող են մեծածաւալ սոցիալ-տնտեսական հետեւանքներ առաջացնել ներքեւի շրջաններում։ Իրանի հիւսիս-արեւմտեան մարզերում ջրի պակասը անմիջական ազդեցութիւն ունի գիւղատնտեսական արտադրանքի ծաւալների, էկոհամակարգերի կայունութեան եւ բնակչութեան կենսապահովման վրայ, ինչը տարածաշրջանում կարող է յանգեցնել կառաւարւող ճնշման նոր մեխանիզմների ի յայտ գալուն։
Այս պայմաններում ակնյայտ է, որ Արաքսի աւազանը պահանջում է նոր, գիտապահով եւ ինստիտուցիոնալացւած բազմակողմ ձեւաչափ։ Իրանի համար պոլիտիկական պատասխանն անհրաժեշտ է կառուցել մի քանի ուղղութիւններով՝
ա. տարածաշրջանային ջրային դիւանագիտութեան ուժեղացում եւ բազմակողմ տւեալների փոխանակման մեխանիզմների հաստատում,
բ. միջազգային իրաւական յարթակներում գիտական փաստարկւած նիւթերի ներկայացում,
գ. ներքին ջրային կառավարման բարեփոխումներ՝ կախւածութեան նւազեցման եւ ռեսուրսային կայունութեան բարձրացման նպատակով,
դ. գիտահետազօտական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակութեան ներգրաւում՝ անկախ դիտարկումների եւ մոդելային վերլուծութիւնների իրականացման համար։
Եզարակէտում պէտք է նշել, որ Թուրքիայի ջրային քաղաքականութեան դինամիկան տարածաշրջանում չի սահմանափակւում տնտեսական շահերով։ Այն ձեւաւորում է մի նոր աշխարհաքաղաքական իրականութիւն, որտեղ ջրային ռեսուրսների վերահսկողութիւնը դառնում է ուժային մրցակցութիւնների առանցքային բաղադրիչ։ Այսպիսով, տարածաշրջանային անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ է, որ աւազանի երկրները գործեն համակարգւած, գիտականօրէն հիմնաւորւած եւ իրաւական հիմքերի վրայ կանգնած մեխանիզմներով՝ կանխելու համար այն զարգացումները, որոնք կարող են լրջօրէն ազդել խաղաղութեան եւ կայունութեան վրայ։



