Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նաւասարդ Կճոյեանին մեղադրում են գրագողութեան մէջ

ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ

 

Երբ Վեհափառ Հայրապետի ամենամօտ մարդկանցից մէկը՝ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, որին նա մշտապէս հովանաւորել է եւ զերծ պահել պատժից, դուրս եկաւ իր հոգեւոր առաջնորդի դէմ եւ Եկեղեցուն յայտարարւած պատերազմի գործուն մասնակիցը դարձաւ, տարբեր մարդիկ սկսեցին խօսել Արարատեան Հայրապետական թեմի փոխառաջնորդ Կճոյեանի բացասական կերպարի մասին՝ օֆշորային հաշիւներ, փողերի լւացում ու իւրացումներ, գոյքի ապօրինի ձեռքբերում, զէնք, «Բենթլի», կուսակրօնութեան ուխտի խախտումներ եւ այլն։ Նիկոլ Փաշինեանի կողմից Եկեղեցին բարենորոգելու, մաքրելու գործին նման մարդկանց ներգրաւումը հանրային տարակուսանքի եւ վրդովմունքի տեղիք տւեց։ Եւ սկսեցին Կճոյեանի մասին տարբեր պատմութիւններ ջրի երես ելնել։

«Հրապարակ»-ի հետ զրոյցում կարգալոյծ արւած քահանայ Տէր Յակոբ Բագրատունին ասաց, որ Կճոյեանը միայն այդ մեղքերով չէ, որ աչքի է ընկել.

«Ուզում եմ բարձրաձայնել Կճոյեան Նաւասարդ արքեպիսկոպոսի «քաջագործութիւններից», որ նա արել է՝ վայելելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի հովանաւորչութիւնը: 2008 թ. Կճոյեանը գրագողութեամբ վերատպել է հոգեւոր ճեմարանի իմ յարգելի ուսուցչի եւ երկար տարիների ընկեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջեանի՝ «Պատարագամատոյց Հայաստանեայց Եկեղեցւոյ» 2002 թւականին Նիւ Եօրքում տպագրւած՝ Հայ եկեղեցու պատմութեան մէջ բացառիկ արժէք ունեցող գիրքը: Օրերս իմ փաստաթղթերի հաւաքածուի մէջ պատահաբար աչքովս ընկաւ «Հայկական ժամանակ» թերթում 2008 թ. տպագրւած՝ «Հեղինակի անունը կարեւոր չէ» վերնագրով յօդւածը, որտեղ նկարագրւում է Կճոյեան Նաւասարդ արքեպիսկոպոսի «քաջագործութիւններից» մէկը՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի «կնքահայրութեամբ» իրականացւած։ Խօսքը 2008 թ. արւած գրագողութիւն մասին է։ «Հայկական ժամանակի» յօդւածում նկարագրւում է, որ 1999 թ. Ամերիկայի հայոց թեմի այն ժամանակւայ առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանն ԱՄՆ է հրաւիրում Ադրբեջանի հայոց թեմի նախկին առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսին, որպէսզի վերջինս հոգեւոր մխիթարութիւն պարգեւի Ադրբեջանից փախստական դարձած իր հօտին։ Միացեալ Նահանգներ գալու առաջին իսկ օրերից Անանիա Սրբազանն այցելում է երկրի բոլոր նահանգները, պատարագներ է մատուցում, կատարում է մկրտութեան, պսակադրութեան խորհուրդներ՝ հոգեպէս մխիթարելով եւ սատարելով իր թշւառ հօտին։ 2000-ին, Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկութեամբ, Անանիա Սրբազանը ձեռնամուխ է լինում «Պատարագամատոյցի» եռալեզու աշխատութեանը, որը լոյս է տեսնում Նիւ Եօրքում երկու տարի անց՝ 2002 թւականին, դրամական մեծ եկամուտ բերելով բուն առաջնորդարանին»:

Սակայն 2007 թւականին՝ կուսակրօնութեան ուխտը խախտած լինելու պատճառով, սրբազանն անձամբ հրաժարւում է եկեղեցական իր բարձր աստիճանից ու տիտղոսից, անհնար գտնելով կեղծիքով ապրելը։ Ապա աշխարհական անունը ստացած Աւետիք Արաբաջեանը տեղափոխւում է եւ ներկայում բնակւում է Ֆլորիդայում ու, հակառակ իր տարիքին, մինչ օրս էլ ստեղծագործում է՝ մօտ 6 տարբեր լեզուներով գրքերի հեղինակ է: «Սրբազանն անձամբ մեծագոյն արհամարհանքով է վերաբերւում այդ երկու «սրբազանների» մանր ու նենգ արարքին, միշտ մէջբերելով անմահ Սայեաթ Նովայի ասածը՝ «Ծովեմէն աւազ չի պակսի»: Հիմա՝ գրագողութեան մասին, որը կապւած է այսօր սրբապիղծ աղանդաւորների կողմը թեքւած՝ ուխտադրուժ եպիսկոպոսներից մէկի անւան հետ։ Ես մինչ այժմ այդ մասով խօսք չեմ բարձրացրել, որպէսզի չդիտւի, որ մեր սուրբ եկեղեցու թշնամիների ջրաղացին եմ ջուր լցնում: Ես դեռ 1999 թ. դեկտեմբերի 1-ին հէնց առաջինը կարգալոյծ հռչակւած հոգեւորականն եմ՝ Տէր Յակոբ, աւազանի անունով՝ Աշոտ Բագրատունին եմ: Սակայն, այդուհանդերձ, ես կամ եւ մնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նւիրեալ զաւակն ու անսասան պաշտպանը։ Մենք բաւական հիմնաւոր եւ իրեղէն փաստեր ունենք, որ Կճոյեանը գիտակցւած է նման արարք արել, իսկ այսօր էլ Եկեղեցու դէմ է դուրս եկել: 2008 թւականին Անանիա արքեպիսկոպոս Արաբաջեանի՝ 2002-ին հեղինակած գիրքը, միայն աւելի բարակ եւ աշխարհաբար՝ գրաբարն ու ռուսերէնը չկային, հեղինակի անունը հանած, գրեթէ նոյնանման կազմով ու գոյնով, տպում են այստեղ՝ Երեւանում, եւ դրւում է եկեղեցիների խանութներում՝ վաճառքի: Այդ գիրքը մեր ընկերներից մէկը գնում է՝ հէնց Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գրախանութից: Ի դէպ, երբ որ լուրը տեղ է հասնում, ու հասկանում են, որ գրքի հեղինակը տեղեակ է այդ մասին, գրքերը մէկ օրւայ մէջ խանութներից հանում են, ու վաճառքը դադարում է, որովհետեւ Խաժակ Սրբազանն ԱՄՆ-ից զանգում եւ զգուշացնում է սպասւող տհաճ հետեւանքների մասին»,- ասաց կարգալոյծ հոգեւորական Աշոտ Բագրատունին:

Նա նշեց, որ Կճոյեանը եւ այն ժամանակ ԱՄՆ-ում Արեւելեան թեմի առաջնորդ, այժմ Արեւմտեան Եւրոպայում Հայրապետական պատւիրակ նշանակւած Խաժակ Պարսամեանը, համաձայնութեան գալով, հրատարակում են գիրքը՝ վաճառելու նպատակով, բայց յետոյ, խուսափելով դրա շուրջ բարձրացած աղմուկից, որոշում են կասեցնել վաճառքը՝ յայտարարելով, թէ իբրեւ գիրքը չի վաճառւել, այլ նւիրատւութիւններ են արել, ձրի բաժանել են։ «Վաճառել ես կամ բաժանել ես եկեղեցիներին, լաւ ես արել, հեղինակի անունն ինչո՞ւ ես դուրս հանել: Անանիա Սրբազանը, օրինակ, իր գրքի մէջ ազնւօրէն նշել է իր օգտագործած աղբիւրների հեղինակներին՝ Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանց, Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեան, իսկ այս երկու «սրբազաններն» իրենց հոգեւոր եղբօր աշխատանքը վերցրել ու իրենց անւան տակ հրատարակել են ու դեռ ներածական են գրել»,- ասաց Տէր Յակոբ Աշոտ Բագրատունին:

Նաւասարդ Կճոյեանի կողմից գրագողութեան մասին չեն բարձրաձայնել, քանի որ երկար ժամանակ է, ինչ թիրախաւորւած է Գարեգին Կաթողիկոսը, սակայն իրականում այդ արշաւը Եկեղեցու դէմ է, չեն բարձրաձայնել, որ տպաւորութիւն չստեղծւի, թէ աջակցում են աղանդաւորների հակաեկեղեցական արշաւին: Իսկ քանի որ Կճոյեանն անցել է աղանդաւորականների կողմը, այլեւս իրենց զսպող հանգամանք չկայ՝ շեշտում է մեր զրուցակիցը եւ յաւելում. «Այս հարւածը Գարեգին Կաթողիկոսի դէմ չէ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ է, ես՝ ինքս, ունենալով հակասութիւններ Կաթողիկոսի հետ, ամենայն պատասխանատւութեամբ յայտարարում եմ, որ աջակցելով աղանդաւորների՝ Եկեղեցու դէմ արշաւին, թշնամական ու Աստծոյ դէմ քայլ են անում: Պաշտպանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առաջին հերթին, մենք մեզ ենք պաշտպանում, մենք մեր՝ հայի ինքնութիւնն ենք պաշտպանում։ Իսկ այս կճոյեանները, որ Եկեղեցու դէմ են դուրս եկել, թող իմանան՝ եթէ կառավարիչն իրենց նկատմամբ կոմպրոմատներ ունի ու վախեցրել է իրենց, որ իրենց դէմ կօգտագործւի, թող իմանան, որ ժողովուրդն իրենց մասին նոյնպէս շատ բան գիտի, եւ, փառք Աստծոյ, մեր ժողովուրդը յիշողութեան կորուստ չունի»,- եզրափակեց Տէր Յակոբ Աշոտ Բագրատունին։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button