Քաղաքական

ԱՄՆ դատաւորը ​մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդէմ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի եւ 29 այլոց

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն (ANCA) անցեալ շաբաթ յայտարարել է, որ 2025 թւականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակւող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադէն՝ ընդդէմ ANCA-ի եւ 29 այլոց:

Բաղիրզադէն իր 198 էջանոց հայցադիմումում «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել», յայտարարել է ANCA-ն։ «Դատարանը մերժել է հայցւորի [Բաղիրզադէի] երրորդ փոփոխւած բողոքը՝ մերժելով այդ հայցը, չընդունելով մնացած միջնորդութիւնները որպէս վիճելի՝ գործը յայտարարելով փակւած»: Աւելի ուշ նա թւիթերում գրել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը:

ANCA-ն նշել է, որ ամիսներ շարունակ Բաղիրզադէն զբաղւել էր «հրահրող գրառումների երկար շարանով սոցիալական ցանցերում»՝ Հայաստանը բնութագրելով որպէս «քաղցկեղային ուռուցք», որը «պէտք է ջնջւի Հարաւային Կովկասից»։ X-ի բազմաթիւ գրառումներում նա իրեն անւանել է «ԱՄՆ ներգաղթի եւ բիզնեսի փաստաբան …. Եթէ ճշմարտութիւնը վախեցնում է ձեզ, ես կը սարսափեցնեմ ձեզ…»: Նա նաեւ գրել է. «Դու պայքարում ես ահաբեկչական կազմակերպութեան դէմ եւ պարզում, որ այն ունի իր դատաւորները, ոստիկանները, պետական պաշտօնեաները եւ նոյնիսկ կոնգրեսականները»: Նա աւելացրել է. «Պատկերացրու քո ուժը, որ մարդիկ գնում եւ կաշառում են դատաւորներին՝ քեզ վնասելու համար…»: Նա նոյնիսկ ծաղրել է Հայոց Ցեղասպանութիւնը՝ յայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափել 1915 թւականի իրադարձութիւնների մասին»։

Ի լրումն իր բորբոքւած հռետորաբանութեան, Բաղիրզադէն բազմաթիւ թւիթներ է հրապարակել, որոնք մտահոգութիւն են առաջացնում նրա պրոֆեսիոնալիզմի եւ մտային վիճակի վերաբերեալ: Օրինակ, նա քննադատել է մի ոստիկանի, որը տուգանք է նշանակել ճանապարհային երթեւեկութեան խախտման համար․ «Ես հէնց նոր նամակ ստացայ ոստիկանութիւնից, որ ինձ «տուգանել են» ապօրինի կանգառի համար. ամբաստանեալ դառնալու եւս մէկ թեկնածու»։ Նա նաեւ գրել է. «Եթէ ոստիկանութիւնը հետեւում է քո քայլերին եւ այդ տեղեկատւութիւնը փոխանցում ահաբեկիչներին, սա կոչւում է պետականօրէն հովանաւորւող ահաբեկչութիւն»: Դաշնային դատաւոր Ռոբերտ Հիւիի վրայ ուղղակի յարձակման ժամանակ, որը մերժեց նրա հայցը, Բաղիրզադէն նրան մեղադրեց «կոռումպացւած» լինելու մէջ եւ սպառնաց դատի տալ նրան…

Հետաքրքիր է, որ երբ Բաղիրզադէն 2024 թւականի յունիսի 21-ին ներկայացրել է իր հայցը, նա չի վճարել քաղաքացիական հայցադիմումի համար պահանջւող 350 դոլար գումարը՝ յայտարարելով «in forma pauperis», այսինքն՝ չափազանց աղքատ է վճարելու համար: Դատաւորը մերժել է նրա միջնորդութիւնը։ Նա նոր հայց է ներկայացրել 2024 թւականի յուլիսի 2-ին, որը նոյնպէս մերժւել է։ Դատարանը նշել է, որ նրա 50,952 դոլարի տարեկան եկամուտը գերազանցում է աղքատութեան դաշնային շեմը 325 տոկոսով։ Դատաւորը նախնական 350 դոլարից բացի սահմանել է 55 դոլար վարչական վճար:

Բաղիրզադէն դատի է տւել հետեւեալ 30 անձանց եւ կազմակերպութիւններին. «Alphabet ընկերութիւն, Արամ Համբարեան, Արմէն Սահակեան, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբ, Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի յանձնախումբ, Փաստաբանների որոնման ցանց, Կոկօ Սիւ, Էստրելլա Սանչես, Google ընկերութիւն, Ջէյք Բալոյեան, Ջերեմի Սթոփելման, Legal Match, Մարտինդէյլ-Նոլօ, Լոս Անջելէսի շրջանային իրաւաբանների միութիւն, Օրենջ շրջանի իրաւաբանների միութիւն, Սեթ Չաւես, Թերեզա Վուկի, Էրուդիտ Լեւինդոֆսկի, Yelp ընկերութիւն, YouTube, Սունդար Պիչայ, «Զարթօնք» լրատւամիջոց, Զաւէն Կուրօղլեան, Վան Մկրտչեան, Անի Չագլասեան, Legalshield, Parker-Stanbury ՍՊԸ, Greystar California ընկերութիւն, Kia America ընկերութիւն եւ ՀՅԴ, Արեւելեան ԱՄՆ»։ 

2025 թւականի փետրւարի 27-ին Դաշնային դատարանը «մերժեց Բաղիրզադէի երկրորդ փոփոխւած բողոքը [78 էջանոց]՝ ամբաստանեալների մերժման միջնորդութեան համաձայն»: Դատարանը որոշել է, որ նրա հայցերը չեն համապատասխանում դաշնային պահանջների իրաւական չափորոշիչներին եւ հայցւորին թոյլ է տւել «փոփոխել մէկից հինգ պահանջները՝ սոյն հրահանգում նկարագրւած թերութիւնները վերացնելու համար»: Դատարանը յայտնել է, որ նրա հայցը «համարժէքօրէն չի ներկայացնում որեւէ դաշնային հայց, որը կարող է ճանաչւել նրա կողմից հայցւողներից որեւէ մէկի դէմ, ում նա դատի է տւել»: Դատաւորը շարունակել է. «Մինչ օրս հայցւորի պնդումները հետեւողականօրէն չեն համապատասխանել կիրառելի կանոններին, բայց դատարանը, այնուամենայնիւ, ընդունել է դրանք, նոյնիսկ առանց հայցւորի կողմից անհամապատասխանութիւնը ներելու խնդրանքի։  Հետագայում գործող կանոններին կամ կանոնակարգերին չհետեւելը կարող է հանգեցնել յայտերի մերժման»:

2025 թւականի ապրիլի 10-ին Բաղիրզադէն ներկայացրեց իր երրորդ փոփոխւած բողոքը, որը կազմում էր 198 էջ: Իր վերջին դիմումի մէջ նա որպէս նոր ամբաստանեալ աւելացրել էր «Արեւելեան ԱՄՆ-ի ՀՅԴ-ին՝ 100 անգամ նշելով այն», թէեւ դատաւորը նրան ասել էր, որ չի կարող նոր ամբաստանեալներ աւելացնել: Նա յայտարարեց, որ Դաշնակցութիւնը «դարեր շարունակ դաւադրութիւններ է կազմակերպել Ադրբեջանի երկու շրջանների բռնակցման ուղղութեամբ»․ անհիմն յայտարարութիւն, հաշւի առնելով, որ ո՛չ Դաշնակցութիւնը, ո՛չ Ադրբեջանը «դարեր շարունակ» գոյութիւն չեն ունեցել»: Դատարանը յայտարարեց, որ Բաղիրզադէն չի կատարել իր հրահանգները: «Նրա պահանջներից ոչ մէկը չի ընդունւել»:

Դատարանը Բաղիրզադէին նաեւ մեղադրել է «աւելի քան 30 ամբաստանեալի դատի տալու մէջ, իր բողոքը  մի քանի անգամ փոփոխելու եւ որեւէ ամբաստանեալի դէմ որեւէ հայց չներկայացնելու համար, որը ենթակայ չէ մերժման: Հայցւորը մեղադրում է ամբաստանեալներին համատարած յանցաւոր վարքագծի մէջ, եւ նրա փաստարկները յաճախ ստանում են ամբաստանեալների նկատմամբ ատելութեան, թշնամանքի, կասկածամտութեան կամ սարկազմի երանգ՝ ամբաստանեալներին անդրադառնալիս»: Նրա բողոքը «կրկնում է եւ փորձում արդարացնել իր նախկին յայտարարութիւններն այն մասին, որ մէկ այլ էթնիկ խմբի հայրենիքը «քաղցկեղային ուռուցք» է, եւ որ «մենք պէտք է հնարաւորինս շուտ վերացնենք [այդ էթնիկ խմբի] նախագիծը»: Նա իր բողոքում նաեւ «աներեւակայելիօրէն պնդում է, որ բոլոր ամբաստանեալները, որոնցից շատերը միմեանց հետ կապ չունեն եւ որոնցից մի քանիսը հանրային ընկերութիւններ են, միասին դաւադրութիւն են կազմակերպել նրան վնասելու նպատակով»։

Դատաւորն այնուհետեւ յայտարարեց, որ Բաղիրզադէի երրորդ բողոքը «աւելի քան երկուսուկէս անգամ աւելի երկար է, եւ կարծես թէ պարունակում է նմանատիպ երեւակայական մեղադրանքներ՝ աւելի ընդլայնելով ենթադրեալ դաւադրութիւնը»: Ինչպէս իր երկրորդ բողոքը, երրորդում եւս «նա շարունակում է իր կեանքի իրադարձութիւնները վերագրել ամբաստանեալների չարամիտ դաւադրութեանը՝ նման ենթադրեալ վերագրումների համար առանց որեւէ փաստացի հիմքի, օրինակ, մի օր իր բնակարանում ճանճեր գտնելը, հիւրանոցի համարում ուտիճ յայտնաբերելը կամ իր մեքենայի քարշակումը ուրիշի տարածքում կայանելուց յետոյ»: Նրա երրորդ բողոքը «այժմ աւելի հեռուն է գնում՝ մեղադրելով ամբաստանեալներին (ի թիւս այլ բաների) միջազգային ահաբեկչութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ Կոնգրեսը ներգրաւելու մէջ՝ իրեն հետապնդելու համար: Հայցւորը նաեւ աւելացնում է բազմաթիւ «կողմ չհանդիսացող յանցակիցների», այդ թւում Կալիֆորնիայի եօթ նահանգային կամ դաշնային դատաւորների. ենթադրւում է, որ այն անձինք, որոնք նեղացրել են հայցւորին, դրանով իսկ նրա դէմ յանցաւոր դաւադրութեան մաս են կազմում: Այլ կերպ ասած, ամբաստանեալները, ըստ երեւոյթին, պարտաւոր են պատասխանել ընդլայնւող միջնորդութիւններին, որոնք էլ աւելի են շեղւում իրականութիւնից։ Այս գործօնը խօսում է մերժման օգտին»:

Դաշնային դատաւոր Ռոբերտ Հիւին այլ ելք չունէր, քան մերժել Բաղիրզադէի հայցը, յայտարարելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողութիւն կը հակասէր արդարադատութեան շահերին»:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button