Յակոբ Բադալեան. «Թուրքիան պարզապէս խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ»

«ԱԼԻՔ» – «Հայաստանն ու Թուրքիան յայտարարել են դիւանագիտական անձնագիր ունեցողների, յատուկ եւ ծառայողական անձնագիր ունեցողների համար էլեկտրոնային վիզաների անվճար տրամադրման, վիզաների տրամադրման գործընթացը դիւրացնելու մասին:
Դա կը լինի յունւարի 1-ից: Ինչպէս ասել էր Էրդողանը մի երկու շաբաթ առաջ՝ խորհրդանշական քայլեր են կատարւում: Այս քայլերը սակայն անգամ խորհրդանշական անւանելն է այսպէս ասած չափազանցութիւն: Իհարկէ չեն սահմանափակւի սրանով»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը՝ շարունակելով.
«Կարծում եմ, որ մինչեւ խորհրդարանի ընտրութիւն կը լինի եւս մի քայլ՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը: Այդ համաձայնութիւնների մասին Երեւանն ու Անկարան յայտարարել են դեռեւս 3 տարի առաջ՝ 2022 թւականի յուլիսին, յատուկ բանագնացների հանդիպումից յետոյ: Եւ երեք տարի չի իրականացւել այդ պայմանաւորւածութիւնը, մինչ Հայաստանը չի կատարել մի շարք պայմաններ: Հակառակ դէպքում հարց է առաջանում, թէ ինչո՞ւ պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել 2022-ին, բայց դրանցից առաջինը կատարւում է միայն 2026-ին:
Որովհետեւ եղել են պայմաններ, որոնք կատարւել են այդ ընթացքում: Ուզում եմ յիշեցնել, որ 2022 թւականի յուլիսին Վիեննայում կայացած այդ հանդիպումը չորորդն էր յատուկ բանագնացների մակարդակով: Հետաքրրքիր էր ժամանակագրութիւնը: Ուրեմն 2022 թւականի յունւարից սկսած հանդիպել են չորս անգամ՝ Մոսկւայում ու Վիեննայում, եւ չորրորդ հանդիպմանն առաջին անգամ յայտարարել են, որ ինչ որ բան են պայմանաւորւել:
Եւ ուշադրութիւն՝ դրանից յետոյ այլեւս չի եղել հանդիպում երկու տարի, իսկ հինգերորդ հանդիպումը եղել է միայն 2024 թւականի յուլիսին: Եւ սա եւս վկայում է, որ պայմանաւորւածութիւնից յետոյ անցած ժամանակահատւածում եղել է աշխատանք պայմանները կատարելու ուղղութեամբ, որն այսպէս ասած ի մի է բերւել 2024 թւականի յուլիսից սկսած: Իհարկէ ակնառու է, որ այս ամէնը միայն ձեւով է, որ կապ ունի հայ-թուրքական յարաբերութիւն կարգաւորելու հետ: Իսկ բովանդակութեամբ՝ Թուրքիան պարզապէս խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ: Պաշտօնական Երեւանն էլ իհարկէ խաղում է իր նախընտրական խաղը, ձգտելով անհրաժեշտ «հաշւի»»:



