Պուտինը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի կողմից իր նստավայրի վրայ յարձակումը
ԱՄՆ նախագահը դժգոհ է Կիեւից

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի ուշադրութիւնը հրաւիրել է Կիեւի կողմից Նովգորոդի մարզում գտնւող իր նստավայրի վրայ անօդաչու թռչող սարքերի յարձակման վրայ: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը: Հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով։
«Պուտինի նստավայրի վրայ անօդաչու թռչող սարքերի յարձակումը տեղի է ունեցել Մար-ա-Լագոյում ԱՄՆ-Ուկրաինա բանակցութիւններից անմիջապէս յետոյ:
Պուտինը շատ յստակ ասել է Թրամփին, որ Ռուսաստանի դիրքորոշումը կը վերանայւի Կիեւի պետական ահաբեկչութեան լոյսի ներքոյ: Թրամփի եւ Զելենսկու որոշ նւաճումներ, Ռուսաստանի կարծիքով, հնարաւորութիւն են տալիս Ուկրաինային խուսափել իր պարտաւորութիւններից»,- յայտարարել է Ուշակովը:
Ըստ նրա՝ Թրամփը Պուտինին ասել է, որ «նոյնիսկ չի կարող պատկերացնել այնպիսի խելագար գործողութիւններ, ինչպիսին է Ռուսաստանի նախագահական նստավայրի վրայ անօդաչու թռչող սարքերի յարձակումը»:
«Թրամփն ինքն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը, «շնորհակալութիւն Աստծոյ, չի տրամադրել «Տոմահաւկ» հրթիռներ Կիեւին»: Թրամփը յայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական նստավայրի վրայ անօդաչու թռչող սարքերի յարձակումը կազդի Զելենսկու հետ աշխատելու ամերիկեան մօտեցումների վրայ»,- ընդգծել է Կրեմլը:
Նրա խօսքով՝ Թրամփը եւ նրա խորհրդականները Պուտինին տեղեկացրել են Զելենսկու հետ իրենց բանակցութիւնների արդիւնքների մասին։
Ուշակովը յայտնել է, որ Պուտինը այս տարի 17 հանդիպում է ունեցել ամերիկացի ներկայացուցիչների հետ, այդ թւում՝ 10 զրոյց Թրամփի հետ։



