
«ԱԼԻՔ» – Իրանում յունւարի 19-ի քաղաքական օրակարգը խտացւած էր երեք հիմնական թեմաներով. Իրանի գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների ղեկավարների կողմից ժողովրդին ուղղւած համատեղ շնորհակալութեան յայտարարութիւնը, խորհրդարանում որոշ նախարարների հարցաքննութեան գործընթացի դադարեցումը եւ միջազգային ինտերնետի վերականգնման վերաբերեալ վերջին տեղեկութիւններն ու յայտարարութիւնները։
ԻԻՀ նախագահը, Խորհրդարանի նախագահը եւ Գլխաւոր դատախազը համատեղ յայտարարութեամբ շնորհակալութիւն են յայտնել «Իրանի իմաստուն, ազնիւ եւ պահը գիտակցող» (ձեւակերպումը բնագրից,ԽՄԲ) ժողովրդին՝ թշնամիների կողմից Իրանի ինքնիշխանութեան դէմ ուղղւած ամենաբարդ դաւադրութիւնները չէզոքացնելու համար։
Նրանք հաւաստիացրել են, որ երեք ճիւղերի ղեկավարները պարտաւորւում են օր ու գիշեր աշխատել կենցաղային եւ տնտեսական խնդիրների լուծման եւ հասարակական անվտանգութեան ապահովման համար։ Յայտարարութեան մէջ ընդգծւել է նաեւ, որ ցուցարարներին՝ «խռովարարներից» տարբերակելով, ինչպէս նաեւ իրաւապահ մարմինների գործողութիւններով, չէզոքացւել են վերջին դառը իրադարձութիւնների սցենարը։
Նախարարների հարցաքննութեան կասեցումը
Խորհրդարանի դիւանի անդամներից մէկը ԻՌՆԱ-ին յայտնել է, որ որոշ նախարարների հարցաքննութեան գործընթացը ժամանակաւորապէս կասեցւել է։ Որոշումը կայացւել է՝ հաշւի առնելով Իրանի գերագոյն առաջնորդի յստակ դիրքորոշումը՝ «օգնել կառավարութեանը եւ պահանջել նախարարներից կրկնակի աշխատանք»։
Միջազգային ինտերնետի վերականգնման ժամկէտը
Խորհրդարանում Անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ղեկավարը հաստատել է, որ միջազգային ինտերնետի վերականգնման հարցը քննարկւում է Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի (ՇՈԱՄ) եւ Ինտերնետի Կառավարման Շտաբի (ՇԱՔ) կողմից։
«Հէնց որ ստեղծւեն անվտանգութեան համապատասխան պայմանները, որոնք կը երաշխաւորեն ամբողջական անվտանգութիւնը եւ սպառնալիքի բացակայութիւնը, համապատասխան մարմինները կը կայացնեն անհրաժեշտ որոշումները։ Թիրախը այնպիսի գործելաձեւ է, որը չի խանգարի բիզնեսին, կրթական եւ հաղորդակցական հարցերին»,- ասել է նա՝ աւելացնելով, որ ՇՈԱՄ-ը եւ ՇԱՔ-ը որոշումը կը կայացնեն մի քանի օրւայ ընթացքում։
Անվտանգութեան մարմինների զեկոյցները
Անվտանգութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ յայտարարելով Թեհրան, Համեդան եւ Խուզեստան նահանգներում մի քանի ահաբեկչական խմբերի ձերբակալութիւնների մասին, ներառեալ Թեհրանփարսի ոստիկանական բաժանմունքի վրայ յարձակման մասնակիցների։
Խորհրդարանում Անվտանգութեան յանձնաժողովի նախագահի խօսքով վերջին օրերին վիրաւորւել է 3700-ից աւելի մարդ։ Բացի այդ, վնասւել կամ ոչնչացւել է 2221 ոստիկանական ու բասիջի աւտօմեքենայ, ինչպէս նաեւ 250 դպրոց, 90 ճեմարան (հոզէ) եւ 300 մզկիթ, մոքեբ կամ հոսէյնիէ։



