Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են Եռաբլուր

Հայոց բանակի կազմաւորման 34-րդ տարեդարձի կապակցութեամբ, յունւարի 28-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են Եռաբլուր պանթէոն:

Նրանք ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում՝ ի յիշատակ նահատակ հայորդիների, որոնք անմնացորդ նւիրւեցին հայրենիքի ազատագրութեան պայքարին։

«Հակառակորդը խօսում է խաղաղութեան մասին, բայց ամէն օր յատուկ նշանակութեան նոր ստորաբաժանումներ ու զօրամասեր է ձեւաւորում, իսկ Հայաստանը նոր յատուկ նշանակութեան ստորաբաժանումների ու կառոյցների փոխարէն ոստիկանական ստորաբաժանումներ է ձեւաւորում»,- լրագրողների հետ զրոյցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը:

Անդրադառնալով բանակի օրւայ նշանակութեանը՝ Սէյրան Օհանեանը նշել է. «Ես մեր ժողովրդին շնորհաւորում եմ հայկական բանակի կազմաւորման կապակցութեամբ: Իհարկէ այսօր տօնակատարութիւնները այն մեծ շուքով ու տրամադրութեամբ չեն նշւում, ինչպէս նախկինում էինք նշում, որովհետեւ մենք 44-օրեայ պատերազմի ընթացքում պարտութիւն ենք կրել, այնուհետեւ բազմաթիւ անյաջողութիւններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիւ ես գտնում եմ, որ հայկական բանակն այն կառոյցն է, որը պատշաճ ուշադրութեան պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնւել: Մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պէտք է լինի իր անվտանգութեան երաշխաւորը, բանակը իւրաքանչիւր պետութեան ռազմական հզօրութեան առանցքն է»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը իր հերթին լրագրողների հետ զրոյցում ասաց. «Ես համոզւած եմ, որ մեր նորանկախ պատմութեան ամենամեծ ձեռքբերումն է Հայոց բանակը։ Անկախ նրանից՝ ինչ վիճակում ենք, ինչ հոգեբանական վիճակում ենք, սա տօն է, սա կարեւորագոյն տօն է եւ դրա առիթով շնորհաւոր բոլորիս։ Մենք պետութիւն ստեղծել ենք, որ անվտանգ լինենք ու այդ անվտանգութեան ամենակարեւոր, ամենահիմնական հիմնասիւնը մեր բանակն է»:

Arfd.am

Related Articles

Back to top button