ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը նամակ է յղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսին

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսի Հայաստան այցի առիթով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը նամակ է յղել նրան:
Նամակի մի բաժնում այսպէս է նշւել.
«Մեծարգոյ պարոն փոխնախագահ,
Ձեր առաջիկայ այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բաւական բարդ պայմաններում։ Հայաստանը մի կողմից դիմագրաւում է արտաքին ագրեսիայի, ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիայի՝ հարեւան երկրների կողմից ապօրինի շրջափակման եւ թշնամական քաղաքականութեան տեսքով, միւս կողմից դիմագրաւում է ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամի, դատական համակարգի քաղաքական վերահսկողութեան, իշխանութեան կողմից օրէնքի գերակայութեան ոտնահարման, ընդդիմադիրների նկատմամբ համակարգային ճնշումների ու հալածանքների։
Հայաստանի իշխանութիւնների ամբողջատիրական ձգտումները չեն շրջանցել նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ եկեղեցին իշխանութիւնների քաղաքական կամքին ենթարկելու մտադրութեամբ։ Տասը բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ յարուցւած են շինծու քրէական գործեր։ Նշւած հոգեւորականներից մէկն արդէն դատապարտւել է երկու տարի ազատազրկման, իսկ երեքի նկատմամբ կալանաւորումը կիրառւած է որպէս խափանման միջոց։ Հայաստանի իշխանութիւններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը՝ այդպիսով կոպտօրէն ոտնահարելով Հայաստանի օրէնսդրութիւնն ու միջազգային կոնւենցիոն պարտաւորութիւնները»։
Այլ բաժնում նշւած է. «Պարոն փոխնախագահ, Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողութիւնների մասին, ամենեւին չենք ակնկալում Ձեր միջամտութիւնը Հայաստանի Հանրապետութեան ներքին կեանքին։ Հայաստանի քաղաքական գործընթացների անկախութիւնը եւ աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտութեան բացառումը Հայաստանի Հանրապետութեան ընդդիմութեան առանցքային առաջնահերթութիւններից մէկն է։ Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին եւ հետամուտ է ընդդիմութիւնը։
Մեր ակնկալիքը Բաքւում ապօրինի պահւող մեր առնւազն 19 հայրենակիցների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեան, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրաւումն է։ Այս մարդիկ զրկւած են մարդու հիմնարար իրաւունքների պաշտպանութիւնից եւ խոշտանգումների են ենթարկւում բացառապէս իրենց ազգային ու կրօնական պատկանելութեան համար։
Համոզւած ենք, որ ամերիկեան գործող վարչակարգը, իր սկզբունքներին հաւատարիմ, կարող է լուծել մեր ժողովրդի ու պետութեան համար շատ կարեւոր այս խնդիրը՝ ինչն էապէս կը բարձրացնի նաեւ փոխվստահութեան մթնոլորտը հայ-ադրբեջանական բանակցութիւններում, ինչպէս նաեւ կուժեղացնի ամերիկեան միջնորդութեան դիրքերն ու կամրապնդի դրա հասարակական ընկալումը։
Պարոն փոխնախագահ, վերը յիշատակւած խնդիրները քննարկելու համար ուրախ կը լինենք Ձեզ հետ հանդիպելու Ձեր այցելութեան ընթացքում։ Մենք նման հանդիպումը համարում ենք յատկապէս կարեւոր՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ մեր գնահատականները փոխանցելու համար»:
Յաջողութեան եւ արդիւնաւէտ այցի մաղթանքներով՝
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն



