Հայրապետի նկատմամբ այս գործողութիւններն անհիմն են ու անօրինական
Մայր Աթոռը խստօրէն դատապարտում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է եւ խորը վրդովմունք յայտնում ՀՀ դատախազութեան կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու եւ Նորին Սրբութեան ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչութեամբ:
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողութիւններն անհիմն են ու անօրինական եւ կրում են ընդգծւած քաղաքական բնոյթ։
Եկեղեցու ներքին կեանքին միջամտելու ակնյայտ հակասահմանադրական եւ հակաօրինական այս կեցւածքով իշխանութիւնը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովւապետական գործունէութիւնը։ Այս ամէնը նաեւ անյարգալից վերաբերմունք է միլիոնաւոր հաւատացեալների եւ դարաւոր այն կառոյցի հանդէպ, որը եղել եւ մնում է հայոց պետականութեան անսասան յենասիւնը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անյապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների եւ քարտուղարի նկատմամբ կայացւած ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակութիւնը, նսեմացնում հայրենի պետութեան վարկն ու հեղինակութիւնը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին



