«Փաստ». Ի՞նչ պլաններ ունեն Արեւմուտքն ու Փաշինեանը երկաթուղու առումով

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայ-ռուսական յարաբերութիւններն առաջիկայում էլ աւելի սրւելու վտանգի տակ են։ ՀՀ իշխանութիւնները, մեր տեղեկութիւններով, դիմել են որոշ արեւմտեան գործընկերների՝ «Հարաւկովկասեան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու եւ շահագործելու համար։
Անցած շաբաթ Նիկոլ Փաշինեանը Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում յայտարարել էր, թէ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանութեան մէջ լուծել ռուսական կառավարման ներքոյ գտնւող հայկական երկաթուղու հարցը: Արդէն փետրւարի 13-ին նա յայտարարել էր, թէ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որեւէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրաւունքը։ Փաշինեանը նաեւ յաւելել էր, թէ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առաւելութեան կորուստ ենք ունենում»։
Փաշինեանի այս յայտարարութիւնը յաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկի խօսքին, թէ Մոսկւան ու Երեւանը բանակցութիւններ կը սկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատւածների վերականգնման շուրջ, որոնք կապւած են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ըստ Օվերչուկի՝ նման որոշում է կայացւել «հայկական կողմի դիմումի համաձայն եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդէպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»:
Նման զարգացումը, որ ՌԴ-ն իրականացնի երկաթուղիների երկու հատւածների վերականգնման աշխատանքները, չեն բխում Փաշինեանի շահերից։ Միւս կողմից էլ՝ «Հարաւկովկասեան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրն աւարտւում է 2038 թւականին, թէեւ, ըստ պայմանագրի, 2028 թւականին կողմերից մէկը կարող է լուծել պայմանագիրը։ Արեւմուտքը Փաշինեանին պարտադրում է շուտափոյթ իրականացնել կոնցեսիոն պայմանագրի լուծումը։ Մեր աղբիւրի փոխանցմամբ, Փաշինեանն այժմ գաղտնի բանակցում է Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ։ Աւելի վաղ յայտնել էինք, որ երկաթուղու հարցին բաւականին ծաւալուն անդրադարձ է եղել Փաշինեանի եւ Վենսի ընդլայնւած կազմով հանդիպմանը։ Հայկական կողմից հնչած միակ պահանջը եղել էր այն, որ եթէ նոր ընկերութիւն է ներգրաււելու, ապա թուրքական կամ ադրբեջանական կապիտալ այդ երկաթուղային ընկերութիւնում չլինի։ Ամերիկացիները չեն խոստացել, փոխարէնը նշել են, որ կարող են կառավարումն իրականացնել օֆշորային ընկերութիւնում գրանցւած որեւէ ընկերութեան միջոցով, որի իրական սեփականատէրերին պարզելը չափազանց բարդ է լինելու։



