Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. Տգիտութիւն եւ էժան մանիպուլիացիաներ տարածելով արդիւնքի չէք հասնելու

ՔՊ-ի տգիտութեան եւ մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի չորս նւիրապետական աթոռ. Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն (Էջմիածին), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւն (Անթիլիաս), Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւն եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւն։

Այս աթոռները ձեւաւորւել են դարեր առաջ, եւ Յարութիւնեանը պարտաւոր էր դա սովորել ՀԱՅՈՑ պատմութեան դասերին (եթէ, իհարկէ, դասագրքերից այդ էջերն էլ չեն հասցրել հեռացնել)։ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն «Անթիլիասի պատրիարքութիւն» կոչելը կա՛մ բացարձակ տգիտութիւն է, կա՛մ Կաթողիկոսութեան կարգավիճակը պատրիարքութեան մակարդակի իջեցնելու ՔՊ-ական փորձ։

ՀՅԴ-ն Եկեղեցու իրաւունքները պաշտպանել է միշտ՝ սկսած Օսմանեան եւ Ցարական կայսրութիւնների ժամանակներից։ Յիշեցնենք, որ 1903-ին, երբ ցարական իշխանութիւնը բռնագրաւում էր եկեղեցապատկան գոյքն ու փակում հայկական դպրոցները, հէնց Դաշնակցութիւնն էր, որ զէնքը ձեռքին կանգնեց Եկեղեցու կողքին։ Այդ պայքարի համար էր, որ օրւայ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկը ՀՅԴ-ին բնորոշեց որպէս «Հայկական ասպետութիւն»։

Յարութիւնեանի պնդումը, թէ 90-ականներին Դաշնակցութիւնը խանգարել է «աթոռների միաւորմանը», պարզապէս զուրկ է փաստական հիմքից։

Ինչպէս ցարական եւ սովետական բռնապետութիւնների օրերին, այնպէս էլ այսօր, երբ Հայաստանի գործող իշխանութիւնը թիրախաւորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Դաշնակցութիւնը եղել է եւ մնալու է նրա անսասան պաշտպանը։

Գիտեմ՝ դա ծանր ու ցաւոտ էք տանում, բայց տգիտութիւն եւ էժան մանիպուլիացիաներ տարածելով արդիւնքի չէք հասնելու։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button