Քաղաքական

Փաշինեանն ամէն գնով երկարաձգում է իր իշխանութիւնը եւս հինգ տարով

Ցաւօք, յունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծւած խորհրդարանական ընտրութիւնները։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը կիրառեց բոլոր հնարաւոր՝ օրինական եւ անօրինական միջոցները՝ բաւարար քւէներ ստանալու եւ նրան կրկին վարչապետի պաշտօնում հինգ տարով վերընտրելու համար։

Փաշինեանը խախտել է Հայաստանի ընտրական օրէնսդրութեան բազմաթիւ դրոյթներ։ Նա իր քարոզարշաւի համար օգտագործել է պետութեան հսկայական ռեսուրսները՝ այդպիսով չարաշահելով վարչապետի իր պաշտօնը։ Նա հրամայել է ձերբակալել ընդդիմութեան հարիւրաւոր անդամների՝ նրանց ներկայացնելով ընտրութիւններին միջամտելու շինծու մեղադրանքներ։ Նա սպառնացել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին՝ դրանով իսկ ոտնահարելով դատարանների անկախութիւնը։ Նա այս սպառնալիքները կրկնել է նոյնիսկ ընտրութիւնների օրը՝ իր յաղթանակի ելոյթի ժամանակ։

Մէկ տարի առաջ Փաշինեանը հրամայեց ձերբակալել յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանին, որը մի քանի ամիս անօրինական կերպով բանտարկւելուց յետոյ այժմ գտնւում է տնային կալանքի տակ։ Այսպիսով, Փաշինեանը զրկեց իր հիմնական ընդդիմադիր մրցակցին խորհրդարանական ընտրութիւններում քարոզարշաւ անցկացնելու հնարաւորութիւնից։

Վարչապետը, հաւանաբար, շինծու մեղադրանքներով կը ձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ այդպիսով շարունակելով իր վրէժխնդրական յարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ։ Նրա հրամանով բարձրաստիճան մի քանի հոգեւորականներ ամիսներ շարունակ անարդարացիօրէն բանտարկւած են եղել, թէեւ նրանցից երկուսի խափանման միջոցը վերջերս փոխարինւել է տնային կալանքով։

Փաշինեանը նաեւ ընտրական իրաւունքից զրկել է տասնեակ հազարաւոր արցախահայերի, որոնք տարիներ շարունակ եղել են Հայաստանի քաղաքացիներ՝ վախենալով, որ նրանք կը քւէարկեն իր կուսակցութեան դէմ։

Երբ Մոսկւայում բնակւող հազարաւոր ՀՀ քաղաքացիներ որոշեցին մեկնել Հայաստան՝ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար, Փաշինեանը հրամայեց «Զւարթնոց» օդանաւակայանում եւ Վրաստան-Հայաստան սահմանին արգելափակել նրանց տեղաշարժը՝ որպէս պատրւակ օգտագործելով 25-օրեայ զինւորական վարժական հաւաքներին ներգրաււելու անհրաժեշտութիւնը։ Սա, իրականում, ակնյայտ փորձ էր՝ խոչընդոտելու Հայաստանի քաղաքացիների ընտրական իրաւունքի իրացմանը։

Այս ամենից յետոյ, ըստ հաղորդումների, ընտրողների շուրջ 50 տոկոսը (աւելի քան 700,000 քաղաքացի) քւէարկել է Փաշինեանի կուսակցութեան օգտին՝ աչք փակելով նրա ձախողւած կառավարման վրայ, որը յանգեցրեց 2020 թւականի պատերազմում կրած կործանարար պարտութեանը՝ խլելով հազարաւոր զինւորների կեանքեր եւ էլ աւելի շատերին թողնելով վիրաւոր։ Այնուհետեւ նա թոյլ տւեց Ադրբեջանին 2023 թւականին բռնազաւթէ ողջ Արցախը՝ այն բանից յետոյ, երբ 2019 թւականին յայտարարել էր, թէ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։

Նա անտեսեց Բաքւում բանտարկւած Արցախի հայ ղեկավարների ծանր վիճակը, չսատարեց 120,000 արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրաւունքին եւ ձախողեց իր պարտականութիւնը՝ ազատագրելու Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի այն հատւածները, որոնք 2021 եւ 2022 թւականներից ի վեր գտնւում են ադրբեջանական օկուպացիայի տակ։

Փաշինեանը Հայաստանի հասարակութիւնը բաժանեց «սեւերի» եւ «սպիտակների»՝ իր համակիրների եւ ընդդիմախօսների։ Նա երկրի բոլոր խնդիրների համար կեղծ կերպով մեղադրեց նախկին ղեկավարներին, թէեւ արդէն ութ տարի է, ինչ զբաղեցնում է վարչապետի պաշտօնը։ Նա պառակտեց արցախահայութեանը ու հայաստանցիներին եւ թշնամանք սերմանեց Սփիւռքի նկատմամբ։

Նրա կործանարար քայլերը շարունակւում են։ 2020 թւականի պատերազմից ի վեր նա գնացել է այն բոլոր զիջումներին, որոնք պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա համաձայնել է փոխել Հայաստանի Սահմանադրութիւնը եւ քննարկում է նախկին չորս ադրբեջանական անկլաւների փոխանցումը Ադրբեջանին։

Ընդդիմադիր այն փոքր կուսակցութիւնները, որոնք չունէին անցողիկ 4 տոկոսի շեմը յաղթահարելու իրատեսական հնարաւորութիւն, չպէտք է մասնակցէին ընտրութիւններին, քանի որ նրանց ձայների 50 տոկոսը, Հայաստանի արտառոց ընտրական օրէնսդրութեան համաձայն, վերաբաշխւելու է Փաշինեանի կուսակցութեանը։ Տասնվեց կուսակցութիւնների եւ երկու դաշինքների մասնակցութիւնն ընտրութիւններին չափազանց շատ է Հայաստանի նման փոքր երկրի համար։

Յունիսի 7-ին, երբ ձայների դեռ միայն չնչին մասն էր հաշւարկւած, Փաշինեանը շտապեց յայտարարել ընտրութիւններում իր յաղթանակի մասին՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական յանձնաժողովի վրայ՝ իր կուսակցութեանը յաղթող հռչակելու համար։ Սա բացայայտ միջամտութիւն էր ընտրական գործընթացին։

Փաշինեանին յաջողւեց մոլորեցնել հայ ընտրողների մեծամասնութեանը՝ խոստանալով գոյութիւն չունեցող խաղաղութիւն: Ալիեւը չի շտապում ստորագրել խաղաղութեան պայմանագիրը, քանի որ ակնկալում է նորանոր զիջումներ կորզել Փաշինեանից: Նոյնիսկ 2025 թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի, Ալիեւի եւ Փաշինեանի միջեւ կայացած հանդիպումը չհանգեցրեց Ադրբեջանի ղեկավարի վրայ այնպիսի ճնշման, որը կը ստիպէր նրան ստորագրել պայմանագիրը։

Այնուամենայնիւ, ամէն ինչ չէ, որ կորած է։ Հայ ժողովուրդը Փաշինեանից ազատւելու երկրորդ հնարաւորութիւն ունի. առաջիկայ ամիսներին, երբ նա հայ ժողովրդին դիմի հանրաքւէով հաստատել կամ մերժել Հայաստանի նոր Սահմանադրութեան իր, աւելի ճիշտ՝ Ալիեւի տարբերակը, պէտք է գործադրել բոլոր ջանքերը այն տապալելու համար, թէեւ Փաշինեանը կանի հնարաւոր ամէն ինչ դրա հաստատումն ապահովելու համար։

Քանի որ Ալիեւը խաղաղութեան պայմանագրի ստորագրումը պայմանաւորել է նոր Սահմանադրութեան ընդունմամբ, Փաշինեանը քաղաքականապէս կործանւած կը լինի, եթէ չստանայ ժողովրդի հաւանութիւնը։ Նոյնիսկ եթէ նա մերժի այդ պահին հրաժարական տալ, միեւնոյն է կը դառնայ հայ ազգի ծաղրի առարկան, եւ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բաւարարելու նրա մեծ ծրագրերն ի չիք կը դառնան։

Վերջապէս, նրանց համար, ովքեր անդադար կրկնում են մեզ՝ Փաշինեանին քննադատողներիս, թէ հայ ընտրողներն արդէն ասել են իրենց խօսքը, եւ մենք իրաւունք չունենք միջամտելու Հայաստանի ներքին գործերին, ահա իմ հետեւեալ պատասխանները.

1. Ես չեմ միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Ես պարզապէս օգտւում եմ իմ կարծիքն ազատ արտայայտելու իրաւունքից։

2. Որպէս լրագրող եւ ազատ երկրում ապրող քաղաքացի՝ ես իրաւունք ունեմ արտայայտել իմ կարծիքը ցանկացած թեմայի շուրջ, յատկապէս՝ Հայաստանին առնչւող կարեւորագոյն հարցերի վերաբերեալ։

3. Ինչո՞ւ է ստացւում այնպէս, որ երբ ես կարծիք եմ յայտնում Չինաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ, ոչ ոք ինձ չի մեղադրում միջամտութեան մէջ, բայց հէնց անդրադառնում եմ հայրենիքիս, Փաշինեանի կողմնակիցներն անմիջապէս փորձում են լռեցնել ինձ։

4. Որպէս Հայաստանի երկքաղաքացի՝ ես ունեմ բոլոր իրաւունքները՝ արտայայտելու իմ կարծիքը եւ ներգրաււելու Հայաստանի ներքին գործերում։

5. Ի վերջոյ, Փաշինեանի կողմնակիցների իրական խնդիրը ոչ թէ այն է, թէ արդեօք ես Հայաստանի մասին խօսելու իրաւունք ունեմ, այլ այն փաստը, որ ես քննադատում եմ Փաշինեանին։ Եթէ ես գովաբանէի նրան, նրա աջակիցներից որեւէ մէկը չէր պնդի, թէ ես դրա իրաւունքը չունեմ։

Փաշինեանի աջակիցները պէտք է աւելի շատ մտահոգւած լինէին օտարերկրեայ ղեկավարների, այդ թւում՝ Միացեալ Նահանգների, Եւրամիութեան եւ Ռուսաստանի գործողութիւններով, որոնք միջամտել են Հայաստանի ընտրութիւններին։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button