Վահէ Դաւթեան. «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցւածքային չափումը»

Քաղակական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վահէ Դաւթեանը գրում է.
«Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդիւնքներով ընդունւած համատեղ հռչակագրի մէջ կրիտիկական ենթակառուցւածքներին վերաբերող հատւածներն առաջին հայեացքից ներկայացւում են որպէս զարգացման, արդիականացման եւ «կապակցւածութեան» օրակարգ։ Սակայն այդ ձեւակերպումների խորքում թաքնւած է մի աւելի լուրջ խնդիր՝ ենթակառուցւածքային վերահսկողութեան աստիճանական վերաձեւում։
Էներգետիկա
Էներգետիկայի մասին հատւածներում շեշտւում են դիւերսիֆիկացիան, էներգետիկ անցումը, ցանցերի ամրապնդումը եւ եւրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Բայց այստեղ առանցքային խնդիրը ոչ թէ էներգետիկայի զարգացումն է, այլ այն, թէ որ, իսկ աւելի շուտ՝ ում տրամաբանութեամբ է այդ զարգացումն իրականացւելու։ Դիւերսիֆիկացիան ներկայացւում է որպէս կախւածութեան նւազեցում, սակայն իրականում այն կարող է վերածւել կախւածութեան ուղղակի փոփոխութեան՝ դէպի եւրոպական կարգաւորիչ եւ տեխնոլոգիական համակարգեր։
Ամենազգայուն կէտը միջուկային էներգետիկան է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտէզի վերաբերեալ ԵՄ աջակցութիւնը ձեւակերպւում է որպէս տեխնիկական եւ անվտանգային համագործակցութիւն, սակայն փաստացի այն արձանագրում է մի գործընթաց, որի վերջնարդիւնքը ակնյայտ է՝ գործող ատոմային բլոկի փակումը։ Հարց է առաջանում՝ ինչով է այն փոխարինւելու։ Հռչակագրում դրա մասին յստակ պատասխան չկայ։ Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի բազային, կայուն հզօրութիւնը դրւում է հարցականի տակ՝ առանց համարժէք այլընտրանքի։ ՅիշԷք Իգնալինի ԱԷԿ-ը, որը կոնսերւացւեց Լիտւայի ԵՄ անդամակցելուց յետոյ՝ առանց նոր հզօրութիւնների ձեւաւորման: Արդիւնքում Լիտւան առ այսօր ստիպւած է թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինաւիայից:
Ու ամենակարեւորը՝ հռչակագրում խօսւում է Սեւծովեան էլեկտրամալուխին Հայաստանի միանալում հեռանկարի մասին: Վերջինս ԵՄ-Ադրբեջան համատեղ մի նախաձեռնութիւն է, որը կոչւած է ադրբեջանական «կանաչ» էներգիան արտահանել եւրոպական շուկայ: Ակնյայտ է, որ առանց կայուն գեներացնող հզօրութիւնների Հայաստանն այդ հաղորդակցութեան մէջ պարզապէս անելիք չունի: Ակնյատ է նաեւ, որ առկայ պայմաններում Բաքուն ամէն կերպ խոչընդոտելու է Հայաստանի միացումը ադրբեջանական լոբբիզմի արդյունք հանդիսացող այդ մալուխին:
Տրանսպորտ
Հռչակագրի տրանսպորտային հատւածում նոյն տրամաբանութիւնն է։ Խօսւում է Անդրեւրոպական ցանցերին ինտեգրման, հաղորդակցութիւնների բացման, «Խաղաղութեան խաչմերուկի» մասին։ Սակայն այստեղ եւս կարեւոր է հասկանալ՝ Հայաստանը դիտարկւում է ոչ այնքան որպէս ինքնուրոյն տրանսպորտային քաղաքականութիւն ձեւաւորող սուբիեկտ, այլ որպէս միջանցք:
Այս համատեքստում առանձնայատուկ նշանակութիւն ունի ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարութիւնը, որի շրջանակում Հայաստանում նախատեսւող ներդրումները գնահատւում են մինչեւ 2,5 միլիարդ եւրօ։ Սա ներկայացւում է որպէս կապակցւածութեան եւ ենթակառուցւածքային զարգացման խթան, սակայն իրականում այն ուղղակիօրէն կապւած է Միջին միջանցքի ձեւաւորման եւ Եւրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ շղթաների վերակառուցման հետ։
Նոյն տրամաբանութեան մէջ յիշատակւող ԹՐԻՓՓ ծրագիրը, որը ներկայացւում է որպէս տարածաշրջանային կապակցւածութեան խթանող նախաձեռնութիւն, իրականում բացայայտում է մէկ այլ շերտ։ Այն փաստացի ամրապնդում է ԱՄՆ-ի դերակատարութիւնը Միջին միջանցքում՝ վերահսկելով Եւրոպայի կապերը Ասիայի հետ։ Այստեղ առաջանում է ակնյայտ հակասութիւն. մի կողմից՝ խօսւում է եւրոպական ինտեգրման մասին, միւս կողմից՝ այդ նոյն միջանցքային ճարտարապետութիւնը ձեւաւորւում է նաեւ ԱՄՆ ռազմավարական շահերի ներքոյ, որի նպատակն է տւեալ դէպքում փաստացի վերահսկողութեան տակ վերցնել Եւրոպա-Ասիա լոգիստիկ կապն ու դրա հնարաւոր կոնֆիգուրացիաները:
Այս պայմաններում Հայաստանը հանդէս է գալիս ոչ թէ որպէս այդ գործընթացների համահեղինակ, այլ որպէս դրանց կիրառման տարածք, որպէս գործիք՝ արտաքին կենտրոնների կողմից նախագծւող լոգիստիկ համակարգում։
Ոչ, Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը զարգացման մասին չէ: Այն Հայաստանի ենթակառուցւածքային սուվերենութեան փուլային ապամոնտաժման քաղաքական քարտէզն է»։



