Վարդան Ոսկանեան. «Աննորմալ է՝ մէկն ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.
«Հայաստանում սպառողականութեան անսանձ քարոզի եւ թաքուցեալ գաւառականութեան միախառնման հետեւանքով ձեւաւորւել է խորապէս բարդոյթաւորւած մի նկատելի խաւ, որը թէեւ այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզւած է, որ Հայաստանը յետամնաց մի գաւառ է, իսկ Եւրոպան ամենայն առաջադիմութեան ակունք եւ օրինակ։
Հէնց սրանով է, ըստ իս, պայմանաւորւած եւրոպական որեւէ երկրի մուտքի արտօնագիր ստանալու անյագ մարմաջը եւ այդ նպատակով տարատեսակ նւաստացումների վրայ աչք փակելը։
Հայաստանի սրբազան տարածքի, պատկերաւոր ասած, մէկ-երկու քաղաքից բացի եւ Գառնի-Գեղարդից անդին երբեւիցէ չեղած այս խաւի «դասական» որեւէ ներկայացուցիչ յստակօրէն գիտէ ցանկացած պայմանական «Վիզէյրի» դէպի պայմանական Փարիզ իւրաքանչիւր աւիատոմսի գինը եւ տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան եւ համալրել «երջանիկների» շարքը։
Հէնց այս խաւի կրքերը յագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրւում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարեւոր եւրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտւող ուռճացւած խօսոյթը, մինչդեռ գրեթէ մոռացւել է, որ ոչ մի վիզայով այլեւս հնարաւոր չէ այցելել ընդամէնը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկիւն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։
Նողկալի է, երբ հէնց այս խաւի եւ դրա կրքերը յագուրդ տալուն միտւած ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղւել բնական, առողջ եւ աստւածահաճոյ մղումը կրկին հնարաւորութիւն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռեւս 5-րդ դարում դպրոցի աւանդոյթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։
Աննորմալ է, երբ որեւէ մէկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գաւառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարօնի Հացեկաց գիւղում, եւ ձգտում հայրենիքի այս սրբազան անկիւնների բնական քաղցրութիւնը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնութեամբ»։



