«Արցախը Հայաստան է»-ից մինչեւ «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ էր». քաղաքական շրջադարձի լաբիրենտը

«ԱԼԻՔ» – Հայաստանի քաղաքական զարգացումներում վերջին տարիներին ամենաուշագրաւ երեւոյթներից մէկը իշխանութեան հռետորաբանութեան կտրուկ փոփոխութիւնն է։
Նոյն մարդը, ով մի ժամանակ յայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այսօր ասում է, որ «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։ Այսպիսի 180 աստիճանի շրջադարձը պարզապէս քաղաքական գնահատականի փոփոխութիւն չէ. այն ազդարարում է ամբողջական քաղաքական եւ գաղափարական վերաիմաստաւորում։
Վերջին յայտարարութեան մէջ Նիկոլ Փաշինեանը նաեւ պնդում է, թէ Հայաստանի հաշւին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել՝ փորձելով ցոյց տալ, որ Հայաստանի խնդիրների պատճառներից մէկը եղել է Արցախին փոխանցւած աջակցութիւնը։ Այս ձեւակերպումը, սակայն, հասարակութեան մէջ ընկալւում է ոչ միայն որպէս տնտեսական գնահատական, այլեւ որպէս պատասխանատւութեան տեղափոխում հէնց Ղարաբաղեան շարժման եւ արցախահայութեան վրայ։
Մինչդեռ տարիներ առաջ նոյն քաղաքական ուժը Արցախի հարցը ներկայացնում էր որպէս ազգային ինքնութեան եւ անվտանգութեան հիմնարար բաղադրիչ։ Ժամանակին՝ Ազգային ժողովի ընտրութիւնների ֆոնին հնչող «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարութիւնը ներկայացւում էր որպէս աներկբայ ճշմարտութիւն։ Այսօր՝ սպասւող նոր ընտրութիւնների նախաշեմին, սակայն, նոյն թեման ներկայացւում է որպէս սխալ ուղի, որը Հայաստանին բերել է ծանր հետեւանքների։ Այս հակադրութիւնը հասարակագիտական առումով, եթէ չասենք, որ ուղղակի բացայայտում է տւեալ քաղաքական ուժի պատկերացումը սեփական ընտրազանգւածի մասին, ապա առնւազն յստակ ցոյց է տալիս այդ ընտրազանգւածի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու ընկալումը։
Միեւնոյն ժամանակ իշխանութիւնը շարունակում է յայտարարել՝ «Սիւնիքը Հայաստան է եւ վերջ»։ Սակայն Արցախի օրինակը շատերի մօտ բնական հարց է առաջացնում. եթէ երէկւայ աներկբայ ճշմարտութիւնը այսօր կարող է յայտարարւել «ճակատագրական սխալ», ապա ի՞նչ երաշխիք կայ, որ վաղը նոյն տրամաբանութիւնը չի կիրառւի Հայաստանի այլ տարածքների նկատմամբ։
Այս մտահոգութիւնը ուժեղանում է նաեւ սահմանազատման ընթացող գործընթացի ֆոնին։ Վերջին տարիներին Հայաստանը ոչ միայն կորցնում է բնակելի տարածքներ, այլ նաեւ կենսական նշանակութիւն ունեցող ճանապարհներ, որոնք երկար ժամանակ եղել են երկրի հիմնական հաղորդակցական զարկերակները։ Այս ամէնը ներկայացւում է որպէս «խաղաղութեան գործընթաց»։
Սակայն խաղաղութիւնը չի կարող կառուցւել միակողմանի զիջումների հիման վրայ։ Պատմական փորձը ցոյց է տալիս, որ խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ պետութիւնը կարողանում է պաշտպանել իր սեփականութիւնը եւ իր սահմանները։ Հակառակ դէպքում զիջումները յաճախ ոչ թէ աւարտում են հակամարտութիւնը, այլ նոր պահանջների հիմք են ստեղծում։
Միւս կարեւոր հարցը վերաբերում է Արցախահայութեան բռնի տեղահանութեանը։ Այդ իրադարձութեան վերաբերեալ իշխանութեան լռութիւնը միջազգային հարթակներում շարունակում է մնալ քննադատութեան առարկայ։ Միեւնոյն ժամանակահատւածում Բաքւից հնչող պահանջները՝ կապւած ադրբեջանցիների Հայաստանում հնարաւոր «վերաբնակեցման» թեմայի հետ, նոյնպէս չեն արժանացել կտրուկ մերժման։
Այս եւ նմանատիպ փաստերի համադրութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում լուրջ գաղափարական վերափոխում․ ազգային արժէքների եւ անվտանգութեան առաջնահերթութիւններից դէպի նոր քաղաքական օրակարգ, որտեղ այդ արժէքները յաճախ ներկայացւում են որպէս անցեալի բեռ։
Այս ֆոնին յաճախ յիշատակւում են նաեւ կրթական եւ մշակութային փոփոխութիւնները։ Օրինակ՝ դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի ներկայացման ձեւի փոփոխութիւնը շատերի կողմից ընկալւում է որպէս ազգային ինքնութեան կարեւոր տարրերի նսեմացում։ Թէեւ սա կարող է ներկայացւել որպէս տեխնոլոգիական նոր մօտեցում (QR CODE-ով), սակայն ազգարագէտերի ու մշակութաբանների կողմից այն դիտւում է որպէս ազգային մշակոյթի խորհրդանիշների արժէզրկման միտում։
Այս ամէնի համադրութիւնը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ իշխանութեան յայտարարութիւններն ու գործողութիւնները յաճախ ընկալւում են որպէս հակասական եւ նոյնիսկ պարադոքսալ։ Մի կողմից խօսւում է պետական սահմանների մասին, միւս կողմից հէնց այդ սահմանների վերաբերեալ հնչում են անորոշ ձեւակերպումներ։
Առջեւում Ազգային ժողովի ընտրութիւններն են, եւ այս հարցերը դառնում են ոչ միայն քաղաքական բանավէճի թեմայ, այլ նաեւ երկրի ապագայի վերաբերեալ ընտրութեան խնդիր։ Շատերի համար հարցը ձեւակերպւում է հետեւեալ կերպ. արդեօ՞ք Հայաստանը պէտք է շարունակի ներկայիս քաղաքական ուղին, թէ փորձի վերաիմաստաւորել իր պետական եւ ազգային առաջնահերթութիւնները՝ վերադառնալով դրանց։



