Վահէ Յովհաննիսեան. «Մի Զելենսկի խաղացնելու գինը արժէ՞ր` մեր տնտեսութեան բազմաթիւ ճիւղեր կանգնեն սնանկացման իրական վտանգի առաջ»

«Այլընտրանքային նախագծեր» խումբի անդամ Վահէ Յովհաննիսեանը գրել է.
««Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացւում».
Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում եւ սահմաններին հասնել դէէսկալացիայի։ Մէկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշաւի սկզբում ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթէ մենք մտածենք, թէ Հայաստանի ճակատագիրը որոշւելու է որեւէ այլ մայրաքաղաքում։ Հայաստանի ճակատագիրը չի որոշւում ո´չ Մոսկւայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրիւսէլում, ոչ՝ Փարիզում։ Հայաստանի ճակատագիրը որոշւում է Երեւանում։ Եւ յունիսի 7-ը բացառապէս ներհայաստանեան ընտրութիւններ են։ Եթէ այլ կերպ մտածենք, ապա այն ի վերջոյ կորոշւի Բաքւում։
Ցաւօք, մեր նախընտրական փուլում այս իմպերատիւ գաղափարի պատշաճ ընկալումը դեռ չկայ։
Մենք էական էսկալացիա ենք արձանագրում մեր երկրի ներսում։ Մեր չորս կողմը պրոբլեմ է, մենք ներսում գնում ենք էսկալացիայի ճանապարհով։ Ներքին համերաշխութեան գաղափարը, որը «Առաջարկ Հայաստանին» ԲՀԿ ծրագրի առաջատար դրոյթն էր, բախւեց ՄԷԿ հոգու կողմից ագրեսիայի եւ սպառնալիքի տարափին։ Ի՞նչ է շահում Հայաստանը։ Ի՞նչ ենք շահում մենք։ Ոչ մէկը չի շահում։
Մենք ստացանք էսկալացիա նաեւ արտաքին սահմանին, այս դէպքում՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։ Մի Զելենսկի խաղացնելու գինը արժէ՞ր, որ մեր տնտեսութեան բազմաթիւ ճիւղեր կանգնեն սնանկացման իրական վտանգի առաջ։
Զելենսկին Երեւան գալուց առաջ Բաքւում էր։ Բայց պրովոկացիոն հակառուսական յայտարարութիւններ այնտեղ չարեց։ Մի բառ չասեց։ Համարեց, որ Ադրբեջանում չի կարելի պրովոկացիա անել, Ադրբեջանն այդ երկիրը չէ, իսկ Հայաստանում կարելի է։ Ինչո՞ւ այդպէս արեց։ Սրա մասին մտածենք։
Ի դէպ, ադրբեջանական մամուլում մի տեղեկութիւն է շրջանառւում, որ հնարաւոր է՝ Ռ. Վարդանեանին արտայանձնեն Ուկրաինա, իբր՝ Դոնբասում հակաուկրաինական գործունէութիւն ֆինանսաւորելու համար։
Ես չգիտեմ՝ ճիշտ է, թէ խայծ է։ Երկու դէպքում էլ շատ վտանգաւոր է։ Ոչ մէկին չպէտք է թողնենք, որ մեր երկիրը փորձի սարքել նոր Ուկրաինա։ Ցանկացողներ շատ կան, մեր լրջութիւնն է մեր զէնքը։
Չկայ բանական պատասխան, թէ ինչու է իշխանութիւնը ռադիկալացնում մթնոլորտը։ Դա ո՛չ իշխանութիւն պահելու ժամանակ է լաւ, ո՛չ տարատեսակ տրանսֆորմացիաների։ Ինչո՞ւ է ծրագրային, թէկուզ՝ սուր բանավիճային մթնոլորտը փոխում ռադիկալիզացիայի։ Էդ հարցը հէնց իշխանութեան ներսում պէտք է քննարկւի։ Ոչ մէկը դրանից չի շահելու։ Ներքին էսկալացիան շատ արագ բերելու է արտաքին էսկալացիայի՝ այս կամ այն ձեւով, այս կամ այն ծաւալով»։



