Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանագէտ. «Ալիեւը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինեանի ընտրարշաւի ու նրա ընդդիմադիրներին «սեւացնելու» համար»

Հայաստանի ընտրութիւններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքոյց, փաստացի դա անում են թէ՛ Մոսկւան, թէ՛ Բրիւսէլը, թէ՛ Վաշինգտոնը։ Այս մասին գրել է ադրբեջանագէտ Տաթեւ Հայրապետեանը:

«Բայց դա թերեւս այդքան էլ նորութիւն չէ մեր պետութեան եւ ընտրութիւնների պատմութեան մէջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրութիւնն են այս անգամ տարբեր։ Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնայատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտութիւնը եւ իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ յանուն Փաշինեանի։ Վերջերս տեսայ, որ իրենց առաջատար լրատւամիջոցներից մէկը ֆիլմի թրէյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղւած է ներկայիս ընդդիմութեան դէմ, եւ այդ ֆոնին շատ կարեւորւում է Փաշինեանի մնալը իշխանութեան։ Որքան հասկացայ՝ կարճ տեսահոլովակից, տւեալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրոյցներ ունենալ նաեւ արտերկրում ապրող տարբեր փորձագէտների հետ։ Ընդ որում, սա հէնց նոյն լրատւամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբէն Վարդանեանի դէմ սեւ PR իրականացնելու համար։ Նիւթերը այստեղ տեղադրւում են անգլերէն, այսինքն՝ նախատեսւած են հէնց դրսի լսարանի համար։ Այն, որ Փաշինեանը Ալիեւի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորութիւն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիեւը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինեանի ընտրարշաւի ու նրա ընդդիմադիրներին «սեւացնելու» համար։ Թէեւ երեւի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինեանը պատրաստ է իրագործել Ալիեւի ամենավտանգաւոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղւած Հայաստանի Հանրապետութեան եւ հայկական ինքնութեան դէմ…

Վերջում եւս մէկ անգամ յիշիր՝ յարգելի ՀՀ քաղաքացի, յարգելի ընտրող, յիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրայ որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապէս դու, քո որոշումից է կախւած՝ այս երկիրը հնարաւորութիւն կը ստանայ բարդ իրադրութիւնը յաղթահարելու, թէ՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կը գցենք փոսը… Եթէ չենք ուզում Ալիեւը որոշի, ուրեմն յունիսի 7-ին գնում ենք ընտրութեան: Որոշողը մենք ենք»,-գրել է նա։

Related Articles

Back to top button