Փաշինեանը կարող է քաղաքացիութիւնից զրկել իր դէմ քւէարկած հայերին

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն օրէցօր աւելի անհանդուրժող է դառնում իր ընդդիմախօսների նկատմամբ։
Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում Փաշինեանն ապօրինի հրաման տւեց ձերբակալել ընդդիմութեան հարիւրաւոր անդամների եւ պատգամաւորութեան մի քանի թեկնածուների, չթողեց ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին լքել երկիրը, ինչպէս նաեւ սպառնաց բանտարկել նրանց ու արգելել նրանց կուսակցութիւնների գործունէութիւնը։
Յաջորդ քայլով Փաշինեանը կարող է ընդհանրապէս թոյլ չտալ քւէարկել իր դէմ արտայայտւող հայերին եւ նոյնիսկ զրկել նրանց քաղաքացիութիւնից։ Մի՞թէ որեւէ մէկը դեռ հաւատում է, որ երկրում իշխանութիւնը կարող է փոխւել ընտրութիւնների միջոցով։
Վերջին խնդիրն ի յայտ եկաւ այն բանից յետոյ, երբ Փաշինեանն իմացաւ, որ Ռուսաստանում բնակւող մեծ թւով ՀՀ քաղաքացիներ պատրաստւում են մեկնել Հայաստան՝ յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար։ Սկզբում նա կեղծօրէն յայտարարում էր, որ չի անհանգստանում, քանի որ վստահ է՝ նրանք քւէարկելու են իր կուսակցութեան օգտին։ Սակայն, չհաւատալով սեփական խօսքերին, նա յայտարարեց, որ Հայաստան մուտք գործելիս նրանք կանգնեցւելու են եւ ենթարկելու 25-օրեայ զինւորական վարժանքների։ Այս քայլով նա այդ հայերին ոչ միայն զրկում է քւէարկելու հնարաւորութիւնից, այլեւ արժեզրկում է զինւորական ծառայութեան հայրենասիրական գաղափարը՝ այն ներկայացնելով որպէս պատժի միջոց։
Երբ հայրենակիցներս հարցնում են, թէ ինչու սփիւռքահայերին, որոնք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի չեն, թոյլ չեն տալիս մասնակցել Հայաստանի ընտրութիւններին, ես պատասխանում եմ, որ նրանք պէտք է շատ աւելի մտահոգւած լինեն այն փաստով, որ աւելի քան մէկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, որոնք երկրի անկախացումից ի վեր ապրում են արտերկրում, զրկւած են հայրենիքում քւէարկելու հնարաւորութիւնից, եթէ ընտրութեան օրը ֆիզիկապէս Հայաստանում չեն գտնւում: Ոչ ոք իրաւունք չունի արտերկրում բնակւող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց հիմնարար իրաւունքից: Ահա թէ ինչու աւելի քան 150 երկիր թոյլ է տալիս արտասահմանում բնակւող իրենց քաղաքացիներին մասնակցել քւէարկութեանը։
Խնդիրն աւելի լրջացաւ, երբ Փաշինեանի կառավարութիւնը որոշեց բնակութեան պահանջ սահմանել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գալիս են Հայաստան՝ մասնակցելու ընտրութիւններին։ Որպէսզի ընդդիմադիրներն այլեւս չկարողանան վերջին րոպէին ժամանել Հայաստան եւ քւէարկել, Փաշինեանի խորհրդարանական դաշնակիցներն անցեալ շաբաթ յայտարարեցին, որ պատրաստւում են փոփոխութիւններ կատարել օրէնքում՝ ամրագրելով, որ արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիները կարողանան քւէարկել միայն այն դէպքում, եթէ ընտրութիւններից առաջ առնւազն վեց ամիս բնակւել են Հայաստանում։
Սա սխալ եւ խտրական մօտեցում է։ Փաշինեանն իրաւունք չունի արտասահմանում բնակւող Հայաստանի քաղաքացիներին վերաբերւել որպէս երկրորդ կարգի քաղաքացիների։ Ոչ ոք իրաւունք չունի Հայաստանի քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց իրաւունքից:
Փոխանակ գիտակցելու, որ Սփիւռքն արժէքաւոր ներուժ է, Փաշինեանը փորձում է մարդկանց հեռու պահել հայրենիքի կեանքին որեւէ ներգրաււածութիւնից: Սփիւռքը շատ աւելին է, քան պարզապէս «կթու կով»: Սփիւռքահայերը կարող են նպաստել Հայաստանի բարգաւաճմանը՝ իրենց ներդրումների եւ փորձի միջոցով: Փոքր ազգը, որը դարեր շարունակ վերապրել է հալածանքներ, կոտորածներ եւ նոյնիսկ ցեղասպանութիւն, չպէտք է պառակտւի: Փաշինեանն արդէն իսկ բաժանել է հանրութեանը՝ նախկինների եւ ներկաների, հայաստանցիների եւ արցախցիների, հայաստանցիների եւ սփիւռքահայերի, իսկ այժմ՝ «ներքին» եւ «արտաքին» քաղաքացիների: Նա պէտք է յետեւի ականաւոր բանաստեղծ Եղիշէ Չարենցի հանրայայտ պատգամին. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»:
Երբ 2018 թւականին Փաշինեանն առաջին անգամ եկաւ իշխանութեան, նա լուծարեց Սփիւռքի նախարարութիւնը՝ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ եղած միակ կապը։ Դրա փոխարէն ստեղծեց «ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը»՝ Զարեհ Սինանեանի գլխաւորութեամբ, որն սկսեց քանդել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ եղած բոլոր կամուրջները։ Փաշինեանն ինքն արտասահմանեան այցերի ընթացքում սփիւռքահայերի հետ հանդիպումների ժամանակ նսեմացնող արտայայտութիւններ արեց նրանց հասցէին։
Ցաւալի է, սակայն Հայաստանի թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, աւելի շատ են գիտակցում Սփիւռքի կարեւորութիւնը։ Տարիների ընթացքում թէ՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը, թէ՛ Ադրբեջանի նախագահ Ալիեւը բազմիցս նշել են, որ գերազանց յարաբերութիւններ ունեն Հայաստանի կառավարութեան հետ, սակայն մտահոգւած են, որ «հզօր» Սփիւռքը խոչընդոտում է Հայաստանից առաւելագոյն զիջումներ կորզելու իրենց ծրագրերին։
Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները յստակ յանձնարարականներ են տւել իրենց դեսպանութիւններին եւ հիւպատոսութիւններին՝ աչալուրջ հետեւելու տեղի հայկական համայնքների գործունէութեանն ու յայտարարութիւններին։ Նրանք մշտադիտարկում են հայկական լրատւամիջոցները՝ իրազեկ լինելու վերջիններիս տարածած հաղորդագրութիւններին եւ նախատեսւող միջոցառումներին։ Հաւաքւած ողջ տեղեկատւութիւնը փոխանցւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւններին։
Դրա թարմ օրինակներից է 2026 թւականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած «Սփիւռքի զօրաշարժի համաժողովը», որին մասնակցում էր 26 երկրից ժամանած 170 հայ ակտիւիստ, այդ թւում՝ Հայաստանի երեք նախկին վարչապետներ եւ Արցախի կառավարութեան ներկայացուցիչներ։
Անկարայի Եւրասիական ուսումնասիրութիւնների կենտրոնի (AVIM) վերլուծաբան Իլահա Խանտամիրովան Փարիզի համաժողովի վերաբերեալ երկու մասից բաղկացած ծաւալուն վերլուծութիւն է հրապարակել: Ահա հատւածներ նրա զեկոյցից. «Փաշինեանն առանձնանում է որպէս անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին քաղաքական առաջնորդը, որը բացայայտ հակադրութեան մէջ է մտել թէ՛ Հայոց եկեղեցու, թէ՛ Սփիւռքի հետ: Մասնաւորապէս, վերջին տարիներին Արցախեան հիմնախնդրի շուրջ նրա հռետորաբանութեան փոփոխութիւնը խորը պառակտումներ է առաջացրել Սփիւռքի շրջանակներում: Փաշինեանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք բացայայտ ճանաչելը ․… լուրջ շեղում է հայկական աւանդական ազգայնական դիսկուրսից»:
Խանտամիրովան անդրադարձել է նաեւ Փարիզի համաժողովում իմ ունեցած ելոյթին, նշելով. «Գրող Յարութ Սասունեանի՝ «Սփիւռքի խորհրդարան» ստեղծելու առաջարկն ուշագրաւ է այնքանով, որքանով փաստում է [Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ] ներկայումս առաջացած լարւածութեան ծաւալները»։
Մի՞թէ զարմանալի չէ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներն աւելի մեծ ուշադրութիւն են դարձնում Սփիւռքի յայտարարութիւններին եւ գործունէութեանը, քան Հայաստանի վարչապետը։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



