
Պէտք է արձանագրել, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը տարիներ, նոյնիսկ տասնամեակներ շարունակ տարբեր պետութիւնների կողմից դիտարկւել է ոչ միայն հումանիտար եւ համամարդկային արժէքների, այլեւ սառը քաղաքական հաշւարկների համատեքստում։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով Իսրայէլի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելուն։
«Իսրայէլն այն պետութիւններից է, որը տասնամեակներ շարունակ խուսափել է Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումից, չնայած այն հանգամանքին, որ հրեայ ժողովուրդը նոյնպէս բախւել է այդ համամարդկային չարիքին՝ Հոլոկոստին։ Աւելին, տարբեր տարիներին հրէական լաբբին փորձել է խանգարել եւ խոչընդոտել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին տարբեր երկրներում, այդ թւում՝ ԱՄՆ-ում»,- նշել է Մելքոնեանը։
Նրա խօսքով՝ այս հանգամանքները պէտք է դիտարկել ներկայիս թուրք-իսրայէլական յարաբերութիւնների համատեքստում, որտեղ էլ, ըստ նրա, պէտք է փնտրել Իսրայէլի դիրքորոշման նման կտրուկ փոփոխութեան պատճառները։
«Իսրայէլը մի պետութիւն էր, որը չէր ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ իսրայէլական լաբբին խոչընդոտում էր դրա միջազգային ճանաչման գործընթացը։ Հիմա, սակայն, յանկարծ հանդէս է գալիս որպէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կողմնակից։ Հետեւաբար, կարծում եմ՝ անվիճելի է, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ։ Անվիճելի է նաեւ, որ այն կապւած է թուրք-իսրայէլական յարաբերութիւնների ներկայիս բարդ ընթացքի հետ։
Այնուամենայնիւ, եթէ այս գործընթացը դիտարկենք թուրք-իսրայէլական յարաբերութիւններից դուրս, ապա Իսրայէլի նման պետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարեւոր նշանակութիւն ունի միջազգային ճանաչման գործընթացի համար։ Եթէ այդ որոշումը հաստատւի նաեւ Իսրայէլի խորհրդարանի կողմից, ապա այն դրական էջ կը դառնայ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պատմութեան մէջ։ Ժամանակի ընթացքում թուրք-իսրայէլական քաղաքական հաշւարկները կարող են փոխւել, բայց կը մնայ այն փաստը, որ Հոլոկոստ վերապրած ժողովրդի պետութիւնը նոյնպէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Իսկ թէ հետագայում հայկական լաբբիստական կազմակերպութիւններն ու Հայաստանի Հանրապետութիւնն ինչպէս կօգտագործեն այդ հանգամանքը, արդէն ապագայի հարց է»,- ասել է թուրքագէտը։
Անդրադառնալով Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հնարաւոր ազդեցութեանը, այսպէս կոչւած, «խաղաղութեան գործընթացի» վրայ՝ Մելքոնեանը նշել է, որ Հայաստանի իշխանութիւններն այս հարցում պետական մակարդակով գրեթէ չեն արտայայտւում եւ, ըստ նրա, փորձում են հնարաւորինս խուսափել թեմայից։
«Սա ցոյց է տալիս, որ իրականացւում է վախւորած դիւանագիտութիւն։ Նոյնիսկ համամարդկային չարիքի, մեր ժողովրդի կրած ողբերգութեան հարցում իշխանութիւնները չունեն համարձակութիւն եւ հմտութիւն տարանջատելու Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորումը, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորումը եւ համամարդկային նշանակութեան հարցը, ինչպիսին Հայոց Ցեղասպանութիւնն է։
Հետեւաբար, չեմ կարծում, որ սա կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ այսպէս կոչւած «խաղաղութեան գործընթացի» վրայ, որովհետեւ այդ գործընթացն ընթանում է Հայաստանի միակողմանի զիջումների ճանապարհով։
Չեմ բացառում նաեւ, որ կուլիսային հանդիպումների ընթացքում Հայաստանի իշխանութիւններն ու նրանց ներկայացնող դիւանագէտները փորձեն հաւաստիացնել իրենց ադրբեջանցի եւ թուրք գործընկերներին, թէ իրենք որեւէ առնչութիւն չունեն այս որոշման հետ»,- եզրափակել է Մելքոնեանը։



