Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում. «ԱՄՆ-ն ագրեսոր է, ոչ թէ՝ զոհ»

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին նամակով պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցէին հնչեցւած մեղադրանքներին՝ դրանք որակելով անհիմն եւ քաղաքական ենթատեքստ պարունակող սխալ մօտեցում:
Իրաւանին նամակում նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչը կրկին չարաշահել է Անվտանգութեան խորհրդի հարթակը՝ տարածելով ապատեղեկատւութիւն եւ մեղադրանքներ ներկայացնելով Իրանի դէմ։
Նա ընդգծել է, որ Իրանի կողմից Եմէն զէնք փոխանցելու մասին ԱՄՆ-ի պնդումները «չեն հաստատւել որեւէ վստահելի եւ անկախ ապացոյցով»։
Իրանի դեսպանը նաեւ պնդել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու տարածաշրջանում լարւածութեան աճի համար՝ յղում անելով Եմէնի եւ տարածաշրջանի այլ ճգնաժամերի վերաբերեալ Վաշինգտոնի գործողութիւններին։
Անդրադառնալով «Իսլամաբադի փոխըմբռնման փաստաթղթին»՝ Իրաւանին յայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի կատարել իր պարտաւորութիւնները, այլեւ նպատակաուղղւած կերպով խոչընդոտել է դրա իրականացումը։ Նրա խօսքով՝ Իրանը ՄԱԿ-ին ներկայացրել է խաղաղութեան յուշագրի փաստաթղթի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կատարւած 42 խախտումների ցանկը։
«ԱՄՆ-ն ագրեսոր է, ոչ թէ զոհ»,- ասել է Իրանի ներկայացուցիչը՝ մեղադրելով Վաշինգտոնին Իրանի եւ տարածաշրջանի դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու եւ միջազգային իրաւունքը խախտելու մէջ։
Իրաւանին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի միջամտութիւնը Հորմուզի նեղուցի կարգաւորման գործընթացներին դարձել է տարածաշրջանային անվտանգութեան եւ միջազգային նաւարկութեան խոչընդոտման պատճառ։



