Քաղաքական

Ի՞նչ եղաւ Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը. փաստերն ընդդէմ բամբասանքների

Մենք բոլորս ամէն օր այնքան շատ ապատեղեկատւութիւն ենք ստանում, որ գրեթէ անհնար է դառնում տարբերակել իրականութիւնը յօրինւածքից։ Լրատւական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրաւէրն է՛լ աւելի մեծ է։ Եթէ սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց անմիջական շրջապատում, ապա զանգւածային լրատւամիջոցները շատ աւելի մեծ պատասխանատւութիւն են կրում. առանց փաստերի նախնական ստուգման՝ նրանք ռիսկի են դիմում կեղծ տեղեկատւութիւն տարածել հազարաւոր կամ նոյնիսկ միլիոնաւոր մարդկանց շրջանում։

Փաստից բամբասանքի վերածւած պատմութեան թարմ օրինակ է անցեալ ամիս Իսրայէլի արտաքին գործերի նախարարի յայտարարութիւնը, որ իր կառավարութիւնը պատրաստւում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Այս լուրը կայծակի արագութեամբ տարածւեց միջազգային լրատւամիջոցներում: Սկսւեցին անվերջ մեկնաբանութիւններ ու վերլուծութիւններ այն մասին, թէ ինչու Իսրայէլը որոշեց տասնամեակների մերժումից յետոյ, ի վերջոյ, ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Իսրայէլի արտգործնախարարի յայտարարութիւնից կարճ ժամանակ անց կառավարութիւնը (կաբինետը) միաձայն հաւանութիւն տւեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ որոշեց նախագիծն ուղարկել Քնեսեթ (խորհրդարան)՝ վերջնական հաստատման համար։

Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարութիւնը խստօրէն դատապարտեց Իսրայէլի կաբինետի որոշումը՝ մեղադրելով նրան Գազայում իրականացւող վայրագութիւններից աշխարհի ուշադրութիւնը շեղելու փորձի մէջ: Հեգնական է, որ նման մեղադրանք է հնչեցնում Թուրքիայի կառավարութիւնը, որը մէկ դարից աւելի աներեւակայելի ջանքեր է գործադրում՝ թաքցնելու հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները:

Հայոց Ցեղասպանութեան Թուրքիայի ժխտողականութեանը միացաւ Ադրբեջանի կառավարութիւնը, որն ինքը մի շարք զանգւածային սպանութիւններ է իրականացրել հայերի դէմ։ Ինչպէս ասում են՝ «նման զնմանն գտանէ»: Ադրբեջանցի պաշտօնեաները իրենց առարկութիւնը յայտնեցին՝ Իսրայէլի ղեկավարներին յիշեցնելով իրենց գնած միլիարդաւոր դոլարների իսրայէլական սպառազինութեան մասին, որի դիմաց Իսրայէլին էին վաճառել վերջինիս ներմուծւող նաւթի առիւծի բաժինը։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ նրա դաշնակից Թուրքիան, որը հանդիսանում է դէպի Իսրայէլ ադրբեջանական նաւթի արտահանման տարանցիկ ուղի, չեն յիշատակում սեփական դերը Իսրայէլի ռազմական մեքենան վառելիքով ապահովելու գործում:

Ադրբեջանի եւ Թուրքիայի առարկութիւնները բամբասանքների տեղիք տւեցին, թէ Իսրայէլի կառավարութիւնը հրաժարւել է Քնեսեթում Հայոց Ցեղասպանութեան հարցի քննարկումից, թէեւ Իսրայէլի կողմից որեւէ պաշտօնական հաստատում այդպէս էլ չեղաւ։

Իրականութիւնն այն է, որ Քնեսեթի օրակարգը նստաշրջանի վերջին մի քանի օրերին ծանրաբեռնւած էր մի շարք կարեւորագոյն հարցերով, ինչի պատճառով Հայոց Ցեղասպանութեան քննարկման համար պարզապէս ժամանակ չմնաց։ Անցեալ ուրբաթ Քնեսեթն անցաւ արձակուրդի մինչեւ հոկտեմբեր, երբ նախատեսւած է անցկացնել նոր ընտրութիւններ։ Արդեօք յաջորդ գումարման Քնեսեթը կանդրադառնայ այս հարցին, ցոյց կը տայ ժամանակը։

Անկախ նրանից, որ Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման որոշումը նպատակ չէր հետապնդում հաճոյանալու Հայաստանի կառավարութեանը, վարչապետ Նիկոլ Փաշինեանի անփոյթ ու անտարբեր արձագանքը, անկասկած, հիասթափեցնող էր։

Նրանք, ովքեր հետեւել են վերջին տարիներին Փաշինեանի արած ամօթալի յայտարարութիւններին, որոնցով կասկածի տակ էր դնում Հայոց Ցեղասպանութեան փաստերը, չպէտք է զարմանային՝ տեսնելով, որ նա անտեսում է Իսրայէլի կաբինետի որոշումը։ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանութեան զէնքայնացման թեմայի մէջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետութեան շահերից»,- յայտարարեց Փաշինեանը։

Սակայն, երբ ԱՄՆ կառավարութիւնը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, Փաշինեանը դա չհամարեց «զէնքայնացում»։ Ընդհակառակը, նա մեծ ոգեւորութեամբ ընդունեց ԱՄՆ Սենատի կողմից 2019 թւականին Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը։ Նա X-ում (այն ժամանակ՝ Twitter) գրել էր. «ԱՄՆ Սենատի թիւ 150 բանաձեւը արդարութեան եւ ճշմարտութեան յաղթանակ է։ Համայն հայութեան անունից երախտագիտութիւն եմ յայտնում Սենատին այս պատմական որոշման համար։ Սա յարգանքի տուրք է 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութեան 1,5 միլիոն զոհերի յիշատակին եւ համարձակ քայլ՝ կանխարգելման օրակարգի առաջխաղացման գործում։ #NeverAgain»։

 Այնուհետեւ Փաշինեանը յաւելեց. «Հայ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ԱՄՆ Սենատի [եւ] …. Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին …. Մենք պէտք է երախտիքի խօսքեր ուղղենք Ամերիկայի Միացեալ Նահանգների հայութեանը, այն բոլոր կազմակերպութիւններին եւ անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կարեւոր ու պատմական որոշման կայացման գործում»։ Յատկանշական է, որ Փաշինեանն իր երախտագիտութիւնն է յայտնել ամերիկահայ համայնքին այս ճանաչման համար, ինչը կտրուկ հակասութեան մէջ է Սփիւռքի դէմ ուղղւած նրա հետագայ յայտարարութիւնների հետ:

Աւելի ուշ՝ 2021 թւականի ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, Փաշինեանը դարձեալ մեծ ոգեւորութեամբ արձագանքեց. «Սա կարեւոր օր է ողջ հայութեան համար: 2019 թւականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձեւերից յետոյ նախագահ Բայդէնը յարգել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: ԱՄՆ-ը եւս մէկ անգամ ի ցոյց դրեց իր անսասան յանձնառութիւնը մարդու իրաւունքների եւ համամարդկային արժէքների պաշտպանութեան գործում… Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեան յանցաւոր քաղաքականութեան զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների յիշատակի առջեւ: Հայոց Ցեղասպանութեանը յանգեցրած գաղափարախօսութիւնները դեռեւս կենդանի են այսօր, ինչի մասին են վկայում վերջին պատերազմի ընթացքում Արցախի հայութեան դէմ իրականացւած վայրագութիւնները»:

Բացի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխելուց, Փաշինեանը վերջին տարիներին հակասել է ինքն իրեն տասնեակ այլ հարցերում։ Ամենից ուշագրաւը՝ 2019 թւականին Ստեփանակերտում հազարաւոր ոգեւորւած արցախցիների առաջ նա յայտարարեց. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»։ Սակայն 2020 թւականի պատերազմից յետոյ նա որդեգրեց ճիշտ հակառակ դիրքորոշում՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button