Կասպից ծովի կոնւենցիան Իրանի համար երեք անդառնալի աշխարհաքաղաքական հետեւանք կունենայ
Իրանցի փորձագէտն զգուշացնում է Կասպից ծովի իրաւական կարգավիճակի կոնւենցիայի հնարաւոր հետեւանքների մասին

«ԱԼԻՔ» – Միջազգային իրաւունքի մասնագէտ, համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին, անդրադառնալով Իրանի խորհրդարանում Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիայի վաւերացման փորձերին, յայտարարել է, որ փաստաթղթի ընդունումը կարող է երկրի համար ունենալ երեք լուրջ աշխարհաքաղաքական հետեւանք։
Նրա գնահատմամբ՝ առաջին հերթին դա կարող է նպաստել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի իրականացմանը՝ այն կապելով Կենտրոնական Ասիայի էներգակիրների հետ։
Երկրորդ՝ կարող է թուլացնել Հորմոզի նեղուցի ռազմավարական նշանակութիւնը՝ Կենտրոնական Ասիայի նաւթի եւ գազի արտահանման այլընտրանքային ուղիներ ստեղծելով դէպի Եւրոպա։
Երրորդ՝ կարող է նպաստել թրքական աշխարհագրական տարածքի աւելի սերտ կապակցմանը, ինչը, ըստ Քազեմիի, կը փոխի տարածաշրջանի ուժային հաւասարակշռութիւնը։
Դոկտ. Ահմադ նշել է նաեւ, որ կոնւենցիայի վաւերացումը բացասաբար է ազդելու Իրանի՝ Կասպից ծովում 20 տոկոս բաժնեմասի վերաբերեալ դիրքորոշման վրայ։
Նրա խօսքով՝ կոնւենցիան ծովի յատակն ու ընդերքը սահմանազատելու հարցը թողնում է առափնեայ պետութիւնների երկկողմ եւ եռակողմ բանակցութիւններին, ինչը, փաստացի օրինականացնում է նախկինում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած բաժանման համաձայնութիւնները։ Այդ պարագայում Իրանի եւ Թուրքմենստանի բաժինը կը նւազի՝ նոյնիսկ 20 տոկոսից։
Քազեմին նաեւ պնդում է, որ կոնւենցիայի վաւերացման առաջին գործնական հետեւանքներից մէկը կը լինի Կասպից ծովի յատակով միջազգային խողովակաշարերի կառուցման արգելքի վերացումը։ Նրա մատնանշմամբ՝ փաստաթղթի 14-րդ յօդւածը առափնեայ պետութիւններին թոյլ է տալիս նման խողովակաշարեր անցկացնել, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական առաւելութիւն կը ստեղծի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ արեւմտեան էներգետիկ նախագծերի համար։
Քազեմիի այս տեսակէտները ներկայացւել են «Մեհր» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում։



