Լարւածութիւնը Պարսից ծոցում շարունակւում է

Մեծ Բրիտանիայի Ծովային առեւտրի կազմակերպութեան (UKMTO) փոխանցմամբ՝ անցած գիշեր Հորմոզի նեղուցում իրանական ուժերը հարւածել են եւս մէկ նաւթատարի, որը շարժւում էր ԱՄՆ-ի պաշտպանած երթուղով։ Հաղորդւում է, որ հարւածից յետոյ նաւի շարժիչային հատւածը վնասւել է, եւ անձնակազմը կորցրել է նաւի կառավարումը։
Ամերիկացի պաշտօնեաներից մէկի խօսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է սկսել Իրանի դէմ նոր հարւածների շարք, որոնք կարող են շարունակւել մի քանի օր։
Իրանցի բարձրաստիճան մի պաշտօնեայ եւս յայտարարել է, որ Իրանը պատրաստել է համապարփակ պատասխան ծրագիր՝ ԱՄՆ-ի ցանկացած նոր գործողութեան դէմ։
CBS News-ի տեղեկութեամբ՝ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը պատրաստւում են Իրանի էներգետիկ ենթակառուցւածքների վրայ հնարաւոր հարւածների, որոնք կարող են իրականացւել այս շաբաթւայ ընթացքում։
Սպիտակ տունը մեղադրել է Իրանին, որ այն խախտել է փոխըմբռնման յուշագիրը, կրակ է բացել նաւերի ուղղութեամբ եւ սպանել ամերիկացի զինծառայողների։
Ամերիկացի եւ եւրոպացի պաշտօնեաների պնդմամբ՝ Ռուսաստանը Իրանին տրամադրում է արբանեակային եւ էլեկտրոնային հետախուզական տեղեկութիւններ, որոնք կարող են օգտագործւել ամերիկեան ուժերի դիրքերը բացայայտելու եւ հակաօդային պաշտպանութիւնը կատարելագործելու համար։
Ամերիկեան լրատւամիջոցները գրում են, որ ամիսներ շարունակւող ռազմական գործողութիւններից յետոյ Պենտագոնը բախւում է հակահրթիռային զինամթերքի պաշարների զգալի նւազման խնդրին եւ վերանայում է հետագայ գործողութիւնների հնարաւորութիւնները։
Հաղորդումներ են ստացւել, որ Քուվէյթի Բուբիան կղզին ենթարկւել է չորս անօդաչու թռչող սարքերի հարւածի։
Իսրայէլի պաշտպանութեան նախարար Իսրայէլ Կացը յայտարարել է, որ եթէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմի նման խնդրանքով, Իսրայէլը կը միանայ Իրանի դէմ նոր ռազմական գործողութիւններին։
Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը յայտարարել են, որ այսօր վաղ առաւօտեան «անօրինական գործունէութիւն իրականացնող» երկու նաւթատարներ հարւածի են ենթարկւել եւ կանգնեցւել են, եւս չորս նաւթատար փոխել են երթուղին եւ վերադարձել մեկնման կէտ։ Սեփահը կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ զինւած ուժերի ցանկացած միջամտութիւն կամ հրահանգ տարածաշրջանում գտնւող նաւերի նկատմամբ անպատասխան չի մնայ։



