Լուիս Մորէնօ Օքամփօ. «Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար»
«ԱԼԻՔ» – 2023 թւականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանութեան մասին կոնւենցիայի ընդունման 75-ամեակը։ Եւ չնայած այս եզրոյթի մշտական քննարկմանը, միջազգային հանրութիւնն ընդունակ չէ լուծելու այս խնդիրը։ Դրա մասին Politico-ում գրել է Միջազգային Քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն։
«Միայն 2023 թւականի վերջին ամիսներին Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի յատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն աշխարհին նախազգուշացրեց վեց տարբեր իրավիճակների մասին, երբ էթնիկ խմբերի ցեղասպանութեան վտանգ կայ: Նախազգուշացման մէջ յիշատակւում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։
Անցեալ ամիս Կալիֆորնիայում գործող Ճշմարտութեան եւ արդարութեան կենտրոնը (CFTJ) դիմել է Միջազգային Քրէական դատարանին: Զեկոյցը ներկայացնում է Ալիեւի վերջին տասնամեակի հետեւողական յայտարարութիւնները, որոնք ակնյայտօրէն վկայում են հայերին ոչնչացնելու նրա մտադրութեան մասին։ Զեկոյցում հիմնականում ուշադրութիւն է գրաւում է հայերի դէմ իրականացւած ցեղասպանութեան տարբեր ձեւերի վրայ նաեւ բուն Հայաստանում:
Դեռեւս 2015 թւականի ապրիլին Ալիեւը, զգուշացնելով հայերին, պաշտօնապէս յայտարարել էր. «Եթէ չէք ուզում մեռնել, հեռացէք ադրբեջանական հողերից»։ Նա նաեւ բազմիցս հայերին անւանել է «վիրուս», «առնետներ», «շներ», «սատանաներ», «ահաբեկիչներ», «ֆաշիստներ», «թշնամիներ», «բարբարոսներ եւ վայրագներ»՝ միաժամանակ խրախուսելով նրանց նկատմամբ բռնութիւնը։
Հայաստանի տարածքում ադրբեջանական ապօրինի բռնազաւթման ներքոյ գտնւող հայկական տարբեր խմբաւորումներին ոչնչացնելու նպատակով Ալիեւը ստեղծեց պայմաններ, որոնք յանգեցրին հայերի ոչնչացմանն ու բռնի տեղահանմանը։ Հետագայում ադրբեջանական զինուժը ռազմական յարձակումներ է ձեռնարկել այդ տարածքները վերահսկողութեան տակ առնելու համար՝ անխտիր սպանելով էթնիկ հայ քաղաքացիներին, ովքեր հրաժարւել են հեռանալ կամ չեն կարողացել փախչել:
Լեռնային Ղարաբաղում Ալիեւն այս ռազմավարութիւնն իրականացրել է միջազգային հանրութեան աչքի առաջ։ Սկզբում ադրբեջանական զինուժն ինը ամիս շարունակ ապօրինի շրջափակել էր Լաչինի միջանցքը՝ անտեսելով Արդարադատութեան միջազգային դատարանի երկու պարտադիր որոշումները, որոնք նախազգուշացնում էին այնտեղ բնակւող 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանութեան վտանգի մասին։
Այնուհետեւ, 2023 թւականի սեպտեմբերին, Ալիեւը ձեռնարկեց անօրինական ռազմական ագրեսիա՝ վերահսկողութեան տակ վերցնելով տարածքը եւ հայերին ստիպելով փախչել։ Ալիեւը, անդրադառնալով հայերի բռնի տեղահանմանը, այն ժամանակ յայտարարեց. «Ես ասացի, որ եթէ նրանք իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պէս կը քշենք, ինչն էլ անում ենք»։
Այնուամենայնիւ, Կալիֆորնիայի Ճշմարտութեան եւ արդարութեան կենտրոնի վերլուծութիւնը նոր լոյս է սփռում նախորդ փաստերի վրայ՝ պարզելով, որ 2021 թւականի մայիսին Հայաստանի Գեղարքունիքի, Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում իրականացւել է նմանատիպ ցեղասպանական ռազմավարութիւն, որի արդիւնքում առնւազն 3000 էթնիկ հայեր անօրինական բռնի տեղահանւել են։ Այն ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարւած կանայք սիստեմատիկ կերպով ենթարկւում էին գենդերային բռնութեան։
Այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը շարունակում է ուղղակի սպառնալիք լինել Հայաստանի սահմանների մօտ ապրող միւս հայերի համար։ 2023 թւականին Ալիեւը յայտարարել է. «Այսօր Ադրբեջանի դրօշը ծածանւում է Զանգեզուրի լեռներում։ Կարո՞ղ են մարդանման այս արարածները [հայերը] մօտենալ այս դրօշներին: Մի օր նրանք կարող են արթնանալ ու իրենց գլխավերեւում տեսնել Ադրբեջանի դրօշը»։
Մարտին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւը Հայաստանից պահանջել էր անյապաղ յանձնել սահմանամերձ 4 գիւղերը, ինչը նոյն ճակատագրին կը դատապարտի այս գիւղերի հայ բնակիչներին։ Ի վերջոյ, Հայաստանը համաձայնեց վերադարձնել բոլոր չորս գիւղերը։
Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց իր ցեղասպանական մտադրութիւնները Հայաստանում հայերի նկատմամբ՝ ընդունելով «Յայտարարութիւն արեւմտեան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադարձի մասին» բանաձեւը, որով հռչակում է իր ինքնիշխանութիւնը Հայաստանի ամբողջ տարածքում։
Ցաւալի իրականութիւնն այն է, որ արդի դարաշրջանի առաջին լայնօրէն ճանաչւած ցեղասպանութիւնից աւելի քան մէկ դար անց, երբ աւելի քան մէկ միլիոն հայեր սպանւեցին օսմանցիների կողմից, հայերը կրկին ցեղասպանութեան զոհ են դառնում:
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Ադրբեջան՝ իր աջակցութիւնը ցոյց տալու համար։ Եւ արեւմտեան քաղաքական առաջնորդները նոյնպէս կարծես աջակցում են Ալիեւին. Եւրոյանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայէնը նոյնիսկ Ադրբեջանին «ամենակարեւոր գործընկեր» է անւանել:
Այս ամէնը սթափեցնող յիշեցում է առ այն, թէ որքան քիչ բան ենք սովորել պատմութիւնից եւ դեռեւս որքան խոցելի ենք չարի հանդէպ: Ժամանակն է, որ աշխարհը հասկանայ դա եւ մշակի նոր ռազմավարութիւններ՝ ցանկացած ցեղասպանութիւն կասեցնելու համար»,- գրել է Միջազգային Քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազը։