«RESPONSIBLE STATECRAFT». ԱՄՆ-ի հարւածների հետեւանքով Իրանի զոհւած քաղաքացիները եղել են նպատակային թիրախներ

Ամերիկեան Responsible Statecraft լրատւական կայքը, անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի համատեղ պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչութեան շրջանում արձանագրւած զոհերին, քննադատել է Վաշինգտոնի՝ «ճշգրիտ հարւածների» մասին պնդումները։
Կայքը, վկայակոչելով «The New York Times»-ի լրագրող Իսմաթ-Խանի հետ հարցազրոյցը, նշել է, որ Մինաբում տարրական դպրոցի վրայ հարւածի հետեւանքով զոհւել է առնւազն 123 երեխայ, իսկ Լամերդում ամերիկեան PRSM փորձարկւող հրթիռի հարւածի հետեւանքով՝ 21 քաղաքացի, այդ թւում՝ հինգ երեխայ։ ԻՌՆԱ-ի համաձայն՝ Պենտագոնը հրապարակայնօրէն չի ստանձնել այդ հարւածների պատասխանատւութիւնը։
Լրագրողը նշել է, որ ամերիկեան օդային հարւածների ժամանակ քաղաքացիականների եւ զինւորականների տարբերակման խնդիրը բազմիցս հանգեցրել է քաղաքացիական զոհերի։ Նրա խօսքով՝ արհեստական բանականութեան կիրառումը թիրախաւորման գործընթացում եւ քաղաքացիական վնասների գնահատման թափանցիկութեան նւազումը կարող են աւելի բարդացնել պատասխանատւութեան հարցը։
Նիւթում անդրադարձ է կատարւել նաեւ երկակի կիրառութեան թիրախաւորմանը եւ երկակի հարւածներին, որոնց դէպքում երկրորդ հարւածը կարող է հասցւել առաջին հարւածից յետոյ վիրաւորներին օգնութեան հասնող անձանց։ Responsible Statecraft-ը պնդում է, որ նման գործելակերպը մեծացնում է քաղաքացիական բնակչութեան համար վտանգը։



