ԻրանՔաղաքական

Արաղչի. Եթէ հակառակորդը կրկին ռազմական ճանապարհ ընտրի, աւելի կոշտ պատասխան կը ստանայ

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին այսօր՝ կիրակի, Թեհրանում հանդիպել է մի շարք երկրների դեսպանների, դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների եւ միջազգային կազմակերպութիւնների գրասենեակների պատասխանատուների հետ, ներկայացնելով տարածաշրջանի եւ Իրանի վերջին զարգացումները։

Արաղչին անդրադարձել է նաեւ Իրանի պատւիրակութեան՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի վերջին նստաշրջանին մասնակցութեանն այն գնահատելով որպէս ազդեցիկ ներկայութիւն։ Նրա խօսքով Նիւ Եօրքում Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ ընթացող պատերազմի եւ տարաձայնութիւնների կարգաւորման «եօթնօրեայ ծրագիրը», որի քննարկման եւ իրականացման դէպքում Հորմոզի նեղուցը կը վերաբացւի եօթ օրւայ ընթացքում։

Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Թեհրանը միաժամանակ վճռական է թէ՛ ինքնապաշտպանութեան, թէ՛ դիւանագիտութեան ուղղութիւններում։

«Եթէ թշնամիները կրկին ընտրեն ռազմական ճանապարհը, աւելի կոշտ պատասխան կը ստանան, քան անցեալում, եւ մենք աւելի ուժեղ ենք պաշտպանւելու: Իսկ եթէ նրանք ընտրելու լինեն դիւանագիտական ուղին , մենք պատրաստ ենք բանակցութիւնների միջոցով հասնելու արդար եւ արժանապատիւ լուծմանը՝ պատերազմին վերջ տալու համար»,- ասել է նա։

Նա նաեւ անդրադարձել է իրանական պատւիրակութեան՝ ԱՄՆ-ից արտաքսւելու մասին ամերիկեան կողմի պնդումներին, նշելով, որ Իրանի պատւիրակութիւնը մեկնել էր նախապէս նախատեսւած ծրագրով եւ նոյն ծրագրով էլ վերադարձել է։ Արաղչին այդ յայտարարութիւններն անւանել է «մանկամտութիւն»։

Նախարարը կարեւորել է նաեւ Պարսից ծոցի արաբական երկրների հետ Նիւ Եօրքում ունեցած հանդիպումները նշելով, որ Իրանն սկսել է տարածաշրջանի երկրների միջեւ վստահութեան նոր գործընթաց։ Նրա խօսքով այդ երկրները եւ Իրանը ընդհանուր շահ ունեն խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան ապահովման հարցում։

Նա կոչ է արել եւրոպական երկրներին չմասնակցել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ նոր ռազմական գործողութիւններին յիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը յայտարարել էր Եւրոպայում գտնւող ռազմակայաններից Իրանի դէմ պատերազմի ընթացքում աւելի քան 5000 թռիչքների մասին։

Related Articles

Back to top button