Էրդողան. «Այն պնդումները, թէ Թուրքիան հեռանում է Արեւմուտքից, կատարեալ հերիւրանք է»
«ԱԼԻՔ» – Թուրքիային յաճախ են քննադատում իր արտաքին քաղաքականութեան համար, սակայն այն պնդումները, որ Թուրքիան հեռանում է Արեւմուտքից, կատարեալ հերիւրանք է։ Այս մասին Անկարայում ունեցած ելոյթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Յայտնում է Reuters-ը։
Էրդողանը կարծում է, որ իր արտաքին քաղաքականութեան համար Թուրքիային քննադատողները ոչինչ չեն հասկանում գլոբալ գործընթացներից։
«Մենք հանդէս ենք գալիս Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան եւ BRICS-ի նման բոլոր կազմակերպութիւնների հետ յարաբերութիւնների զարգացման օգտին։
Թուրքիան շահագրգռւած է բոլոր երկրների հետ յարաբերութիւնների զարգացմամբ»,-ասել է Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ բոլոր հնարաւորութիւններն օգտագործւում են երաշխաւորելու, որ Թուրքիան ամրապնդի իր դիրքերը՝ որպէս տարածաշրջանային եւ համաշխարհային տէրութիւն։
«Մենք երեսով շրջւեցինք դէպի արեւմուտք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի յարաբերութիւնները Արեւելքի հետ»,-ասել է Էրդողանը։