Ալիեւի իշխանութեան հակակրօնական քաղաքականութեան յետագիծը

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումը, գլխաշորի արգելքի դէմ բողոքողների ձերբակալութիւնները եւ Մոհառամի հրապարակային արարողութիւնների նկատմամբ վերահսկողութիւնը վկայում են Իլհամ Ալիեւի իշխանութեան օրօք կրօնական ազատութիւնների սահմանափակման շարունակական գործընթացի մասին։ «Ֆարս»-ը նոյն կապակցութեամբ հրապարակած վերլուծականում նշել է, որ 2010 թւականից սկսւած այս քաղաքականութիւնը 2026-ին կրկին սրւել է դպրոցականների հագուկապի նոր կանոնակարգերի կիրարկմամբ։
Ադրբեջանում, որի բնակչութեան մեծամասնութիւնը շիա մահմեդական է, կրօնական դրսեւորումների նկատմամբ պետական վերահսկողութիւնը տարիների ընթացքում ընդգրկել է դպրոցները, հանրային տարածքներն ու կրօնական արարողութիւնները։ Վերջին վէճը ծագել է հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոցներ մուտք գործելն արգելելու եւ որոշ ուսուցիչների գլխաշորով աշխատանքի ներկայանալը խոչընդոտելու մասին հաղորդումներից յետոյ։
Հիջաբի սահմանափակումից մինչեւ ձերբակալութիւններ
Հիջաբի շուրջ վէճն սկսւել է 2010 թւականի դեկտեմբերին, երբ այդ երկրի կրթութեան նախարարութիւնը դպրոցական համազգեստի պահանջով սահմանափակեց իսլամական գլխաշորի կրումը։ Թէեւ այդ ժամանակ հիջաբն ուղղակիօրէն արգելող առանձին օրէնք չկար, իշխանութիւնների մեկնաբանութիւնը յանգեցրեց դրա փաստացի սահմանափակմանը։
Բողոքները շարունակւեցին նաեւ յաջորդ տարիներին։ 2011 թւականի մայիսին Բաքւում ոստիկանութիւնը մահակներ եւ պղպեղային սփրէյ կիրառեց ցուցարարների դէմ, տասնեակ մարդիկ ձերբակալւեցին։ 2012 թւականի հոկտեմբերին հիջաբի սահմանափակման դէմ հերթական հաւաքը եւս ուղեկցւեց ձերբակալութիւններով։ ԱՄՆ-ի Կրօնական ազատութիւնների միջազգային յանձնաժողովի զեկոյցի համաձայն ձերբակալւածներից ոմանք հետագայում դատապարտւել են ազատազրկման։
2015 թւականին Ալիեւի ստորագրած օրէնսդրական փոփոխութիւնները սահմանափակեցին կրօնական գործունէութեան եւ հանրային տարածքներում կրօնական խորհրդանիշների ցուցադրման որոշ ձեւեր։ Իսլամական ծէսերի ու արարողութիւնների կազմակերպումը վերապահւեց Ադրբեջանի քաղաքացիներին, իսկ արտերկրում կրօնական կրթութիւն ստացած անձանց արգելւեց նման միջոցառումներ անցկացնել։ Փոփոխութիւնները չէին արգելում, բայց սահմանափակում էին կրօնական արարողութիւնների հանրային դրսեւորման հնարաւորութիւնները։
Մոհառամի ծիսակարգի դէմ սահմանափակումները
Սահմանափակումները տարածւեցին նաեւ Մոհառամի ծիսակարգերի վրայ։ 2024 թւականի յունիսին Ադրբեջանի ներքին գործերի նախարարութիւնն ու Կրօնական կազմակերպութիւնների հարցերով պետական կոմիտէն յայտարարեցին, որ կրօնական միջոցառումները պէտք է անցկացւեն մզկիթներում եւ կրօնական այլ վայրերում։ Այս պահանջը սահմանափակում էր սգոյ երթերի եւ Աշուրայի օրւայ փողոցային հաւաքների հնարաւորութիւնը։
2026 թւական. հիջաբի վէճը կրկին սրւում է
2026 թւականի յուլիսի 7-ին փոփոխութիւններ կատարւեցին Ադրբեջանի «Հանրակրթութեան մասին» օրէնքում պետական դպրոցներում հագուստի պարտադիր պահանջներ սահմանելով։ Ալիեւի ստորագրած փոփոխութիւններից յետոյ (սեպտեմբերի 21-ին) կառավարութիւնը հաստատեց դպրոցական հագուստի նոր կանոնակարգեր։ Հոկտեմբերի 12-ից հաղորդումներ տարածւեցին հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոցներ մուտք գործելն արգելելու եւ որոշ ուսուցիչների գլխաշորով աշխատանքի ներկայանալը խոչընդոտելու մասին։
Amnesty International-ը հոկտեմբերի 16-ին կոչ արեց դադարեցնել հիջաբի նկատմամբ խտրական սահմանափակումները եւ ազատ արձակել խաղաղ բողոքի մասնակիցներին։ Կազմակերպութեան փոխանցմամբ հոկտեմբերի 12-ին միայն Բաքւում ձերբակալւել էր 37 մարդ, մինչդեռ ակտիւիստները ձերբակալւածների թիւը գնահատում էին աւելի քան 200
Սեկուլարիզմի անւան տակ՝ կրօնական ազատութիւնների սահմանափակում
Ադրբեջանի իշխանութիւններն իրենց քաղաքականութիւնը հիմնաւորում են «ազատամտութեան» ու կրթական կարգապահութեան պահանջներով։ Սակայն 2010 թւականից կրկնւող սահմանափակումները, բողոքների ընթացքում ձերբակալութիւններն ու կրօնական արարողութիւնների նկատմամբ վերահսկողութիւնը հարց են բարձրացնում՝ արդեօք սեկիւլար պետութեան սկզբունքը վերածւում է կրօնական ինքնարտայայտութիւնը սահմանափակելու գործիքի։
Յօդւածագիրը եզրակացրել է, որ խնդիրը միայն հիջաբը չէ։ Երբ պետութիւնը սահմանափակում է աշակերտուհու հագուստը, ճնշում այդ սահմանափակման դէմ բողոքը եւ նեղացնում կրօնական արարողութիւնների տարածքը, խօսքը ոչ միայն դպրոցական կարգապահութեան, այլեւ մարդու հիմնարար ազատութիւնների մասին է։ Իսկ երբ այս միջոցառումները շարունակւում են եւ ամրագրւում օրէնսդրութեամբ, դրանք այլեւս առանձին վարչական որոշումներ չեն, այլ պետական քաղաքականութեան հետեւողական ուղղութիւն։



