Միացե՞լ է դիւանագիտական ժամացոյցը
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդական ջանքերը շարունակւում են. Իրանը ԱՄՆ-ից գործնական քայլեր է պահանջում

«ԱԼԻՔ» – Վերջին 48 ժամում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմը կանխելու ուղղութեամբ դիւանագիտական շփումներն աճել են Կատարի եւ Պակիստանի միջնորդութեամբ։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին յայտնել է, որ Թեհրանը ստացել եւ բարձր մակարդակով քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսի ուղերձը։
ԻՌՆԱ-ի հրապարակումների համաձայն Իրանի ներկայացրած առաջարկի շուրջ քննարկումներում Կատարը փորձել է դրա իրականացման ժամկէտը կրճատել մինչեւ հինգ օր, իսկ Արաղչիի խօսքով այժմ քննարկւում է աւելի կարճ ժամկէտով՝ երկօրեայ տարբերակ։ Սակայն նա ընդգծել է, որ առայժմ ԱՄՆ-ի հետ հանդիպում նախատեսւած չէ։
Հրապարակումների համաձայն Թեհրանի հիմնական պահանջները մնում են Իսլամաբադի համաձայնագրի շրջանակում՝ պատժամիջոցների վերացում, սառեցւած իրանական ակտիւների ազատում, տարածաշրջանում ամերիկեան ռազմական ներկայութեան նւազեցում, բոլոր ճակատներում, այդ թւում Լիբանանում պատերազմի դադարեցումը եւ Հորմոզի նեղուցով նաւարկութեան նոր պայմանաւորւածութիւնների ընդունումը։
Իրանի դիրքորոշմամբ նեղուցի վերաբացման եւ բանակցութիւնների յաջորդ փուլի անցնելու հարցերը կապւած են այդ պայմանների կատարման հետ։ Մինչդեռ ԱՄՆ-ի առաջարկների բովանդակութեան եւ կողմերի հնարաւոր համաձայնութեան մասին շրջանառւող տեղեկութիւնները թէեւ դեռեւս պաշտօնապէս չեն հաստատւել, այնուամենայնիւ ենթադրութիւնները խօսում են միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի պնդումների մասին։
Թեհրանը շարունակում է միջնորդների միջոցով շփումները, սակայն չի բացառում ռազմական գործողութիւնների վերսկսումը եւ յայտարարում է, որ պատրաստ է բոլոր սցենարներին, նոյնիսկ չսպասելով պատասխանի իրաւունքի ձեւաչափին։
Հետագայ գործընթացի առանցքային հարցը մնում է նոյնը, արդեօք Վաշինգտոնը կը համաձայնի՞ Իրանի պահանջների գործնական իրականացմանը։



