Բայդէնի հեռացումով աշխարհում շատ բան է փոխւելու. Հայաստանը պէտք է ճկուն լինի
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
Բայդէնի հեռացումով աշխարհում շատ բան է փոխւելու՝ շատ պետութիւնների, ժողովուրդների եւ հակամարտութիւնների ընթացքներ։ Նոյնիսկ եթէ յաղթի դեմոկրատ Քամալա Հարիսը։ Թրամփի յաղթանակի դէպքում փոփոխութիւնները լինելու են աւելի սրընթաց։
Ուկրաինան սա արագ հասկացաւ, եւ Կիեւի հռետորաբանութիւնն օրերի ընթացքում անճանաչելիօրէն փոխւեց։ Կիեւը հիմա աւելի է յակւած բանակցութիւնների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականութիւն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պէտք էր հասկանալ շատ աւելի վաղ նախքան անմեղսունակ քաղաքականութեան հետեւանքով երկիրն աւերելը։
Նոյն խնդրի առաջ կանգնած են Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանւորդ (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.) փչացրեց Երեւանի յարաբերութիւնները Մոսկւայի հետ եւ տեղաւորւեց Արեւմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արեւմտեան միջնորդութիւնը, բայց այդ ընթացքում էապէս բարելաւեց իր յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, մեղմեց լարւածութիւնն Իրանի հետ։
Մինչ հայ հանրութիւնն աշխարհի ու քաղաքականութեան մասին իր գաւառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութիւնների եւ Հ1-երի օգնութեամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղաւոր», հակառակորդն իր շահերի բալանսաւորումը հասցրեց կատարել առաւելագոյն արդիւնաւէտութեամբ։
ԱՄՆ փոփոխւող վարչակարգի եւ միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պէտք է լինի ճկուն, եթէ կուզէք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարաւո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի եւ գործող կառավարութեան պայմաններում։ Գուցէ ինչ-որ մասով հնարաւոր է, սակայն դժւար պատկերացնելի, եթէ հաշւի առնենք այսօրւայ իշխանութիւնների անկանխատեսելիութիւնն ու հնարաւոր կուլիսային պայմանաւորւածութիւնները։
Ճիշտ պահին նոր բանակցողի եւ նոր կառավարութեան ի յայտ գալը կարող էր ուղղակիօրէն հնարաւորութիւնների նոր էջ բացել Հայաստանի եւ անգամ Արցախի համար։ Շատ պետութիւններ են իրենց պատմութեան մէջ արել նման քայլեր եւ շահել պատմական կտրւածքում (ներառեալ` ՀՀ բոլոր 4 հարեւանները)։
Կայ կարծիք, որ ճիշտ կը լինէր, որ դա արւէր պալատական պրոցեսների արդիւնքում։ Գուցէ ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախեւառաջ պալատ է պէտք ունենալ։ Հայաստանում այն վերածւել է պատահականութիւնների գաւառական կայարանի։
Նոր եւ ճկուն պաշտօնական Երեւանի պատմական անհրաժեշտութիւնը սուր խնդիր է, որը պէտք է դառնայ առաջիկայ պրոցեսների առանցքը։