Սուրէն Սարգսեան. «Բայդէնի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտէր» մնացին»
«ԱԼԻՔ»- «Բայդէնի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացները «անտէր» մնացին»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը։
Նա նշել է.
«Չգիտեմ ինչու պէտք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղութեան համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնրդութեամբ/ճնշմամբ, որին մի քանի ամսւայ կեանք է մնացել: Մանաւանդ, որ ո՛չ Հարիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու եւ Բաքուն հանգիստ կարող է սպասել:
Նոյնը վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, որում Բայդէնի վարչակազմը հետաքրքրւած էր:
Այսպէս կոչւած խաղաղութեան համաձայնագիրը մինչ նոյեմբեր կնքելու միտքը, եթէ նոյնիսկ Վաշինգտոնինը չէր, ապա Բայդէնի վարչակազմի շահերից էր բխում, քանի որ այն կարելի էր օգտագործել՝ որպէս Բայդէնի արտաքին քաղաքական ձեռքբերում ընտրութիւններին ընդառաջ (յիշէք Թրամփի՝ Իսրայէլի եւ արաբական մի շարք երկրների յարաբերութիւնների կարգաւորումը 2020 թւականի ընտրութիւններին ընդառաջ):
Հիմա այս հարցերը «անտէր» են մնացել, քանի որ Բայդէնի ճնշումներից վախեցող չկայ եւ բոլորին միեւնոյնն է նրա legacy-ն ինչպիսինը կը լինի, եւ արդեօք նա կը մնա՞յ պատմութեան մէջ որպէս պատմական կոնֆլիկտ լուծած մարդ, թէ՝ ոչ:
Թրամփի, կամ Հարիսի գալը նոր արտաքին քաղաքականութիւն է ենթադրում, նոր առաջնահերթութիւններով եւ դերակատարներով: Հայաստանի հերթական սխալը եղել է դիւերսիֆիկացման բացակայութիւնը, անհեռատեսութիւնն ու սխալ հաշւարկը: Ակնյայտ էր չէ՞, որ Բայդէնի վարչակազմը յաւերժ չէ, ոչ էլ ինքը՝ Բայդէնը:
Իսկ Հայաստանի՝ բոլոր ձւերը մի զամբիւղում դնելու քաղաքականութիւնը հերթական աղէտն է»։