Շենժենում Թրամփի իրանական խաղը ձախողւեց
Թրամփը փորձեց Թեհրանի հարցը դարձնել երեք մեծ տէրութիւնների քննարկումների առանցք, սակայն Պեկինն ու Մոսկւան չմիացան Վաշինգտոնի օրակարգին

ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը աւարտւեց ընդհնաուր յայտարարութեամբ, առանց Իրանի ու Հորմոզի նեղուցի մասին յիշատակման։
ԻՌՆԱ-ն վերլուծելով ստեղծւած իրավիճակն ու հանդիպումների արդիւնքները նշել է, որ այս փաստն ուշագրաւ է յատկապէս այն պատճառով, որ Դոնալդ Թրամփը մինչեւ հանդիպումը բազմիցս յայտարարել էր, որ Իրանի հարցը լինելու է քննարկումների առանցքային նիւթերից մէկը։
Շենժենի հանդիպումն իր տեսակով համարւում է բացայայտում՝ տարաձայնութիւնների առումով: Թրամփը փորձել էր Չինաստանի եւ Ռուսաստանի հետ քննարկումների միջոցով Իրանի հարցում քաղաքական յենարան ապահովել, մինչդեռ Պեկինն ու Մոսկւան չեն ցանկացել իրենց անունը կապել Թեհրանի նկատմամբ որդեգրած ճնշման քաղաքականութեան հետ։
Մինչեւ եռակողմ հանդիպումը Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկկողմ ձեւաչափով անդրադարձել էին Հորմոզի նեղուցում նաւագնացութեան ազատութեան եւ Իրանի միջուկային ծրագրին։ Սակայն այս ընդհանուր ձեւակերպումներից այն կողմ որեւէ գործնական համաձայնութիւն, կամ գործողութիւնների ճանապարհային քարտէզ չի ներկայացւել։
Յօդւածագիրը նշել է նաեւ, որ Չինաստանը Իրանի նաւթի գլխաւոր գնորդն է, իսկ Թեհրանի համար՝ տնտեսական կարեւոր գործընկեր։ Հետեւաբար, Հորմոզի նեղուցի վերաբացումն ու տարածաշրջանային կայունութեան հարցում Պեկինի շահագրգռւածութիւնը չի կարելի նոյնացնել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականութեանն աջակցելու պատրաստակամութեան հետ։
Մոսկւայի դիրքորոշումը եւս պայմանաւորւած է իր ռազմավարական հաշւարկներով։ Իրանի դէմ ամերիկեան ճնշումների քաղաքականութեանը միանալը կարող է ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը տարածաշրջանում եւ հակասել Ռուսաստանի շահերին։ Միեւնոյն ժամանակ, Մոսկւան պատրաստ չէ Իրանի հարցում ստանձնել պարտաւորութիւնների այնպիսի օրակարգ, որում կարող են սահմանափակւել Մոսկւայի դիւանագիտական շրջադարձերի հնարաւորութիւնը։
Սպիտակ տունը ցանկանում է բանակցել ուժի դիրքերից, առանց Չինաստանին ու Ռուսաստանին Իրանի հարցում հաւասար դերակատարութիւն տալու։ Սակայն նման մօտեցումը դժւար թէ ապահովելու լինի միջազգային այնպիսի աջակցութիւն, որի կամքից է կախւած ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը։
Յօդւածագրի նշումով Շենժենի հանդիպման արդիւնքները ցոյց տւեցին, որ Իրանը շարունակում է մնալ երեք մեծ տէրութիւնների շահերի բախման կարեւոր հանգոյցներից մէկը, բայց այդ հանգոյցի լուծման շուրջ ընդհանուր պատկերացում դեռեւս գոյութիւն չունի։ Թեհրանի հարցում Վաշինգտոնի, Պեկինի եւ Մոսկւայի շահերը հատւում են, սակայն չեն նոյնանայ: Շենժենի հանդիպման աւարտական յայտարարութիւնը ցոյց տւեց, որ նման ակնկալիքը քաղաքական սնանկութեան նախանշաններից է:



