ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Մեհդի Սոբհանի. «Ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկէտ ռազմավարական յարաբերութիւններ»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գէորգ Պապոյեանը յունւարի 11-ին ՀՀԱԺ-ում հանդիպում ունենալով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ ընդգծել է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակութիւն ունեն բազմադարեայ պատմութիւն ունեցող եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած հայ-իրանական ջերմ յարաբերութիւնները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցութեանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիւ այլ ոլորտներ՝ Գէորգ Պապոյեանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալներն աւելացնելուն ուղղւած ջանքերը:

Parstoday.ir-ի համաձայն՝ հանդիպման ընթացքում, Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան եւ խօսքերի համար ասել է. «Հայաստանն այսօր գտնւում է պատմութեան զգայուն ոլորաններում»:

Նա ընդգծել է տնտեսական համագործակցութեան առաջնահերթութիւնը՝ նշելով, որ քաղաքական յարաբերութիւնները պէտք է հարթեն տնտեսական յարաբերութիւնների ճանապարհը:

Դեսպանը կարեւորել է ենթակառուցւածքների ճիշտ գործարկումը եւ նշել է.«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկէտ ռազմավարական յարաբերութիւններ»:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման եւ խորացման անհրաժեշտութիւնը: Քննարկւել են երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, գիւղատնտեսութեան, էներգետիկայի, կրթութեան եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button