Միջազգային

Մեդւեդեւ. «Ուկրաինայում բրիտանական զօրքերի տեղակայումը կը նշանակի պատերազմ յայտարարել Ռուսաստանին»

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիեւում, Ուկրաինայի հետ ստորագրել է «անվտանգութեան համաձայնագիր», որը նա պատմական է անւանել:

Արձագանգելով յստակ հակառուսական ուղղւածութիւն ունեցող այս պայմանագրի ստորագրմանը, ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ինչպէ՞ս կարձագանգի արեւմտեան հասարակութիւնը այն փաստին, որ բրիտանական պատւիրակութիւնը կրակի տակ է ընկել Կիեւի կենտրոնում կասետային զինամթերքից, ինչպէս դա տեղի ունեցաւ մեր Բելգորոդի խաղաղ բնակիչների հետ:

Յուսով եմ, որ մեր յաւերժական թշնամիները՝ ամբարտաւան բրիտանացիները, կը հասկանան, որ իրենց պաշտօնական ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կը նշանակի պատերազմ յայտարարել մեր երկրին»:

Յիշեցնենք, որ նախօրէին Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան «անվտանգութեան համաձայնագիր» են ստորագրել, որի համաձայն՝ Լոնդոնը Կիեւին մշտական եւ համապարփակ աջակցութիւն կը ցուցաբերի յաջորդ տասնամեակի ընթացքում։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանի ապագայ յարձակման դէպքում Մեծ Բրիտանիան արագ եւ առանց յապաղելու Ուկրաինային կը տրամադրի անհրաժեշտ օգնութիւն՝ ներառեալ ցամաքային, ծովային եւ օդային տարածքում յարձակումը յետ մղելու ժամանակակից զէնք:

Related Articles

Back to top button