Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները (Բ)

Սոյն յօդւածի առաջին մասով անդրադարձել էինք սահմանազատման (delimitation) եւ սահմանագծման (demarcation) երեւոյթներին, դրանց էութեանը, իրականացման միջազգայնօրէն ընդունւած մօտեցումներին։ Յօդւածի առաջին մասում շարադրել էինք այն ընթացակարգերը, որոնցով երկու հարեւան պետութիւններ, դրսեւորելով քաղաքական կամք եւ ելնելով բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման կամ զարգացման շարժառիթից, միջազգայնօրէն ընդունւած կարգով իրականացնում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Հարեւան պետութիւնների միջպետական յարաբերութիւններին բնորոշ այս գործընթացը ընթացակարգերի եւ մօտեցումների առումով որեւէ ընդհանրութիւն սակայն չունի Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների հետ։

Ադրբեջանի նպատակը ակնյայտօրէն շարունակում է մնալ ոչ թէ խաղաղութեան հաստատումը, այլ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ադրբեջանը փորձում է սահմանազատումը յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեանը՝ մասնաւորապէս ստրատեգիական կարեւորութեան բարձունքներում դիրքաւորւած մնալով։

Մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրւած Ադրբեջանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցւածքների նկատմամբ վերահսկողութիւնը պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատւածի կեանքը կաթւածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։

Ինչպէս նշեցինք նախորդիւ, 2020 թ. աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ադրբեջանական պարտադրմամբ, հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի առանցքային կէտերից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկւել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ. մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխաւորութեամբ ստեղծւեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի նախկին, ինչպէս նաեւ առաջիկայում պլանաւորւած հանդիպումներին, դեռեւս յուսադրութիւն չեն ներշնչում։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնջուկ է, որն էլ աւելի է խճճւել ադրբեջանական զանազան պատմաշխարհագրական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ. այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։ Յօդւածի երկրորդ մասով, արդէն տեսական գիտելիքի համակարգմամբ, կանդրադառնանք Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդրին՝ վեր հանելու գործընթացի դժւարութեան առարկայական պատճառները եւ իրավիճակի շարունակական ապակայունացմանն ուղղւած ադրբեջանական քաղաքականութիւնը։ 

Քաղաքական խոչընդոտներ

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացում առկայ խնդիրները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերում։ Առաջին խումբը կարող է ներառել այն խնդիրները, որոնք ուղղակիօրէն վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ երկրորդ խումբը զուտ քաղաքական խնդիրներն են, Ադրբեջանի բացայայտ թշնամական կեցւածքը, ցեղասպանական գործողութիւնները Արցախում, որոնց անդրադարձը էականօրէն կը մեծացնի այս աշխատանքի ծաւալն ու մեզ կը շեղի բուն նիւթից։ Միայն նշենք, որ ադրբեջանական թշնամական քաղաքականութիւնը եւ բոլորովին վերջերս ռազմատենչ հռետորաբանութեան եւ Հայաստանից տարածքային պահանջների նոր նշաձողերը, անիմաստ են դարձնում նաեւ սահմանների սահմանազատման գործընթացը, քանի որ վերջինս մի բան է, որ պէտք է ծառայի հարեւան պետութիւնների միջեւ համակեցութեան հաստատմանն ու զարգացմանը, եւ ոչ թէ պատերազմական յանցագործութիւնների արդիւնքում զաւթած տարածքների ու դիրքերի փաստաթղթային ամրագրմանը։ Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդիրներին, որոնք ուղղակի կապ ունեն սահմանազատման հետ, մասնաւորապէս. 

Սահմանազատման համար փոխադարձ իրաւական հիմք

Ինչպէս յօդւածի առաջին մասում ենք քանիցս անդրադարձել՝ սահմանազատման համար փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի շուրջ պայմանաւորւածութիւնը նախապայմանային նշանակութեան չափազանց կարեւոր հանգամանք է հետագայ աշխատանքների արդիւնաւէտութեան ապահովման տեսանկիւնից։ Հայ-ադրբեջանական յարաբերութիւններում այս խնդիրը գալիս է 20-րդ դարասկզբից եւ իր ազդեցութիւնն ունի մերօրեայ քաղաքական զարգացումներում։ Միջանկեալ նշենք, որ թէեւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը իրեն հռչակել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան իրաւայաջորդ, Ադրբեջանն անկախութիւնից յետոյ սահմանադրութեամբ իրեն հռչակել է Մուսաւաթական Ադրբեջանի իրաւայաջորդ, այն պետութեան, որի քարտէզները չեն ընդունւել նոյնիսկ Ազգերի Լիգայի կողմից։ Հաւանաբար այդ մտացածին սահմանները երեւակայելով էր, որ յունւարի 10-ի հարցազրոյցի ժամանակ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ Ադրբեջանի տարածքն ի սկզբանէ եղել է 100.000 քառ. կլմ., եւ որ այդ տարածքներից տրամադրւել են հայկական պետութեանը։

Ամէն դէպքում խորհրդայնացւած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին սահմանային յստակեցումները փորձ արւեցին կատարել խորհրդայնացումից մի քանի տարի անց։ Հետագայում ԽՍՀՄ Զինւած ուժերի գլխաւոր շտաբը հաստատել է մի շարք քարտէզներ, որոնց արդիւնքում Հայաստանը կորցրել է շուրջ 1200 քառ. կլմ. տարածք, այդ թւում ինքնիշխան կապը Արցախի հետ։

Այս հարցն իրական խնդրի է վերածւել հայ-ադրբեջանական յարաբերութիւններում, քանի որ Բաքուն ոչ միայն պահանջում է սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ ամենավերջին սահմաններով, որոնք իր համար ամենայաջողն են, այլ նաեւ գոնէ յայտարարութիւնների մակարդակով չի պատրաստւում խաղաղ կերպով հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Կողմերը կարծես թէ մօտ էլ չեն համաձայնութեան թէ ԽՍՀՄ գլխաւոր շտաբի որ թւականների քարտէզներով պէտք է սահմանազատում իրականացւի, վերջերս ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հնչեցրեց 1974 եւ 1978 թւականները, ինչի համաձայնութիւնը ադրբեջանական կողմից կարծես թէ դեռեւս հաստատւած չէ։ 

Ալմա Աթայի հռչակագրին յղման հարցը

Յետպատերազմեայ բանակցային գործընթացում ՀՀ իշխանութիւնների կողմից անհարկիօրէն կիրառութեան մէջ դրւեց Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմեանց տարածքային ամբողջականութիւնը ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմա Աթայի հռչակագրով իբր թէ ճանաչւած լինելու մասին կեղծ թէզը։ Ընդորում Հայաստանի իշխանութիւնները փորձում էին Ալմա Աթայի խաղաքարտը խաղարկել ինչպէս Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից ձերբազատւելու, այնպէս էլ ՀՀ-Ադրբեջան միջպետական խնդիրները լուծելու համար։

Իրականում 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետութեանը, Հայաստանի Հանրապետութեանը, Բելոռուսիայի Հանրապետութեանը, Ղազախստանի Հանրապետութեանը, Կիրգիզստանի Հանրապետութեան, Մոլդաւիայի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան (ՌՍԴԽՀ), Տաճկաստանի Հանրապետութեան, Թուրքմենիստանի, Ուզբեկստանի Հանրապետութեան եւ Ուկրանիայի կողմից ստորագրւած Ալմա Աթայի հռչակագրով որեւէ կերպ չէր կարող ճանաչւել Ադրբեջանի սուվերենութիւնը Արցախի նկատմամբ՝ ի թիւս այլնի, նախ, որովհետեւ այդ հռչակագրի ստորագրման ժամանակ արդէն Արցախը՝ համաձայն միջազգային եւ ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան հանրաքւէով հռչակել էր իր անկախութիւնը, ապա նաեւ այն պատճառով, որ Արցախի հարցում տարընկալումները կանխելու համար ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունել էր համապատասխան վերապահումներ։ Բայց քանի որ սոյն յօդւածի քննարկման նիւթն ուղղակիօրէն չի վերաբերում Արցախին, ապա զերծ մնանք այս ուղղութեամբ յաւելեալ քննարկումներից։ Ալմա Աթայի հռչակագիրը, նաեւ չի կարող իրաւական հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան եւ ադրբեջանական Հանրապետութեան միջեւ սահմանազատման եւ սահմանագծման համար, ի թիւս այլնի նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը, ի տարբերութիւն Հայաստանի, չի վաւերացրել Ալմա Աթայի հռչակագիրը։

Մասնաւորապէս, պաշտօնական Բաքուն նախ առ ոչինչ է յայտարարել հռչակագիրը ստորագրած Այաս Մութալիբովի ստորագրութիւնը։ Ալմա Աթայի հռչակագրում Ադրբեջանի ստորագրութիւնը երկրորդ անգամ զետեղւում է 1993 թ. սեպտեմբերի 24-ին, սակայն հռչակագիրը, որպէս այդպիսին ադրբեջանական օրէնսդրի կողմից չի վաւերացւում։ Սակայն նոյն օրը, Ադրբեջանի Գերագոյն խորհուրդը վաւերացնում է Անկախ Պետութիւնների Համագործակցութեան կազմակերպութեան (ԱՊՀ) կանոնադրութիւնը՝ այդպիսով դառնալով ԱՊՀ անդամ։ Ալմա Աթայի հռչակագիրը Ադրբեջանի կողմից շարունակում է մնալ ստորագրւած, բայց չվաւերացւած։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի 1969 թ. կոնւենցիայի՝ միջազգային պայմանագրի ստորագրումն ու վաւերացումը տարբեր հասկացութիւններ են։ Ըստ կոնւենցիայի 14-րդ յօդւածի՝ «Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետութեան համաձայնութիւնն արտայայտւում է վաւերացման միջոցով»։

Ելնելով վերոգրեալից կարող ենք եզրայանգել, որ սահմանազատման գործընթացում նախապայմանային նշանակութիւն ունեցող փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի փնտրտուքներում Ալմա Աթային հռչակագիրը որպէս այդպիսին լինել չի կարող։ 

Անկլաւների հարց

Ադրբեջանական կողմը պարբերաբար բարձրացնում է նաեւ այսպէս կոչւած անկլաւների հարցը, իրականում անկլաւներն առաջ եկան 1920-ական թթ., երբ խորհրդային իշխանութիւնը, ելնելով գիւղատնտեսական նպատակներից Ադրբեջանին անկլաւներ տւեց Հայաստանի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց, ադրբեջանական քաղաքականութեան արդիւնքում անկլաւացաւ հայկական Արծւաշէնը ու շարունակեց մնալ որպէս այդպիսին։ Հայկական անկլաւ Արծւաշէնի եւ Տաւուշի ու Արարատի մարզերի ադրբեջանական անկլաւները (միասին վերցւած) գրեթէ նոյն տարածքն ունեն 44-45 քառ. կլմ.։

Ընդորում, ժամանակին Ադրբեջանին տրւած անկլաւները գտնւում են Հայաստանի Հանրապետութեան կարեւորագոյն միջպետական ճանապարհների՝ դէպի Վրաստան եւ Իրան մայրուղիների վրայ։ Բացի այդ, համաձայն քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի՝ 1920-30-ական թթ. Ադրբեջանը Հայաստանից բռնագրաւել է շուրջ 1200 քառ. կլմ. տարածք, այդ թւում Լաչինի հատւածում, որի արդիւնքում, ինչպէս նշւեց կտրւել է Հայաստանի կապն Արցախի հետ։ Հետաքրքիր է, որ համաձայն 1926-1927 թթ. քարտէզների՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը 30.948 քառ. կլմ. էր, իսկ Ադրբեջանինը 2000 քառ. կլմ. աւելի փոքր, քան այժմ է։ Իսկ աւելի վաղ՝ 1920-ակաների քարտէզների համաձայն՝ նոյնիսկ Հայաստանն Արցախի հետ ունէր ցամաքային կապ, որը վերացաւ այսպէս կոչւած «Կարմիր Քրդստանի» ստեղծման պատրւակով, երբ Հայաստանից տարածքներ տրւեցին Ադրբեջանին։ 

Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի բռնագրաւում

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ մի քանի ռազմական ագրեսիաների արդիւնքում Ադրբեջանին յաջողւել է Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազաւթել շուրջ 200 քառ. կլմ. տարածք։

Սահմանային խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետութեան տասնեակ բնակավայրեր, ադրբեջանական զինուժի գործողութիւնների արդիւնքում, զրկւած են իրենց մշակովի հողատարածքներն ու արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից։ Յունւարի 10-ի իր ասուլիսում Ալիեւը բացէիբաց յայտարարեց, որ չեն պատրաստւում ադրբեջանական զինւած ուժերը յետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս հարցում ադրբեջանական դիրքորոշումը եւս մէկ առանցքային խոչընդոտ է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքներում։

Այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» պահանջ

Սահմանազատման գործընթացը տորպեդահարող՝ ադրբեջանական միւս պահանջը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումն է՝ ադրբեջանաթուրքական ուղենիշերով։ Պատերազմից յետոյ ադրբեջանաթուրքական տանդեմը մշտապէս խօսում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացման անհրաժեշտութեան մասին՝ յաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամութիւնը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցւածքների ապաշրջափակմանը եւ այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապը հնարաւոր դարձնելուն, այնուամենայնիւ պաշտօնական Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որի վրայ չի տարածւի ՀՀ ինքնիշխանութիւնը: Վերջին շրջանում ադրբեջանական պետական ու մերձիշխանական շրջանակների կողմից ակտիւացել են խօսակցութիւնները նաեւ այդ, իրենց կողմից ենթադրելի, միջանցքի երթուղու շուրջ։ Եթէ նախկինում դիտւում էր նաեւ Սիւնիքի մարզի հիւսիսային հատւածը, ապա այժմ հիմնական շեշտը դրւում է Հայաստանի ծայր հարաւի՝ Իրանի հետ սահմանային Մեղրիի վրայ։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ ադրբեջանական Հանրապետութեան միջեւ յարաբերութիւններում վերջնիս կողմից բացակայում է սահմանազատման, ապա եւ սահմանագծման վերաբերեալ քաղաքական կամքը, ինչը ընթացիկ գործընթացն ընդամէնը միջոց է՝ միջազգային յարաբերութիւնների ներկայ տեղապտոյտից ու Հայաստանի թոյլ կեցւածքից օգտւելով պաշտօնական Երեւանից աւելին պոկելու, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, ինչպէս նաեւ արդէն իսկ ձեռքբերւածը փաստաթղթային ամրագրման հասցնելու համար։ Այս իրավիճակում սահմանազատման գործընթացը չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Հայաստանի իշխանութիւնների բացարձակապէս ոչ կոմպետենտութեան ու ադեկւատ պատասխանի բացակայութեան պայմաններում, սահմանազատման այս գործընթացը հետզհետէ վերածում է ոչ թէ Հայաստանի անվտանգային կարիքները մեղմող ու կայունացնող գործընթացի, այլ ճիշտ հակառակը՝ յղի նոր անկայունութիւններով ու սպառնալիքներով։

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու,
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

«Հորիզոն»

Related Articles

Back to top button