Հայաստան - Արցախ

Ո՞ւր է հայկական պետական լաբբին…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Յարգելի ընթերցող,

Մեր համազգային պահանջատիրութեան պայքարում մշտապէս առանձնայատուկ տեղ է վերապահւած եղել հայկական ազգային ու իրաւա-քաղաքական պահանջների բաւարարման գործում յարաբերական-քարոզչական լայն աշխատանքներ իրականացնող համապատասխան միաւորներին, բջիջներին ու այսպէս ասած՝ լաբբիստներին։

Դրանք, յատկապէս մեր պետականութիւնից զուրկ հին ժամանակներից ի վեր, պատնէշի վրայ են գտնւել ու ներածին չափ՝ նպաստել են մեր համընդհանուր Պահանջատիրական եւ տարատեսակ այլ իրաւունքները բաւարարելու երթին։

Այսօր, սակայն, աւելի քան 30 տարւայ փորձ է կուտակել համաշխարհային հայ լաբբինգը՝ ժամանակի պետական-դիւանագիտական միաւորների հետ համագործակցաբար, որով էլ մեծ նւաճումներ է արձանագրել հայ ժողովուրդը՝ համազգային նշանակութեան հիմնախնդիրների լուծման ճանապարհին։

Ցաւօք, նոյն փորձն, արդէն շուրջ վերջին 5 տարիների ընթացքում կերպարանափոխւել է անասելի ու աննախադէպ փորձանքների դէմ-յանդիման կանգնելուն։ Այսօր իսկ հայկական լաբբին միաթեւ՝ լոկ արտերկրային-Սփիւռքեան իր հատւածով է փորձում առաջ տանել լաբբիստական ծանրակշիռ առաքելութիւնը։

Ահաւասիկ, ստորեւ փորձ է արւել ներկայիս հայկական իրականութեան ահազանգային խնդիրների համատեքստում դիտարկել համաշխարհային մակարդակով իր աշխատանքները շարունակող հայկական լաբբիի ծանրակշիռ գործունէութիւնը։

ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱԲԲԻՆ

Օրերս Եւրոպայի տասնեակ քաղաքներում բնակւող հայութիւնը, հասարակաքաղաքական բազմաթիւ միաւորների, ինչպէսեւ եւրոպական տարբեր կառոյց-կազմաւորումների հետ համատեղ՝ ցոյցեր, հաւաքներ ու տարբեր միջոցառումներ կազմակերպեցին՝ յանուն ԱՐՑԱԽԻ վերջին ժամանակաշրջաններում ոտնահարւած իրաւունքների վերարծարծման ու վերականգնման։

– «Արցախը երբեւէ շինծու ադրբեջանի մաս չի եղել»,

– «Պէտք է միջազգային երաշխիքով ապահովւի բռնագաղթեցւած արցախցիների վերադարձը՝ սեփական բնօրրան»,

– «Պէտք է հայատեաց ադրբեջանի կողմից անյապաղ ազատ արձակւեն բոլոր ռազմագերիները, քաղաքացիական պատանդներն ու վերջին ագրեսիայի արդիւնքում գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»։

Վերոգրեալները, ինչպէսեւ իրաւաքաղաքական այլ պահանջների բարձրաձայնումով՝ եւրոհայերն ու հայամէտ եւրոպացիները հերթական անգամ ապացուցեցին, որ հակառակ Հայաստանի ներկայիս պասիւ, պարտւողական ու շարունակ միակողմանի զիջումների գնացող իշխանութեան, հայութեան մեծամասնութիւնը դէմ է ներքին, թէ՛ արտաքին հայրենադաւ նկրտումներին։ Դրանք, սակայն, 2018 թւականի բրիտանա-սորոսական «թաւշեայ յեղափոխութիւնից» սկսեալ, միտւած են եղել նախ՝ ձերբազատւելու «Արցախի հարցի 30-ամեայ գլխացաւանքից» ու ապա՝ ադրբեջանական նաւթի սիրոյն՝ ստորադասելու հայկական պետականութեան անվտանգութիւնը, ընդհուպ՝ գոյութիւնը…:

Միաժամանակ, կարեւոր ու մեծ ձեռքբերում էր յատկապէս Ֆրանսիայի Սենատի՝ ի նպաստ Արցախի համապարփակ որոշում-յայտարարութիւնը, որն, անտարակոյս, դրական է ազդելու նոյն երկրի գործադիր իշխանութեան առաւել արդիւնաւէտ կեցւածքների վրայ։

Վերոնշեալները հերթական անգամ ապացուցում են, որ Եւրոպայում, յար եւ նման նախորդ դարի, այժմ եւս Հայկական լաբբին, ի դէմս՝ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի, ի զօրու է յօգուտ Հայրենեաց՝ անել իր կարելին, ինչքան էլ որ աշխարհագրա-քաղաքական նոր միտումները աննպաստ ուղղութեամբ ընթանան…։

ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱԲԲԻՆ

Նոյն հայամէտ ու Հայաստանանպաստ լաբբինգը, ինչպէս տասնամեակներ շարունակ, այժմ եւս Ամերիկաներում, տեղական ու շրջանային Հայ Դատի յանձնախմբերով է լծւած անդուլ աշխատանքների, որոնք, անշուշտ, կրկնակի եւ բազմակի արդիւնաւորում կունենային, եթէ համահունչ կեցւածք որդեգրէին հայաստանեան դեսպանական ու դիւանագիտական տարբեր ներկայացուցչութիւնները: Այս վերջիններն, ինչպէս վերը նշւեց՝ ընդօրինակում են միեւնոյն պարտւողական կեցւածքները, որոնք էլ ցաւօք՝ հիմք են հանդիսանում ԱՄՆ պետդեպարտամենտի հայաստանեան քաղաքականութեան ուղղութեամբ կեցւածքի որդեգրման խնդրում, յաճախ՝ ոչ նպաստաւոր՝ Հայաստանի ու հայութեան համար։

ՄԻՋԻՆ ՈՒ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱԲԲԻՆ

Հայաստանի, Արցախի եւ առհասարակ համազգային նշանակութեան հիմնախնդիրներում, ինչպէս միշտ եւ յատկապէս վերջին տարիների քաոսային իրավիճակներում, Միջին ու Մերձաւոր Արեւելքի հայութիւնն, տարատեսակ ձախորդ պայմաններով հանդերձ, որոնք առաջացան Սիրիայում ու Լիբանանում, իր անսակարկ կեցւածքն է ցուցաբերել՝ ինչպէս նիւթա-բարոյական, այնպէս էլ Հայ Դատի նւիրեալների ջանքերով՝ քաղաքական ու յարաբերական մակարդակներում։ Իսկ աւանդաբար Միջին ու Մերձաւոր Արեւելքի յատկապէս արաբական հասարակայնութիւնը ճանաչւած է եղել իր հայամէտութեամբ եւ Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ՝ Հայաստանի հետ բարեկամական յարաբերութիւնների զարգացմամբ ու այդ շրջանակներում էլ դրական կեցւածք է որդեգրել արցախեան հիմնահարցի ուղղութեամբ։

Ներկայումս էլ՝ Արցախի գծով հայկական իրականութեան ձախորդ պայմաններով հանդերձ՝ տւեալ տարածաշրջանի երկրները հաշւի առնելով թուրք-օսմանական ինչպէս պատմական, այնպէս էլ ներկայիս պանթուրքիստական նկրտումները, տրամաբանօրէն ցուցաբերում են հայամէտ կեցւածքներ, որոնք էլ ցաւօք՝ հարկ եղած պատշաճութեամբ չեն գնահատւում Հայաստանի առհասարակ իշխանութեան եւ մասնաւորապէս անգործութեան մատնւած «դիւանագիտական կորպուսի» կողմից։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՓԻՒՌՔԻ՝ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԼԱԲԲԻՆ

Ռուսահայկական շուրջ 3 միլիոնանոց Սփիւռքը, որն մշտապէս գերագնահատւում է նրանով, որ ազգաբնակչութեամբ գերակշռում է բուն Հայաստանի հայութեան թւաքանակը, դեռեւս նախորդ դարի 20-ական թւականների խորհրդայնացումից յետոյ դադարել էր հայկական լաբբինգի ֆունկցիայի դերակատարումից։ 90-ականներից յետոյ, սակայն, Մոսկւայում ու եւս մի քանի շրջաններում, յանձինս վերընձիւղւած ՀՅԴ-ի՝ յաջողւեց գործի լծել Հայ Դատի գրասենեակներ, որոնք, սակայն, հետագային նիւթական սուղ կացութեան ու այլեւայլ պայմանների բերումով՝ նւազեցրին համապատասխան գործունէութեան ծաւալը։

Ինչ վերաբերում է ներկայիս պետական լաբբինգին, պէտք է ասել, որ հայ-ռուսական դիւանագիտական, հետեւաբար քաղաքական-յարաբերական կապերը գրեթէ զրոյական վիճակում են։ Դրանք, ինչ խօսք՝ պայմանաւորւած են Հայաստանի ներկայիս իշխանութեան հակառուսաստանեան արմատական դիրքորոշումներով, որոնք էլ ակունք են առել «թաւշեայ յեղափոխութեան» պատւիրատուների աշխարհագրա-քաղաքական նպատակներից՝ «Կովկասից ռուսներին հեռացնելու» պատմական երազանքներով…։

Ինչեւէ, այստեղ բուն թեման պատմական թէ ժամանակակից Հայաստանի, Արցախի ու առհասարակ հայութեան նկատմամբ ռուսական քաղաքականութեան լաւ կամ վատ, դրական կամ բացասական տւեալների թւարկումը չէ։

Մեր խնդրոյ առարկան հայութեան ամենամեծ Սփիւռքի՝ ռուսահայ մեծ ու վիթխարի համայնքի զարհուրելի ապաքաղաքականացումն է, որն էլ թէ՛ ուղղակի, եւ թէ՛ անուղղակի բացասական հետք է թողնում համազգային նշանակութեան հիմնահարցերի լուծման ճամբին։

Չի եղել ու հիմա էլ ականատեսը չենք ցաւօք՝ նւազագոյն բողոքի ակցիայի (թէկուզ մի քանի տասնեակներով), երբ համազգայնօրէն կորցրինք Արցախը, կամ՝ երբ այսօր իսկ բուն Հայրենի օջախն ու պետականութիւնն է վտանգւած՝ ներուժ ու ներգործուն սպառնալիքներով, բողոքի ձայներ չեն լսւում մեր ամենամեծ Սփիւռքի կողմից…:

Եթէ մի պահ համեմատենք 3 միլիոնանոց ռուսահայկական Սփիւռքը՝ գէթ Միջին ու Մերձաւոր Արեւելքի, կամ նոյնիսկ մեր՝ հինաւուրց ու հայաստանամերձ իրանահայ համայնքի այսօրւայ նօսրացած թւակազմի հետ, պատկերը առաւել քան յուսահատական է դառնում։ Յատկապէս այն դէպքում, երբ հայատեաց ու շինծու ադրբեջանը արտերկրային ամենադոյզն կարելիութիւնները հէնց Ռուսաստանի իր «Սփիւռքով», ի գործ է դնում՝ Հայաստանն ու հայութեանը վարկաբեկելու եւ իրողութիւնները խեղաթիւրելու իւրայատուկ լաբբինգով։

ԱՄՓՈՓՈՒՄ

Յարգելի ընթերցող, ակնյայտօրէն ազգովի՝ Հայաստանով, արտերկրով ու Սփիւռքով դէմ-յանդիման ենք մեծագոյն սպառնալիքների՝ օրաւուր առաւելապաշտ-ցեղասպան թշնամիների կողմից։ Արցախի հայաթափումից յետոյ, այժմ ռէալ վտանգի է ենթակայ մեր բուն հայրենի երկիրը։ Դա ամենայն լկտիութեամբ բարձրաձայնում է թշնամին՝ Հայաստանը համարելով «արեւմտեան ադրբեջան»։ Հէնց օրերս է իր «միլլի մեջլիսում» այդ անւամբ օրինագիծ հրապարակել ու բորենիաբար դա ի ցոյց է դնում յաչս միջազգային հանրութեան։

Ո՞ւր է հայկական կողմի համարժէք պատասխանը. ձայն բարբառոյ յանապատի՜…

Ո՞ւր է ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւնն ու առաւել եւս՝ ու՞ր են Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնների կանխարգելիչ ու համաշխարհային հանրութեանը լուսաբանելու եւ թուրք-ադրբեջանական կեղծարար քայլերը քողազերծող պետական ԼԱԲԲԻՆԳՆԵՐԸ…։

Այդպիսիների փոխարէն, ցաւօք՝ ականատեսն ենք Սփիւռքի ազգային, իրական ու ժողովրդական լաբբիստներին «անցանկալի անձ» յայտարարելու եւ նրանց մուտքն հայրենիք արգելելու անողնաշար ու թշնամուն ուրախացնող կեցւածքների…։

Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button