Վարդան Օսկանեան. «Չկայ խաղաղութեան որեւէ բանաձեւ, որը ենթադրում է մէջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսութեամբ Հայաստան, որովհետեւ այդ ամէնը Ալիեւի մղձաւանջն է»
Չկայ խաղաղութեան որեւէ բանաձեւ, որը ենթադրում է մէջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսութեամբ Հայաստան, որովհետեւ այդ ամէնը Ալիեւի մղձաւանջն է։
«Ֆէսյբուք»-եան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը.
«Փաշինեանի խաղաղութեան ձգտումը բախւում է Ալիեւի «ռեւանշիզմի բացառման» քաղաքականութեանը։ Ալիեւն անընդհատ խօսում է ռեւանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետեւաբար, չկայ խաղաղութեան որեւէ բանաձեւ, որը ենթադրում է մէջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսութեամբ Հայաստան, որովհետեւ այդ ամէնը Ալիեւի մղձաւանջն է։
Միամտութեան, անփորձութեան պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանութիւնների առաջ քաշած բոլոր թէզերը, թէ կայ բանաձեւ, որ այսօր Արցախից, վաղը միգուցէեւ Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխաւորի կայունութիւն ու զարգացում, պատրանք են։
Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձեւ, որտեղ կը լինի հնարաւորինս թոյլ, երկարաժամկէտ կտրւածքում զարգացման որեւէ հեռանկար չունեցող Հայաստան։
Դրա համար նրանք պոկելու են ամէն հնարաւորը եւ նոյնիսկ աւելին։ Եթէ անգամ Ալիեւի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բաւարարւեն, ընթացքում նորերն են ծնւելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետութիւնը միշտ լինի նւաստացած, այլոց, այդ թւում՝ իր կամքից կախւած, առանց բանակի եւ տնտեսութեան, առանց ներդրումների ու բարեկամների։
Ալիեւը քաջ գիտակցում է, որ Հայաստանի յաջորդ որեւէ իշխանութիւն դնելու է հայ ժողովրդի իրաւունքների հարցը։ Ցանկացած յաջորդ իշխանութիւն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու եւ այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնութեան գալու աւելի լաւ հմտութիւններ։ Ի վերջոյ, Ալիեւը՝ ի տարբերութիւն մեր այսօրւայ իշխանութիւնների, գիտի, որ հնարաւոր է աւելի լաւ բանակցել, հնարաւոր է սեղանին դնել դիւանագիտօրէն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրւայ իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրւայ բանակցողի խնդիրն է։ Հետեւաբար, նա այսօր Հայաստանի իշխանութիւններից պոկելու է այնքան բան, որ յաջորդ իշխանութեան դիրքերը հնարաւորինս թոյլ լինեն։
Հիմա արդէն բոլորի համար ակնյայտ է, որ Արցախից հրաժարւելու, նոյնիսկ Արարատից, հայոց պատմութիւնից հրաժարւելու դիմաց Ալիեւը ոչինչ չի ստորագրելու։ Այլապէս մինչ այսօր ստորագրած կը լինէր։ Նա կորզելու է շօշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նւաստացուցիչ այնպիսի դրսեւորումներով, որ որեւէ շրջադարձի դէպքում Հայաստանում որեւէ իշխանութիւն, թոյլ ու ստորացւած լինելով, արդէն փորձի ստանալ այն նւազագոյնը, ինչն անգամ միջազգային քարտէզներով մեզ է պատկանել ի սկզբանէ։ Ալիեւը փորձելու է հասնել նրան, որ հետագայ բանակցութիւնները լինեն միջազգային բոլոր իրաւական նորմերով մերը յետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրաւունքն այլեւս անգամ օրակարգում պատկերացնելը զաւեշտալի լինի։
Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետեւ նրանք մտադիր չեն խաղաղութիւն երաշխաւորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մէջ պահել, քանի որ այս իշխանութեան վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնէ միայն այն պատճառով, որպէսզի բանակցութեան առարկայ լինի։ Այլապէս այսօր բանակցութեան միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրաւունքը լինի։
«Ռեւանշիզմի» չէզոքացումը թղթով չի լինում, սահմանադրութեան փոփոխութեամբ չի լինում։ Այսպէս կոչւած ռեւանշիզմը Ալիեւի համար նոյնպէս այդքան սարսափելի չի թւայ, եթէ հաստատւող խաղաղութիւնը արդարութեան նւազագոյն հիմքեր ունենայ, գոնէ մասամբ ընդունելի լինի նաեւ հայ ժողովրդի համար։ Այլապէս Ալիեւը միշտ վախենալու է անարդարութեան հետեւանքով հայ ժողովրդի տարիներով կուտակւած ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած յաջորդ իշխանութեան, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան դէպքում։
Նւազագոյն արդարութիւնը ենթադրում է արցախահայութեան վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թէկուզեւ այսօր առաջ քաշւած խաղաղութեան տրամաբանութեան շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։
Տարածաշրջանային եւ միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայութեան վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղութեան ստորագրումը գոնէ նւազագոյն կայունութիւն ունենայ։ Սրանից կարելի է հետեւութիւն անել, որ անպայման կը լինեն երկրներ ու կազմակերպութիւններ, որոնք կը նպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձեւաւորմանը, նոյնիսկ իրար հետ հակադրութեան մէջ գտնւող ուժերը»,- գրել է Օսկանեանը։