Շարմազանով. «Դո՞ւք էիք չէ, յարգելի ռուս գործընկերներ, ասում «ոչ, նա դաւաճան չէ» Ձեր աջակցութեան արդիւնքում չէ՞ Փաշինեանը մնաց իշխանութեան 2020-ին»
Եղել եւ մնում եմ հայ–ռուսական դաշինքի ջատագով։ Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը եւ յաւելել.
«Արցախ դաւաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդաւաճանի։
Հայ-ռուսական մեդիատիրոյթում սկսւել է մի մեծ իրարանցում, որ Փաշինեանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։
Ի՞նչն է զարմանալի։
Փաշինեանից ակնկալել դաշնակցային պարտաւորութեան կատարում նոյնն է, թէ Ալիեւից ակնկալել միջազգային պայմանաւորւած սկզբունքների իրականացում։
Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր (չափ, սահման) չունենք։
Երէկ Պուտինին «շնորհակալութիւն» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքէնին, Շոլցին ու Մակրոնին մերսի կասի, վաղն էլ՝ Էրդողանին սալամ, իսկ Ալիեւին՝ կարդաշ։
Բայց դուք էիք չէ, յարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «ոչ, նա դաւաճան չէ»։
Ձեր պատգամաւորներն էին չէ՞ ՔՊ-ականների մօտ բողոքում ՀՀԿ-ից ու ասում, որ Նիկոլի օրօք խորհրդարանական կապերը զարգանում են, իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։
Ձեր խորհրդարանի յանձնաժողովի նախագահն էր չէ՞ բաւարարւած Փաշինեանի հետ հանդիպումից։
Հիմնականում ձեր աջակցութեան արդիւնքում չէ՞ Փաշինեանը մնաց իշխանութեան 2020-ի կապիտուլիացիայից յետոյ։
Դիմադրութեան շարժման ժամանակ, երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատւիրակութիւնն այցելեց Հայաստան ու ԱԺ ղեկավարի շքեղ ընդունելութեանն արժանացաւ պատւոյ պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնայ նիստ Երեւանում կազմակերպելով։
Դա սիգնալ էր, որ ՌԴ-ն աջակցում է ոչ թէ ազգային-ընդդիմադիր ուժերին, այլ՝ նիկոլիստներին։
Եւ ի վերջոյ. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։
Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպաւորւում Վլադիմիր Պուտինի օպերատիւ հարցեր լուծելու ունակութեամբ»։
Հիմա ոչ թէ տպաւորւում է, այլ բացայայտ դեմարշ է իրականացնում։
Դա Նիկոլն է, որն ուրացաւ ու դաւաճանեց Արցախը։
Իսկ Արցախ դաւաճանողը ՌԴ-ն ի՞նչ է, որ չդաւաճանի։
Համոզւած եմ, որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դէմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանաւորներ՝ հաւաքական Արեւմուտք եւ Թուրքիա։
Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարաւոր նոր պատերազմի դէպքում։
Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։
Բայց մեզ նոր դաշինք է պէտք. առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշւի առնող դաշինք, որը հիմնւած պէտք է լինի նախեւառաջ քաղաքակրթական ու արժէքային բաղադրիչի վրայ»։