Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ձայների հաշւարկն աւարտւած է. Փաշինեանի կուսակցութիւնը տարաւ Պիւռոսեան յաղթանակ՝ կորցնելով ընտրողների գրեթէ 3/4-ը

Ժամը 06:00-ի դրութեամբ՝ ԿԸՅ-ն աւարտել է Երեւանի աւագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի) ընտրութիւնների ձայների էլեկտրոնային հաշւարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդիւնքներն ամփոփւել են։

Ռեկորդային ցածր՝ 28,46% մասնակցութեամբ (824250 ընտրողներից միայն 234.553-ն են մասնակցել քւէարկութեանը) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը տարաւ Պիւռոսեան յաղթանակ: Նրա օգտին քւէարկել է ընտրողների 32,57%-ը (75463 ձայն), ինչը հնարաւորութիւն չի տալիս այս քաղաքական ուժին ինքնուրոյն ընտրել Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետին։ Յիշեցնենք, որ հինգ տարի առաջ «Թաւշեայ յեղափոխութեան» էյֆորիայի ֆոնին կայացած մայրաքաղաքային ընտրութիւններում նրա առաջնորդի քաղաքական ուժը ստացել է 81,06 տոկոս (294109 ձայն), այսինքն՝ ընտրական աջակցութիւնը զգալիօրէն նւազել է։

Սեպտեմբերի 17-ի ընտրութիւններում վստահ երկրորդ տեղը զբաղեցրել է «Ազգային առաջընթաց» կուսակցութիւնը, որի ցուցակը գլխաւորել է Փաշինեանի նախկին դաշնակից Հայկ Մարութեանը, ով երբեք չի թաքցրել իր չափաւոր արեւմտամէտ հայեացքները։ «Ազգային առաջընթաց»-ի օգտին քւէարկել է ընտրողների 18,89%-ը (43765 ձայն):

Երրորդ տեղում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն է՝ 15,43%-ով (35739 ձայն)։ Չորրորդ տեղը զբաղեցրել է ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակից «Հանրապետութիւն» կուսակցութիւնը, որը, ամենայն հաւանականութեամբ, կոալիցիա կը կազմի երկրում իշխող «ՔՊ»-ի հետ։ Նրան աջակցել է 11,32%-ը (26236)։ Սպասւող անակնկալը հինգերորդ տեղում գտնւող «Հանրային ձայն» կուսակցութեան բարձր արդիւնքն էր՝ 9,68% (22431)։

Մնացած 9 քաղաքական ուժերը չանցան 5 տարի ժամկէտով ընտրւած Երեւանի աւագանի։ Նրանց միջեւ ձայները, նւազման կարգով, բաշխւել են հետեւեալ կերպ.

«Ապրելու երկիր» կուսակցութիւն – 3,64% (8425),

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն – 1,8% (4174),

«Յաղթանակ» կուսակցութիւն – 1,71% (3959),

«Արդար Հայաստան» կուսակցութիւն – 1,12% (2595),

«Հայաստանի եւրոպական կուսակցութիւն»– 1,11% (2572),

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցութիւն – 1,01% (2348),

«Ուժը հայրենեաց» կուսակցութիւն – 0,74% (1706),

«Միացեալ Հայաստան» կուսակցութիւն – 0,55% (1282),

«Յանուն սոցիալական արդարութեան» կուսակցութիւն – 0,34 (780):

 

«News.am»

 

 «ԱԼԻՔ» – Պիւռոսեան յաղթանակը փոխաբերական արտայայտութիւն է, որը նշանակում է հսկայական զոհերի գնով ձեռք բերւած յաղթանակ, որը հաւասարազօր է պարտութեան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button